Տարօրինակ բաներ են կատարվում մեր երկրում: Ուսումնական տարվա ավարտին բոլորը խոսում են իրենց ստացած դասերի մասին: Շրջանավարտներին հերթական թեստ-թյուրիմացությունն է բաժին ընկել, ու նրանք մաքառում են «Միասնական քննություն» կոչվածի դեմ: Մեր կառավարությունն էլ նույնքան ինքնամոռաց պայքարում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ: «Ճգնաժամը հնարավորություն է բացահայտելու մեր տնտեսական համակարգի ուժեղ եւ թույլ կողմերը եւ դասեր քաղել ապագայի համար»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում: Վարչապետն ընդունել է, որ ճգնաժամի հետեւանքով՝ «մեր մոտ անկումն ավելի մեծ էր, քան այլ երկրներում»: Վարչապետը մեկիկ-մեկիկ թվարկել է մեր տնտեսության թույլ կողմերը: Բայց մոռացել է առանձնացնել իր իսկ բառերով ասած՝ «մեր տնտեսական համակարգի ուժեղ կողմերը»: Դա, երեւի, բարդ խնդիր է: Անհնարինության աստիճանի բարդ խնդիր է ամենամեծ անկումն ապրած տնտեսության մեջ ուժեղ կողմ գտնելը: Բայց մեր իշխանություններն անուղղելի լավատես են: Երեկ Հայաստանի ազգային մրցակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանն, օրինակ, հայտարարել է, որ «Այսօր Հայաստանում մեծ հնարավորություն ունենք շատ ավելի արագ աճելու»: Մարդն ի պաշտոնե պարտավոր է նման լավատեսական հայտարարություն անել: Բայց որպեսզի հասարակության մեջ տպավորություն չստեղծվի, թե հիմնադրամի տնօրենը կտրված է տնտեսական իրականությունից, նա անմիջապես ավելացրել է, որ Հայաստանում ներդրումներ կատարողների համար բարդություններ կան: Երկու-երեք տարի առաջ ռուսաստանցի գործարարները մեր խորհրդարանում հայտարարեցին, որ Հայաստանում բիզնես սկսելը բարդ գործ է, որովհետեւ մի կողմից՝ իշխանություններն են ձգտում «փայ մտնել», մյուս կողմից՝ տեղական օլիգարխներն են հնարավորինս խանգարում արտասահմանյան ներդրողին: Հիմա այդ մասին նույնիսկ մեր վարչապետն է բաց խոսում: Նույն խորհրդարանում: Երեկ նա հայտարարել է, որ մրցակցային միջավայրում խնդիրներ կան: Վարչապետի հետ հեռակա համաձայնելով՝ Ազգային մրցակցության հիմնադրամի տնօրենն ավելի խիստ բառերով է նկարագրել իրավիճակը` «Պետք է ներդրողների համար շատ ավելի հստակ լինեն խաղի կանոնները, օրենքի հիման վրա կարողանան աշխատել, եւ բաց համակարգ լինի: Դա այսօր Հայաստանում իրականություն չէ»: Մինչեւ վերջերս Հայաստանի տնտեսության օլիգարխիկ բնույթի մասին խոսում էին միայն անկախ փորձագետները, ընդդիմադիր տնտեսագետներն ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների առանձին պաշտոնյաներ: Ճգնաժամը, երեւի, բոլորի աչքերի քողը վերցրեց: Հիմա բոլորն են նկատում, որ Հայաստանի տնտեսությունը հրապուրիչ չէ օտարերկրյա ներդրողների համար: Որ մեր տնտեսական կյանքում օրենքներ ու օրինաչափություններ չկան: Հարկային ու մաքսային մարմինների գործունեությունը թափանցիկ չէ: Տնտեսավարման հավասար պայմաններ չկան: Տարիներ շարունակ տարփողվող երկնիշ տնտեսական աճը ընդամենը շինարարության ոլորտի անհասկանալի բումի արդյունք էր: Խորհրդարանում իրավիճակը վերլուծելով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է, որ տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ: Ըստ վարչապետի՝ «Շինարարության մեջ մասնավոր ներդրումների նվազումն էական հարված հասցրեց մեր համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա»: Ներդրումների նվազումը միայն ճգնաժամով բացատրելը միակողմանի մոտեցում է: Իրականում տնտեսությունը հրապուրիչ չէ օլիգարխիկ կառուցվածքի պատճառով: Մի քանի խոշոր կլանների ձեռքում է ՀՆԱ-ի կեսից ավելին: Խոշոր գործարարների մասնաբաժինը հարկային մուտքերում ոչ միայն համամասնական չէ, այլեւ տարեցտարի նվազում է: Մանր ու միջին գործարարները պաշտպանված չեն ոչ միայն խոշորներից, այլեւ գործունեության հստակ պայմաններ չունեն: Ձեւավորված կայուն ավանդույթի համաձայն՝ ամեն տարի փոփոխվում են հարկային ու մաքսային օրենքները: Տարեվերջին հերթական տարվա բյուջեի նախագծի հետ կառավարությունն ամեն տարի հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթ է ուղարկում ԱԺ: Դրանք, որպես կանոն, խորհրդարանը մի փոքր փնթփնթալուց հետո վավերացնում է: Վավերացնում է առանց լուրջ քննարկումների: Հարատեւ «կատարելագործվող» տնտեսական օրենսդրությունը լրացուցիչ լուրջ խոչընդոտ է դարձել, որ մահակի նման իջեցնում են մանր ու միջին գործարարների գլխին:
Մի բան, այնուամենայնիվ, լավ է: Վարչապետը դասեր է քաղել: Ու խոստանում է նոր գիտելիքները կիրառել: Ըստ լրատվական գործակալությունների` վարչապետը պատրաստվում է պետական մասնակցությամբ արտահանումը խթանող ձեռնարկություններ ստեղծել: Սա էլ է նոր խոսք մեր տնտեսական կյանքում: Մինչ այս Հայաստանում պետությունն օտարեց համարյա ողջ ունեցվածքը` արտադրական ձեռնարկություններից՝ մինչեւ ենթակառուցվածքային ոլորտներ: Ապապետականացվեցին նույնիսկ շահութաբեր ձեռնարկությունները` կապի, հանքարդյունաբերության եւ այլն: Հիմա հակառակ ծրագիր է առաջ քաշվում: Ու շատ հետաքրքիր է լինելու տեսնել, թե ո՞ր օլիգարխներին են պետական մասնակցություն անվան տակ պետական փողեր տրվելու: Թե ինչպես են դրանք ծախսվելու, կարծում եմ, բոլորի համար էլ պարզ է: