Էլի կպել է

10/06/2010

«Հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը ոչինչ չի խանգարում, եւ մենք պետք է ավելի խորացնենք այն, քանի որ Հայաստանի տնտեսական հետագա զարգացումը կախված է հենց ռուսական շուկայից»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Փաստորեն, կարելի է փաստել, որ սա արդեն երկրորդ անգամն է, որ կոալիցիայի անդամ կուսակցության ղեկավարի կարծիքը խիստ տարբերվում է պաշտոնական հայտարարություններից։ Նախորդ անգամ Գ. Ծառուկյանը ուղղակիորեն քննադատեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին՝ նշելով, որ նա իր տեղում չէ։ Իսկ այս դեպքում, փաստորեն, գործ ունենք անուղղակի, սակայն ոչ պակաս սուր քննադատության հետ։ ԲՀԿ առաջնորդի ասածը, ըստ էության, նշանակում է, որ կառավարության հակաճգնաժամային կոչվող ծրագրերն ու գեղեցիկ վերնագրերով ռազմավարությունները ոչ մի էական դեր չունեն. միեւնույն է, ամեն ինչ կախված է արտաքին զարգացումներից։ «Մենք ակտիվորեն աշխատում ենք ռուսական կողմի հետ եւ՛ ներմուծման, եւ՛ արտահանման ուղղություններով։ Սակայն առավել ակտիվ իրականացվում է հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան։ Հայկական ապրանքների 99 տոկոսը իրացվում է ռուսական շուկաներում»,- ասել է Ծառուկյանը։