«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի կազմակերպած բողոք-ակցիայի մասնակից Խաչիկ Ստամբոլցյանը «7օր»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին` եթե խորհրդարանն ընդունի «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, այդ դեպքում նախաձեռնող խումբն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, ասել է. «Գոլիցինն ինչի՞ց մեռավ: Այն ժամանակ ո՛չ պետություն ունեինք, ո՛չ բանակ, ռուսական լծի տակ էինք, Գոլիցինը վախից մեռավ` մտածելով, որ հայերը գետնի տակից իրեն խեղդելու են: Սրանք բոլորը պետք է այդ ճակատագրին արժանանան: Համոզված եմ: Սա այն հարցն է, որ վիճելու տեղ չկա: Վաղը չէ մյուս օրը սրանք գնալու են ժողովրդից ձայն խնդրեն: Ժողովուրդը թքելու է նրանց երեսին։ Ժողովուրդը կհանդուրժի նրանց դավաճանությունը, անառակությունը, գողությունը, բայց հենց լեզվին կպավ, սրանք անարգվելու են»: Իսկ Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանի համար զարմանալի է, թե ինչու է օտարալեզու դպրոցների բացումն այդպես վախեցնում հանրությանը: Պարզվում է` այդ թեմայի շուրջ բարձրացած հասարակական ալիքը նրան վիրավորական է թվում. «Հանկարծ ինձ թվաց, թե հայերը մոռացել են, որ մենք նոր չենք աշխարհ եկել: Մենք հին ենք, բայց հո պառավ չե՞նք, հիվանդ չե՞նք, թեեւ հիվանդություններ ենք ձեռք բերել վերջին 20 տարվա ընթացքում: Այդ հիվանդություններից պետք է ազատվել: Մենք պինդ, պրոչնի ազգ ենք»,- ասել է Իգիթյանը: «Ինչո՞ւ է 15 օտարալեզու դպրոցների բացումը վախի զգացողություն առաջացրել հասարակության մեջ: Արդյո՞ք մենք այդքան փխրուն ենք: Եթե այդ 15 դպրոցները բացելով պետք է պարտվենք՝ որպես էթնոս, ուրեմն թող պարտվենք»,- ասել է նա` հավելելով, թե հայերը հզոր էթնոս են, սակայն վերջին 20 տարվա ընթացքում կասկածելի հայրենասիրությամբ քանդում են այդ էթնոսի հիմքը: «Մենք չպետք է վախենանք աշխարհի առջեւ դուռը բացելուց: Եթե մենք անընդհատ փակվենք, բնության մեջ նեխման պրոցես կսկսվի»,- ասել է ավագանու անդամը: