Երեկ կրկին մեր թերթին էին դիմել ինչպես «Սեմուր ընդ կո» ընկերության ղեկավար Ռաֆիկ Վիրաբյանն, այնպես էլ` Եղվարդ քաղաքում գտնվող այդ հսկայական գործարանի աշխատակիցները, որոնց մեծ մասն, ի դեպ, Եղվարդի եւ հարակից թաղամասերի բնակիչներ են:
Բանն այն է, որ «Սեմուր ընդ կո» ընկերությանը պատկանող գործարանը շահագործելու համար արտադրության ղեկավարները կրկին «բախվել» են ոչ պատշաճ ջրամատակարարման հետեւանքով առաջացած մի շարք խնդիրների հետ: Հիշեցնենք, որ անցյալ տարի ճիշտ նույն ժամանակահատվածում գործարանի աշխատակիցները բազմաթիվ ահազանգեր էին հնչեցրել ինչպես «Երեւան Ջուր» ընկերություն, ՀՀ կառավարություն, այնպես էլ` զանգվածային լրատվամիջոցներին: Մեր թերթում տեղ գտած հրապարակումներին դեռ այն ժամանակ արձագանքեցին «Երեւան Ջուր» ընկերության ներկայացուցիչները` խոստանալով Եղվարդի, ինչպես նաեւ` գործարանին մատակարարվող ջրի սպասարկման գրաֆիկը հստակեցնել: Անցյալ տարվա ահազանգերն արդյունք ունեցան եւ «Երեւան Ջուր» ընկերությունն ինչ-որ կերպ փորձեց կարգավորել ջրամատակարարման խնդիրը: Մինչդեռ, երեկվա դրությամբ, գործարանի աշխատակիցները, դիմելով մեր թերթին, կրկին իրենց դժգոհությունն էին հայտնում «Երեւան Ջուր» ընկերությունից: Բանն այն է, որ հունիսի 7-ին եւ 8-ին գործարանին առհասարակ ջուր չի մատակարարվել, ինչի հետեւանքով խաթարվել է գործարանի բնականոն արտադրությունը: Մինչ այդ էլ, ըստ աշխատակիցների` գործարանում ջրամատակարարումն իրականացվել է մի քանի ժամով, այսինքն` բոլոր դեպքերում, համաձայն գրաֆիկի` ջուրը մատակարարվում է օրվա մեջ 3-4 ժամ: «Սեմուր ընդ կո» ընկերության տնօրեն Ռ. Վիրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն արդեն այս ամենի մեջ դիտավորություն է տեսնում: «Հասկանո՞ւմ եք, սա հսկայական արտադրություն է, որտեղ մոտ 130 մարդ է աշխատում: Եղվարդի ամենաշատ աշխատատեղ ապահովող գործարանն է, բայց արի ու տես, որ անընդհատ խոչընդոտում են արտադրության աշխատանքը: Մարդու հասցնում են ինֆարկտի, էլ նյարդեր չմնաց: Ինչքա՞ն կարելի է նույն խնդրի մասին անընդհատ բողոքել ու պահանջել նորմալ ջրամատակարարում: Առանց այդ էլ բարդ ու դժվարին պայմաններ են գործարան շահագործելու համար, բայց կողքից էլ հավելյալ այնքան խնդիրներ են առաջացնում, որ մարդ չի կողմնորոշվում, թե ո՞նց անի, որ արտադրությունն ու աշխատակիցները չտուժեն»,- ասում է Ռ. Վիրաբյանն` ավելացնելով, որ այս ընթացքում չի դադարել զանգահարել եւ գրավոր դիմում-բողոքներ ներկայացնել «Երեւան Ջուր» ընկերություն: Նրա խոսքով` ընկերության ֆրանսիացի ղեկավարների հետ կապվել ընդհանրապես հնարավոր չէ, իսկ պատասխանատուները, որպես կանոն, չեն արձագանքում իրենց բողոք-դիմումներին: Մայիսի 19-ին Ռ. Վիրաբյանը գրավոր դիմում է ներկայացրել «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռայենին, որտեղ ասված է. «Սեմուր ընդ կո» ընկերությունը գտնվում է Երեւան-Եղվարդ մայրուղու հարեւանությամբ, որ սպասարկվում է Ձեր կողմից: Ընկերությունում աշխատում են 100-ից ավելի աշխատակիցներ, որտեղ խմելու ջուրը չի բավականացնում, առաջացնում է դժգոհություն ճաշարանում: Մշտապես ստեղծվում է հակասանիտարական վիճակ: Խմելու ջրի նման մատակարարումը բացասաբար է անդրադառնում գործարանի աշխատանքների վրա»: Այնուհետեւ ներկայացված է այն գրաֆիկը, ըստ որի` գործարանում օրվա մեջ մատակարարվում է ընդամենը 3-4 ժամ ջուր: Ի պատասխան Ռ. Վիրաբյանի դիմումի` «Երեւան Ջուր» ընկերության Շահագործման տնօրեն Գագիկ Մխիթարյանը նշել է. «Սեմուր ընդ կո» ՍՊԸ-ն ապահովված է 4-ժամյա ջրամատակարարման գրաֆիկով` համաձայն հաստատված գրաֆիկի: Նշենք նաեւ, որ «Արեւմուտք» շահագործման տնօրինության «Գյուղեր» տեղամասի ինժեներների կողմից բանավոր առաջարկվել է Ձեր իսկ միջոցներով տեղափոխել միացման կետը մոտ 200 մետրով դեպի Եղվարդ քաղաք` ջրամատակարարման շարունակականությունը բարձրացնելու նպատակով»: Վերոնշյալ գրության` «Սեմուր ընդ կո» ընկերությանը բանավոր կերպով առաջարկվածը` սեփական միջոցներով միացման կետը տեղափոխել մոտ 200 մետրով դեպի Եղվարդ քաղաք, ըստ պրն Վիրաբյանի` այնքան էլ արժանահավատ չէ, քանի որ «Երեւան Ջուր» ընկերությունը ոչ մի երաշխիք չի տալիս, որ հսկայական ֆինանսական միջոցներ ներդնելուց հետո գոնե գործարանի ջրամատակարարման որակը կբարձրանա: Ռ. Վիրաբյանի խոսքով` «Երեւան Ջուր» ընկերությունը, որը սպասարկում է ամբողջ ազգաբնակչությանը, նույնիսկ մասնագետների խումբ ուղարկելը եւ տեղում համաձայնություն ձեռք բերելն է ավելորդ համարում: Նմանատիպ «տնավարի» սպասարկումը նույնիսկ չի մտահոգում ՀՀ կառավարությանը, այն դեպքում, երբ սպառողն իրավունք ունի պահանջել պատշաճ ջրամատակարարում: Երեկ մենք եղանք գործարանում: Ընկերության պատվերների սրահի վարիչ Արմեն Օրբելյանը մեզ տեղեկացրեց, որ գործարանի ճաշարանը ջրամատակարարման պատճառով կանգնել է փակման վտանգի առջեւ: «Աշխատակիցներից բոլորն էստեղ են սնվում: Երկու օր ընդհանրապես ջուր չենք ունեցել, երեկվա դրությամբ մի քանի ժամ են տվել: Ընդհանրապես սա անընդունելի երեւույթ է, որովհետեւ ամառվա էս շոգ պայմաններում չի կարելի աշխատող մարդուն զրկել ջրից: Բացի դա, ընկերության ղեկավարները հավելյալ ծախսեր են կատարում` ցիստեռններով ջուր գնելու համար, բայց ինչո՞ւ, էլ ո՞ւր մնաց սպառողների իրավունքները: Օրվա մեջ 4 ժամ ջուր սպասարկելու դեպքում էլ` ռեզերվուարները չեն լցվում: Մենք մշտապես ջրի խնդիր ունենք: Եթե մի օր ջուր չունեցանք, կամ ջուրը պակասեց` հաջորդ օրը մենք չենք կարողանում աշխատել, խափանվում է գործարանի աշխատանքը: Ջուրը լրիվ կաթվածահար է անում էս հսկայական արտադրությունը: Շատ մեծ ծախսեր ենք արել, բակեր ենք գնել, դրել, նասոսներ ենք տեղադրել, բայց պիտի ջուրը գա՞, որ հավաքենք: «Երեւան Ջուրն» առաջարկել է մեր ծախսերով 200 մետր խողովակաշար կառուցել, որից հետո միայն կբարելավեն, բայց արդյո՞ք իրենք կվերանայեն ջրամատակարարումը: Դժվար է հավատալ, մանավանդ, որ այդ առաջարկը բանավոր է եղել»,- ասում է Ա. Օրբելյանը: Ի դեպ, շրջելով գործարանի ամբողջ տարածքով՝ մենք ականատես եղանք, որ ջրամատակարարման բացակայության պատճառով տարածքում զուգարանները փակվել են։ «Գնում ենք էն չոլում ենք կարիքները հոգում: Եթե բացենք` ջուր չկա, հակահիգիենիկ իրավիճակ ա ստեղծվում: Կին, տղամարդ, բոլորս էլ գնում ենք չոլի մեջ ենք անում: Պատկերացնո՞ւմ եք, թե բանվոր մարդն ինչ պայմաններում ա աշխատում»,- դժգոհում էին ընկերության աշխատակիցները: Գործարանի պահակային ծառայության պետ, Եղվարդի բնակիչ Եգոր Թադեւոսյանը վստահեցնում է, որ ՀՀ կառավարության համար Եղվարդ քաղաքը հարակից թաղամասերով հանդերձ՝ գոյություն չունի, քանի որ տարիներ շարունակ ջրամատակարարման բազմաթիվ բողոքները մնում են անպատասխան. «Եթե մարդ չկարողանա օգտվել զուգարանից… պատկերացնո՞ւմ եք` ինչ ստորացուցիչ պայմաններում ենք աշխատում ու ապրում: Իբր գրաֆիկով օրվա մեջ 12:00-ից մինչեւ 15:00-ն պիտի ջուր ունենանք, բայց էդ մի քանի ժամվա մեջ էլ շեղումներն էնքան շատ են, որ ջուր չունենալու հաշիվ ա: Երկու օր ջուր չենք ունեցել, էլ ո՞նց նկարագրենք մեր վիճակը: Զուգարանները փակել ենք, ճաշարանն էլ կփակենք, հետո էլ` երեւի գործարանը: Ամեն անգամ զանգահարում ենք, անպատվում ենք, բայց ի՞նչ: Էս ի՞նչ երկիր ա, ա՛յ մարդ, ֆրանսիացին եկել, մեզ ստորացնում, նվաստացնում ա, բայց մերոնք մեզ տեր չեն կանգնում»: Ի դեպ, Ե. Թադեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Եղվարդի Չարենցի փողոցում ձմեռվանից սկսած ջրագիծ է պայթել, ինչի պատճառով ջուրն անխնա հոսում է. «Մեռանք ահազանգելով, որ՝ եկեք տիրություն արեք, ջուրն անիմաստ տեղը հոսում ա: Մի դեպքում ստեղ ջրի պատճառով զուգարաններն ենք փակում, բայց մյուս դեպքում էլ` էնտեղից ջուրն անիմաստ տեղը ամիսներ շարունակ հոսում ա: Իրանք ամեն օր էդ փողոցով գալիս-գնում են, տեսնում են, բայց ոչ մի բան չեն անում»: Գործարանի հիմնադիրներից Վլադիմիր Հունանյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ողջ աշխատուժը ջրի պատճառով սթրեսի մեջ է, քանի որ դրա բացակայության պայմաններում զրկվել են կենսական պայմաններից: «Բանվորություն անող մարդը կարա՞ ամեն րոպե վազի չոլում կարիք հոգալու: Ո՞վ ա տեսել՝ 21-րդ դարում մարդ ջրի պատճառով չկարողանա զուգարանից օգտվել»:
Այս խնդրի վերաբերյալ երեկ մենք պարզաբանում խնդրեցինք «Երեւան Ջուր» ընկերության հաղորդակցման գծով գլխավոր քարտուղար Մանե Մամյանից: Վերջինս Եղվարդի տարածքային մասնաճյուղից ճշտեց, որ` «Անջատումներ կամ խափանումներ չեն եղել: Բայց վաղն անմիջապես մասնագետների խումբ կուղարկենք տեղում ուսումնասիրություն կատարելու համար»: Մ. Մամյանը նաեւ նշեց, որ դեռ անցյալ տարվանից` մեր հրապարակումներին արձագանքելով, «Երեւան Ջուր» ընկերությունը «Սեմուր ընդ կո» ընկերությանն առաջարկել է դեպի Եղվարդ մոտ 200 մետրով տեղափոխել միացման կետը` ջրամատակարարման շարունակականությունը բարձրացնելու նպատակով: «Ի՞նչ երաշխիքի մասին է խոսել ընկերության տնօրենը, եթե նա չի արձագանքել մեր առաջարկությանը: Փաստորեն, մեկ տարի առաջ շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու մեխանիզմ ենք առաջարկել, բայց նա երբեւէ մեզ չի դիմել: Համաձայն ՀՀ կառավարության 135 որոշման` Ռ. Վիրաբյանը պետք է գրավոր դիմում ներկայացներ տեխնիկական պայմաններ ստանալու համար, մինչդեռ իրենց կողմից դիմում չենք ստացել: Գրավոր դիմումից հետո միայն մենք համապատասխան մասնագետների խումբ ենք ուղարկում տեղում ուսումնասիրություններ կատարելու եւ շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու փաստաթղթային հարցերով զբաղվելու համար»,- ասաց Մ. Մամյանը: