ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողով է վերադարձրել «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը: ԱԺ-ն այդ նախագիծն ընդունել էր անցած քառօրյայի ժամանակ: Ընդ որում, երկու ընթերցումն էլ կազմակերպվել էին նույն քառօրյայի ընթացքում: Դրանից հետո Սահմանադրությամբ նախատեսված 21 օրվա ընթացքում Ս.Սարգսյանը պետք է այն վավերացներ, սակայն նա վավերացնելու փոխարեն՝ նախագիծը հետ է ուղարկել ԱԺ` նոր փոփոխության ենթարկելու առաջարկությամբ: Տեղեկացնենք, որ կառավարությունն առաջարկել էր նախընտրական շրջանում նախագահի, պատգամավորի, ավագանիների եւ ընտրական այլ մարմինների թեկնածուներին ու ընտրական հանձնաժողովների անդամներին զրկել անձեռնմխելիության իրավունքից: Այսինքն, նախընտրական շրջանում եթե Դատախազությունը կամ Ոստիկանությունը ցանկանա կալանավորել նախագահի կամ պատգամավորի թեկնածուին, այլեւս դրա համար պարտավորված չի լինի դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Գործող օրենքով կալանավորելու դեպքում իրավապահ տվյալ մարմինները պետք է ունենան ԿԸՀ-ի 2/3-ի համաձայնությունը: Իսկ համայնքի ղեկավարի կամ ավագանու թեկնածուներին կալանավորելու դեպքում էլ պարտադիր չի լինի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համաձայնությունը: Նույնը վերաբերում է նաեւ ընտրական հանձնաժողովի անդամներին: Ողջ ընտրական շրջանում նրանց կարող են կալանավորել միայն ընտրական հանձնաժողովների համաձայնության դեպքում: Կառավարության առաջարկով այս պաշտոնյաներին կալանավորելու դեպքում հանձնաժողովների համաձայնությունն անհրաժեշտ չէ:
Նախագիծը ներկայացնող` արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն անցած քառօրյային պատճառաբանեց, թե թեկնածուների անձեռնմխելիության իրավունքը վերացնելը GRECO-ի նկատմամբ ունեցած պարտականությունների շրջանակում է: Եվ անցած քառօրյայի ժամանակ կոալիցիոն պատգամավորները գովաբանության ենթարկելով` ընդունեցին այն: Հիմա Ս.Սարգսյանն այդ փաստաթուղթը ետ է ուղարկել իր առարկությամբ եւ ԱԺ-ին առաջարկում է վերականգնել նախագահի թեկնածուի անձեռնմխելիության իրավունքը: Այսինքն՝ Ս.Սարգսյանը համաձայնել է, որ պատգամավորներն ու ընտրվող այլ մարմինները նախընտրական շրջանում զրկված լինեն անձեռնմխելիության իրավունքից, բայց նախագահի թեկնածուն պետք է ունենա անձեռնմխելիություն: Այսինքն՝ նախընտրական շրջանում եթե իրավապահները` Դատախազությունը կամ Ոստիկանությունը ինչ-ինչ պատճառներով ցանկանան կալանավորել նախագահի թեկնածուին, ապա անպայման պետք է ստանան ԿԸՀ-ի համաձայնությունը: Նշենք, որ կոալիցիոն այն պատգամավորները, ովքեր անցած քառօրյայի ժամանակ գովաբանում էին այդ օրինագիծը, երեկ նույն պաթոսով խոսում էին նաեւ այս փոփոխության մասին, որը հակասում էր ընդամենը 2 շաբաթ առաջ իրենց ընդունած օրինագծին: ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանն, օրինակ, ասաց, թե «նախագահը ճիշտ» է: Իսկ մյուս մարմինների թեկնածուների անձեռնմխելիության առնչությամբ էլ ավելացրեց. «Այս օրենքը թող ընդունվի, հետո մենք կանդրադառնանք պատգամավորների թեկնածուներին»:
Անցած անգամ նախագծին դեմ էին քվեարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: Նրանք դեմ էին հանդես գալիս հենց վերը թվարկած մարմինների անձեռնմխելիության իրավունքը վերացնելու կետին: Այս անգամ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց, թե ողջունում է օրինագիծը մասամբ նախկին տեսքին վերադարձնելու առաջարկը, բայց ավելի ճիշտ է համարում, որ փոփոխություններն ամբողջությամբ չեղյալ համարվեն: Նրա խոսքերով՝ Հայաստանի նման երկրում, որտեղ կան քաղբանտարկյալներ, անհրաժեշտ է, որ ընտրովի մարմինների թեկնածուները լինեն անձեռնմխելի: «Թեկնածուները պետք է ապահովագրված լինեն իրենց կարծիքներն ու տեսակետները հայտնելու, իրենց նախընտրական քարոզչությունն իրականացնելու առումով: Իսկ այս դեպքում բավական է, եթե որեւէ իրավապահ մարմին` Ոստիկանություն թե Դատախազություն, ինչ-որ շինծու քրեական գործ հարուցի որեւէ թեկնածուի նկատմամբ, ամբողջ նախընտրական քարոզչության ընթացքում նա կզրկվի լիովին իր քարոզչությունն իրականացնելու հնարավորությունից: Վերջում էլ ասեն` կներեք, մեղադրանքը չհաստատվեց: Իսկ ո՞վ է պատասխան տալու ժողովրդավարության առանցքային այդ սկզբունքի խախտման համար: Ո՞վ կամ ինչպե՞ս է վերադարձնելու թեկնածուին իր կորսված քարոզարշավը»,- հարցնում է Ս.Սաֆարյանը:
Մյուս կողմից` ինչո՞ւ նախագահի թեկնածուն պետք է ունենա անձեռնմխելիության իրավունք, իսկ, ասենք, պատգամավորի թեկնածուն` ոչ: Ինչպե՞ս է նախագահը հիմնավորում իր առարկությունը: Ս.Սարգսյանի այս առաջարկությունը խորհրդարանում ներկայացնում էր ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Մի քանի անգամ հնչած նմանատիպ հարցերին պարոն Իսագուլյանը շրջանցող պատասխաններ տվեց: «Այդ նորմը կար, պարզապես նախագահն առաջարկում է այն վերականգնել»,- ասաց Գ.Իսագուլյանը: Իսկ արդյո՞ք խտրականություն չէ Ս.Սարգսյանի կողմից, որ նա առաջարկում է վերականգնել միայն նախագահի թեկնածուի անձեռնմխելիությունը, իսկ պատգամավորներին ու մյուս ընտրովի մարմիններին զրկել այդ իրավունքից: «Ոչ, բացարձակապես: Պատգամավորներն իրենք են ընդունել այդ օրինագիծը: Եթե նրանք վաղը-մյուս օրը անհրաժեշտություն համարեն, որ իրենց համար նորից պիտի այդ նորմը վերադարձնեն, ազատ են դա անելու համար»,- պատասխանեց Գ.Իսագուլյանը:
Ընդ որում, սա եզակի դեպք է, երբ նախագահը առարկություն է ունենում խորհրդարանի ընդունած օրինագծերի առնչությամբ: Համենայնդեպս, Իսագուլյանն՝ ինքը, չկարողացավ նման դեպք հիշել: Սովորաբար առանցքային նշանակության օրինագծերը նախագահի հետ նախապես համաձայնեցվում են, հետո նոր ներկայացվում խորհրդարանի քննարկմանը:
Երեկ խորհրդարանում պատգամավորների մեծ մասը մեկնաբանում էին, թե քանի որ Ս.Սարգսյանը ցանկություն ունի եւս մեկ անգամ նախագահ դառնալ, իր առաջարկությամբ նա փորձում է նախընտրական շրջանում հնարավորինս ապահովագրել իրեն: Իսկ կառավարության այս առաջարկով իշխանությունները ճնշման լծակ են ունենալու պատգամավորների, համայնքի ղեկավարների, ավագանիների ու ընտրական հանձնաժողովի անդամների վրա: Իշխանությունները կարող են իրավապահ մարմիններին պատվիրել իրենց չենթարկվող կամ ընդդիմադիր որեւէ թեկնածուի հեշտությամբ կալանավորել: Ընդդիմադիր թեկնածուներին էլ կարող են կալանավորել, թեկուզ նրա նախընտրական քարոզչությունը տապալելու համար: Կամ սա պարզապես մահակ է, որից վախենալով` թեկնածուներն ավելի ենթարկվող լինեն: Թեեւ մյուս կողմից էլ՝ այս փոփոխությունը չի սպառնում ընտրովի մարմինների թեկնածուների մեծ մասին կամ հատկապես այս պատգամավորներին, որովհետեւ նրանք, այսպես թե այնպես, հլու- հնազանդ կատարում են իշխանությունների ցանկությունը: Դրա վկայությունն է նաեւ անցած քառօրյայում ընդունված այս օրինագիծը, որին տրամաբանորեն լրիվ հակառակ քվեարկությունը պետք է նույն պատգամավորները կատարեն այս քառօրյայում: