«Ժառանգություն» կուսակցության համագումարը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հուլիսի 10-ին, եւ այն ջրբաժան է լինելու թե՛ կուսակցության եւ թե՛ հանրապետության համար»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: «Բաց համագումար է լինելու հանրության առջեւ: Կտեսնեն, թե ինչ ամբողջականությամբ, նոր ուժով, նոր էներգիայով, ինքնաքննադատությամբ, բայց հեռանկարի հավատամքով «Ժառանգությունը» համագումար է անելու»,- ասել է նա: Ըստ նրա` երկիրը մտնում է նախընտրական շրջան, եւ կուսակցությունը պետք է մեկնաբանություններ տա ՀՀ-ի ներքին ու արտաքին խնդրիների, իր անցած ճանապարհի մասին, մատնանշի սեփական սխալներն ու թերությունները, որոշի, թե ինչպես է մասնակցելու հաջորդ ընտրություններին: «Ժառանգության» ղեկավար կազմում փոփոխություններին վերաբերող հարցին Ր. Հովհաննիսյանը արձագանքել է, որ համագումարում ընտրվելիք կազմում նոր անդամներ, նոր դեմքեր են լինելու. «Կարծում եմ, որ թարմ, նոր ուժեր կլինեն վարչությունում: Դա թույլ կտա, որ «Ժառանգությունը» նաեւ ղեկավարման նոր մեթոդաբանությամբ, նոր անհատներով նաեւ նոր շրջան բացի կուսակցության եւ հասարակության առջեւ իր ծառայության համար»: