«Հայկական կողմին կոչ եմ անում զարթնել»

10/06/2010

Միջազգային հանրությունը պետք է վերջապես գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի սուբյեկտ, եւ ոչ թե օբյեկտ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը: Նրա խոսքով, շատ սխալ է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Ղարաբաղի ապագայի շուրջ ընթացող բանակցություններին: «Ես հասկանում եմ եւ համաձայն եմ Ղարաբաղի ժողովրդի հետ, որ նրանք այլեւս չեն կարող ապրել Ադրբեջանի իշխանության ներքո, քանի որ Ադրբեջանի իշխանության օրոք Ղարաբաղում բնակվող հայերը շատ բաների միջով են անցել»,- ասել է Քոքսը` միաժամանակ ավելացնելով, որ Ղարաբաղն այս տարիների ընթացքում մեծ բացթողում է ունեցել:

Նրա համոզմամբ, աշխարհը տեղյակ չէ, թե ինչ է եղել ԼՂՀ-ում մարտական գործողությունների ընթացքում։ «Ի տարբերություն հայկական կողմի` Ադրբեջանը մեծ աղմուկ բարձրացրեց Խոջալուի շուրջ, չնայած Մարաղայում տեղի ունեցածն ավելի վատ էր: Մարաղայում կատարվածը ոճիր էր մարդկության դեմ»,- նշել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակը` հիշելով, որ 1992թ. ապրիլի 10-ին ինքը եղել է Մարաղայում եւ տեսել է գլխատված ու վառված հայերի: Բարոնուհի Քոքսն ընդգծել է, որ հայկական կողմը պետք է պատմի, թե ինչպես էր Ադրբեջանը կասետային ռումբ կիրառում Ղարաբաղի դեմ: «Կոչ եմ անում հայկական կողմին զարթնել, պատմել աշխարհին այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ձեզ հետ 90-ականների սկզբներին: Քարոզեք ձեր ճշմարտությունը. միջազգային հանրությունն այսօր հավատում է Ադրբեջանին»,- շեշտել է նա:

Քերոլայն Քոքսի կարծիքով, միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Ադրբեջանը էթնիկ զտումների անհաջող փորձ է կատարել եւ իրականացրել է հայերին Ղարաբաղից վտարելու մշակված քաղաքականություն: Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին` նա ասել է, թե ողջունում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում հայկական կողմի ցուցաբերած պատրաստակամությունը: Նրա կարծիքով, սակայն, այդ հարաբերությունների վերսկսումը Հայաստանի կողմից մեծ պարգեւ է Թուրքիային, մի երկրի, որը միշտ իրեն բնորոշ կերպարով է հանդես եկել: «Պետք է ցույց տալ Թուրքիայի իրական դեմքը»,- ասել է բարոնուհի Քոքսը: