Իշխանափոխություն` առանց իշխանափոխության պահանջի

09/06/2010

«Մեզ համար գերակա խնդիրը երկրում նոր իշխանության ձեւավորումն է»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ, ԳՄ հայաստանյան մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Իսկ իշխանության ղեկին Դաշնակցությունը տեսնում է միայն իրեն. «Եթե Դաշնակցությունը չգա իշխանության, շատ հարցեր էլի կիսատ-պռատ են մնալու: Դրա համար, մենք, որպես ընդդիմություն, իշխանության գալու խնդիր ենք դնում»: ՀՅԴ-ական մեկ այլ պատգամավոր` Արա Նռանյանն էլ հավելեց, որ իրենց կուսակցության առաջնահերթություններից մեկն այն է, որ ազգաբնակչությանը ցույց տան, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն որեւէ հարց լուծել, եւ իշխանափոխությունը պարզապես անհրաժեշտություն է: Պատասխանելով հնարավոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին, Ա. Ռուստամյանն ասաց, որ ցնցումների միջոցով իշխանափոխությունը վտանգավոր է, քանի որ Հայաստանը դեռեւս չավարտված պատերազմական իրավիճակում է: Այնուամենայնիվ, պարոն Ռուստամյանը չբացառեց թե արտահերթ ընտրությունների եւ թե սոցիալական ապստամբության հավանականությունը, նշելով, որ «ֆորս-մաժորային իրավիճակներ մեր երկրում միշտ կարող են առաջանալ»: «Հայաստանն ադեն կորցրել է վստահություն չվայելող ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու լիմիտը: Շատ ավելի լուրջ փորձություններ կարող են մեզ սպասել: Հետընտրական լարվածությունները կարող են գնալով ավելի սաստկանալ, որովհետեւ ամեն ինչ չափ ու սահման ունի: Ժողովուրդն էլ մի օր դրանում կհամոզվի, եւ մենք չենք բացառում, որ այսօր կարող է սոցիալական ապստամբություն առաջանալ»,- ասաց Ա. Ռուստամյանն ու հավելեց, որ թե գյուղացին եւ թե քաղաքացին այսօր գտնվում են շատ ծանր ու հիասթափված վիճակում: «Մարդիկ իրենց տները վարկի դիմաց տալիս են, որ տոմս գնեն ու Հայաստանից գնան»,- ասում է պատգամավորը: Հարցին, թե հնարավոր է, որ Դաշնակցությունը սատարի Ռոբերտ Քոչարյանին` քաղաքականություն վերադառնալու հարցում, Ա. Ռուստամյանը պատասխնեց. «ՀՅԴ-ն որեւէ մեկի կուսակցությունը չէ, որ մենք բոլորով հավաքվենք ու Քոչարյանին հետ բերենք: Դա իր խնդիրն է, թող ինչ ուզում է անի Քոչարյանը: ՀՅԴ-ն երբեք Քոչարյանին հետ բերելու խնդիր չի դրել եւ չի դնելու»: Ա. Ռուստամյանը անդրադարձավ նաեւ հունիսի 4-6-ը Աղավնաձորում կայացած ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 15-րդ Գերագույն ժողովին: Համաձայն ժողովում ընդունված հայտարարության, գերակա խնդիրներ են հռչակվել ազգային ուղեգծի վերականգնումը, սոցիալական արդարության հաստատումը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը եւ երկրում նոր իշխանության ձեւավորումը: Նա տեղեկացրեց, որ ընտրվել է ՀՅԴ նոր Գերագույն մարմին՝ հետեւյալ կազմով` Հրաչ Թադեւոսյան, Արմեն Ռուստամյան, Միքայել Մանուկյան, Հայրապետ Բաբայան, Սիմոն Սիմոնյան, Արսեն Համբարձումյան, Թաթուլ Հարությունյան, Սպարտակ Սեյրանյան եւ Արա Նռանյան: Փաստորեն, ԳՄ կազմից դուրս մնացին ԱԺ պատգամավորներ Հրայր Կարապետյանն ու Արտյուշա Շահբազյանը: Վերջում Ա. Ռուստամյանը հատուկ շեշտեց, որ վերջին տասնամյակում սա առաջին ժողովն էր, որում ՀՅԴ-ն հանդես եկավ ոչ թե որպես իշխանություն, այլ` ընդդիմություն: