Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները մեռած են, իսկ այդ փաստաթղթերի հետեւանքով Անկարայի եւ Բաքվի միջեւ հարաբերություններում նկատվող լարվածությունը` հաղթահարված: Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով փորձագետ, «Թուրք-ադրբեջանական հարաբերություններն ու հայկական գործոնը» գրքի հեղինակ Ջեմ Օղուզը:
Հարցազրույցի ընթացքում թուրք փորձագետը խոսել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների, Անկարայի եւ Բաքվի միջեւ ստորագրված գազային համաձայնագրի, ինչպես նաեւ՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ջեմ Օղուզը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Ստամբուլ կատարած այցով եւ հունիսի 7-ին թուրքական կողմի հետ գազային համաձայնագրի ստորագրմամբ վերջ դրվեց թուրք-ադրբեջանական հարաբերություններում նկատվող լարվածությանը:
Հարցին, թե` պահպանվո՞ւմ է արդյոք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրմանը հաջորդած թուրք-ադրբեջանական լարվածությունը, Ջեմ Օղուզը պատասխանել է. «Ոչ, մեծ հաշվով այդ լարվածությունը հաղթահարված է: Այսինքն` սկզբում լուրջ հակազդեցություն էր նկատվում Ադրբեջանում: Այնտեղ կարծում էին, որ իրենց մենակ են թողել, պնդում էին, թե իրենց որեւէ տեղեկություն չի հաղորդվում: Սակայն հետո թուրքական իշխանությունները հանդես եկան իրարահաջորդ հայտարարություններով: Վարչապետ Թայիբ Էրդողանը վստահեցրեց, որ քանի դեռ առաջընթաց չի գրանցվել ղարաբաղյան հիմնախնդրում, սահմանները չեն բացվելու, եւ երկու կողմում էլ վերականգնվեց վստահությունը»: Իսկ հարցին, թե արդյո՞ք կարելի է ասել, որ արձանագրություններն այսօր «պահարանում» են, թուրք փորձագետը պատասխանել է. «Իմ կարծիքով` դա արդեն մեռած նախագիծ է: Իսկ այստեղ շրջադարձային կետը Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումն էր: Ինչո՞ւ Թուրքիան ընդունեց արձանագրությունները: Դրանով, նախեւառաջ, Թուրքիան հետապնդում էր արեւմտյան պետությունների խորհրդարաններում Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւերի ընդունումը կասեցնելու նպատակ: Եվ երկրորդ` պատմական հանձնաժողովի ստեղծումը: Հարցի առնչությամբ մեր թեզը հետեւյալն է` քննարկել Հայոց ցեղասպանության հարցը, բայց քննարկել արխիվային փաստաթղթերով: Իսկ սրան հակառակ` հայկական կողմը պատասխանում է. «Ես այդ փաստն ընդունել եմ: Ինչո՞ւ քննարկեմ»: Սակայն ես` որպես մի մարդ, ով ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության հարցը, կարող եմ ասել, որ ցեղասպանություն չի եղել: Եթե ուսումնասիրեք արխիվային փաստաթղթերը, կտեսնեք, որ նման բան գոյություն չունի»:
Թուրք փորձագետը՝ վերահաստատելով, որ Անկարայի համար արձանագրությունների ստորագրման հարցում ամենակենսական նշանակություն ունեցող կետը պատմական հանձնաժողովի ստեղծումն էր, Երեւանին մեղադրել է գործընթացը ձախողելու մեջ, «քանի որ ՍԴ-ն չընդունեց հանձնաժողովի ձեւավորման դրույթը: Իսկ դրանից հետո ինչպե՞ս պետք է առաջընթաց ապահովվի»:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Ջեմ Օղուզը կարծիք է հայտնել, թե այդ հարցում մի շարք երկրներ երաշխիքներ են տվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին: «Ենթադրում եմ, որ մի շարք օտարերկրյա պետություններ երաշխիքներ են տվել Թայիբ Էրդողանին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Հավանաբար նրանք ասել են, թե՝ «Դուք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորեք, մենք էլ ճնշումներ կգործադրենք Հայաստանի վրա»: Թայիբ Էրդողանն էլ ճանապարհ ընկավ: Սակայն ղարաբաղյան հիմնախնդրում ոչ մի տեղաշարժ էլ չի նկատվում: Հայաստանը բացահայտ հայտարարում է, որ «Ղարաբաղը հայկական հող է»: Սակայն դեռ օկուպացված են ադրբեջանական 7 շրջանները: Այնտեղից էլ դուրս չեն գալիս: Հայաստանը ոչ մի հաշտեցման էլ չի գնում»,- ասել է Ջեմ Օղուզը: