Կապան. ընտրություն հնի ու հնի միջեւ

02/10/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Ալկոհոլիզմ, նարկոմանիա, մարմնավաճառություն

«Պատերազմն ու տնտեսական ճգնաժամը բարոյահոգեբանական լուրջ խնդիրներ
առաջացրին Կապանում,- ասում է Կապանի Բժշկական ուսումնարանի տնօրեն Ռոմիկ
Սարգսյանը,- մասսայական անտարբերություն կա մարդկանց մոտ, սոցիալական
ծայրահեղ վատ վիճակ, ինչը տեղիք է տվել այնպիսի երեւույթների զարգացմանը,
ինչպիսիք են ալկոհոլիզմը, նարկոմանիան, մարմնավաճառությունը»: Արդեն մեկ
տարի է, Կապանի Բժշկական ուսումնարանը մասնակցում է գրանտային մի ծրագրի,
որը միտված է ՄԻԱՎ/ՁԻԱՎ կանխարգելմանը: «Եթե բարձրաձայն չի խոսվում այն
մասին, որ մեր իրականության մեջ կան մարմնավաճառներ կամ ներարկային
թմրամոլներ, ապա դա չի նշանակում, թե դրանք իրոք չկան. մեր նպատակն է`
հայտնաբերել նրանց եւ նպաստել, որպեսզի ռիսկային այդ խմբերի շահառուները
հնարավորինս զերծ մնան վարակվելու հավանականությունից»: Այսպես ասած՝
«շահառուների» հետ անհատական աշխատանքներ են տարվում: «Այս մեկ տարվա մեջ
մենք կարողացել ենք քիչ թե շատ վստահություն ձեռք բերել, որպեսզի մարդիկ
դիմեն մեզ, ստանան անհրաժեշտ խորհրդատվություն եւ օգնություն,- ասում է
պրն Սարգսյանը,- մենք նրանց նաեւ նյութական աջակցություն ենք ցույց տալիս,
որովհետեւ, ենթադրենք մարմնավաճառության պարագայում, ակնհայտ է, որ
հիմնականում սոցիալական պայմաններն են մարդուն մղում այդ քայլին»:

Անտարբերության քաղցկեղ

Սպիդի կանխարգելմամբ, բնականաբար, Կապանում ամեն ինչ իր տեղը չի ընկնում,
եւ Կապանը չի վերստանում երբեմնի կենսախինդ քաղաքի տեսքը: Կապանցիները
շարունակում են երանությամբ հիշել, որ Կապանը հանրապետության «չորրորդ
քաղաքն էր` իր բոլոր ատրիբուտներով»: Մարդկանց հիշողության խորքերում
մնացել են այսպիսի փաստեր միայն` «Կապանի շրջանավարտների 70 տոկոսը
բարձրագույն կրթություն էր ստանում», կամ՝ «Ինչ լավ մշակութային կյանք
ունեինք», կամ՝ «Հայաստանի հարավում մի երգեհոն կար, էն էլ Կապանի
երաժշտական ուսումնարանում էր»: Գործազրկության պայմաններում քաղաքը լքած
ինտելեկտուալ խավի տեղը գրավել է անտարբերության թմբիրի մեջ հայտնված
գործազուրկների մի մեծ բանակ, որին այլեւս ոչինչ չի գայթակղում: Հիմա
փաստում են միայն՝ «Կապանի երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը
ուսանող չունի», կամ՝ «Ձրի համերգ ենք բերում, տոմսերը ձրի բաժանում ենք՝
ժողովուրդն էլի չի գնում նայելու», եւ նման բազմաթիվ «մանր-մունր»
փաստեր…

Հազար Փրկիչ ու մի Նեռ

Եվ այդուհանդերձ, կապանցիները պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին, ավելի
ճիշտ՝ Կապանում ոմանք պատրաստվում են ընտրությունների, որովհետեւ այն
մասին, որ ընտրություններ են լինելու, սովորական կապանցի գործազուրկն
իմանում է միայն այն ժամանակ, երբ ստանում է ընտրակաշառքի իր մասնաբաժինը:
«Ամաչելով ես հարցնում, ո՞վ չգիտի, որ կաշառք են տալիս, հո թաքուն բան
չի՞, անձնագրերով գնում՝ շտաբից ստանում ենք»,- ասում էր մի կապանցի՝
վկայակոչելով քաղաքապետի վերջին ընտրությունները, որի ժամանակ
ընտրակաշառքի մեկնարկային գինը եղել է 1000 դրամ: «Մինչեւ 5000 դրամ էլ
տալիս էին»,- ասում են: Կմասնակցե՞ն հերթական ընտրություններին: «Մի բան
կանենք, էլի»,- ասում են հորանջելով:

Հոկտեմբերի 9-ին Կապանում քաղաքապետի պաշտոնը կվիճարկեն Կապանի ներկայիս
քաղաքապետ Արմեն Կարապետյանն ու նրան նախորդած Գագիկ Աթաջանյանը: Թեեւ
քաղաքապետի հավանական այլ թեկնածուների անուններ էլ էին շրջանառվում,
սակայն վերջնական պայքարը տեղի կունենա այս երկուսի միջեւ:

«Ժամանակները փոխվել են, եւ այսօր իշխող այս ծերակույտը չի կարող ընկալել
նոր ժամանակների պահանջները: Նրանք որոշակի դերակատարություն են ունեցել
կոմունիստական ժամանակաշրջանում, ցավոք, նրանց հոգեբանությունը նույնն է
մնացել, իսկ նրանք ուզում են անընդհատ բոլոր ժամանակներում
դերակատարություն ունենալ՝ հաշվի չառնելով, որ ասպարեզում կան նաեւ
երիտասարդներ, որոնք արժեքավոր ինֆորմացիայի կրող են, ունակ բոլորովին նոր
գործընթացների, մարդկային այդ ռեսուրսը չի գնահատվում, ծերակույտը
համառորեն չի ուզում հրաժարվել մի բանից, որն արդեն իր ուժերից վեր է»,-
դեռեւս երկու շաբաթ առաջ նախընտրական այսպիսի տրամադրություն ուներ
Բժշկական ուսումնարանի տնօրեն Ռ. Սարգսյանը, ում թեկնածությունը եւս
քննարկվում էր քաղաքապետի պաշտոնի համար: Արդեն պարզ է, որ ՀՀԿ-ին հարող
Ռ. Սարգսյանի թեկնածությունը կուսակցությունը նպատակահարմար չի համարել՝
կառչելով հնից. ներկայիս քաղաքապետ Արմեն Կարապետյանը, պարզվում է,
հանրապետականների համար անփոխարինելի է: Նա լրատվամիջոցներին հավաստիացրել
է, որ իր թեկնածությունը հիմնավորվել է սոցիոլոգիական հարցումների
արդյունքում: Պարզվում է, Սյունիքի մարզպետարանն այնքան ժողովրդավար է, որ
սոցիոլոգիական հարցում է անցկացրել ընտրողների շրջանում եւ պարզել, որ
կապանցիներն այնքան ավանդապահ են, որ ուզում են ընտրություն լինի միայն
հնի եւ հնի միջեւ: Պարզվում է նաեւ՝ Կապանում նոր ժամանակների հրամայականը
գիտակցող սերունդն էլ է գնահատում ավանդույթները. այդպիսով քաղաքապետի
թեկնածուներ առաջադրված հանրապետական Ռոմիկ Սարգսյանն ու «ԱրմենՏելի»
մարզային տնօրեն Սամվել Հայրյանը խոհեմաբար ինքնաբացարկ են հայտնել՝
մրցասպարեզը թողնելով հներին: «Սյունյաց երկիր» թերթն էլ, այնուամենայնիվ,
զգոնության է կոչում ընտրողներին՝ Կապանում այս տարի ընտրությունները տեղի
են ունենալու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ գլխավոր դատախազ Աղվան
Հովսեփյանի միջեւ: Վերջինիս հովանավորյալ Գագիկ Աթաջանյանին կապանցիները
նույն «սիրով» են սիրում, ինչ վարչապետի թեկնածուին:

Փաստորեն, Սպիդի վիրուսը միակը չէ, որ Կապանում հույժ կանխարգելման կարիք ունի: