Անիմաստ ամոթանք

10/06/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ բողոքելու նպատակով երեկ կառավարության շենքի մոտ էին հավաքվել հանրությանը հայտնի տասնյակ մտավորականներ, քաղաքական գործիչներ ու պարզապես շարքային քաղաքացիներ: Քանի որ ԱԺ նիստերն ու քննարկումները ժամանակավորապես տեղի են ունենում կառավարության նիստերի դահլիճում, ապա ցուցարարները հավաքվել էին հենց այդտեղ, որպեսզի իրենց դժգոհությունն արտահայտեին այն պատգամավորներին, որոնք հունիսի 4-ին դրական եզրակացություն են տվել «Լեզվի մասին» օրենքի փոփոխություններին: Ինչպես հայտնի է, օրինագծին դրական եզրակացություն են տվել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական 4 անդամները, իսկ դեմ են եղել ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» ներկայացնող պատգամավորները: Շենքին մոտեցող ՀՀԿ-ական պատգամավորներին ցուցարարները դիմավորում էին «ամոթ», «դավաճաններ», «կրթությունը հայերեն» գոռոցներով ու պաստառներով, իսկ մյուսներին հորդորում էին չդավաճանել իրենց սկզբունքներին եւ մինչեւ վերջ պայքարել «ազգադավ օրինագծի դեմ»: Ցույցի մասնակիցները «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամներն էին: Նշենք, որ այս նախաձեռնությանը միացել են արդեն ավելի քան 2300 քաղաքացիներ: Նրանց կարծիքով, օտարալեզու դպրոցների բացումը վիրավորում է հայ մարդու արժանապատվությունն ու վտանգում է Հայաստանի ապագան: Նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասում է, որ իրենց նպատակը ոչ թե օրինագծի հեղինակների հետ փոխհամաձայնության գալն է, այլ` օրինագծի տապալումն ընդհանրապես. «Այս նախաձեռնության շրջանակներում հավաքվել են նույնիսկ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ խաթարվում է մեր ազգային դիմագիծն ու վտանգվում է մեր երկրի սոցիալական արդարությունը: Այ, օրինակ, այսպես կոչված, 15 դպրոցի գաղափարը, ինչո՞ւ պետք է լինեն հատուկ 15 դպրոցներ, եւ ովքե՞ր պետք է սովորեն այդ դպրոցներում: Արդյո՞ք դա չի նշանակում, որ էլիտան փորձում է իրեն վերարտադրել, այն էլ՝ ոչ ազգային հիմքի վրա: Արդյունքում մենք կունենանք օտարալեզու, ոչ ազգային մտածելակերպով էլիտա: Այստեղ ես քաղաքացիական հասարակության պառակտման խնդիր եմ տեսնում: Ես չեմ կասկածում, որ 15-ը դառնալու է 155: Էլ ի՞նչ քաղաքացիական հասարակություն կառուցելու մասին է խոսքը, երբ մեր երեխաների մի մասը համարելու է, որ իր մայրենի լեզուն ռուսերենն է»: Ցուցարարներին զայրացրել էր վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե օտարալեզու դպրոցներ բացելու առաջարկով իրեն դիմել են հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը եւ ինչ-որ անհայտ թաիլանդացիներ: «Սա խայտառակություն է, դրսից եկած մեծահարուստի պահանջով մենք մի ամբողջ երկրի օրենքներ ենք փոխում»,- ասում է Ա. Հովհաննիսյանը: Դիմելով հանրապետական պատգամավորներին, ցուցարարները նրանց հորդորում էին` «ձեր վեշերը հավաքեք ու էս երկրից գնացեք: Դուք ստեղ անելիք չունեք»: Բոլոր ՀՀԿ-ականները մեքենաներից իջնում էին ու արագ քայլելով մտնում կառավարության շենք, իսկ ահա ՀՅԴ-ականները, որոնք այս օրինագծի մասով «պարզերես» են, մոտենում էին ցուցարարներին ու զրուցում նրանց հետ: Իսկ Արմեն Ռուստամյանը հպարտորեն հայտարարեց. «Մեզանից շատ բան կախված չէ, բայց մենք կռիվ ենք տալու մինչեւ վերջ»: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները իրենց առաջարկությունների փաթեթը փոխանցեցին ՀՅԴ-ական պատգամավորներ Վահան Հովհաննիսյանին եւ Արմեն Ռուստամյանին: