Վախի ու հույսի ժամանակները

09/06/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հունիսի 4-ին Նկարիչների տան ցուցասրահում բացվեց Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրությունը, որում ընդգրկված են շուրջ 120 աշխատանքներ։

Ցուցահանդեսը կրում է «Իմ հույսը ժամանակն է» խորագիրը ու ներկայացնում է Քոչարի տարբեր ժանրերի, ոճերի ու ժամանակահատվածների աշխատանքները։ Քոչարը շուրջ 30 տարի չի ներկայացվել հայաստանցիներին: Ընդ որում՝ ճակատագրի բերումով այնպես էր ստացվել, որ Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը նույնպես տեղի էր ունեցել այն ժամանակ (1965թ.), երբ Քոչարն արդեն 30 տարի ապրում էր Հայաստանում։ Ժամանակային նման «թռիչքները» միշտ հետապնդել են Քոչարին ու կարծես «զմռսել» են նրա արվեստը մինչ լավ ժամանակները։ Եվ հիմա այս ծավալուն ցուցադրությամբ կարծես փորձ է արվում մեր քաղաքին վերադարձնել Երվանդ Քոչարի արվեստի էներգիան։ Ցուցահանդեսը լայն դիապազոն ունի, հանդիսատեսին ներկայացվում են Քոչարի հսկայական ժառանգության ուղենիշային ճյուղերը՝ վաղ շրջանի գեղանկարչական կտավները, Փարիզում արված ու մեծ արձագանք ստացած պլաստիկ նկարչական ձեւը՝ «տարածային նկարչության» նմուշները, արձանների էսքիզներն ու աշխարհի տարբեր թանգարաններում գտնվող (կամ էլ անհայտ ճակատագրի արժանացած) գործերի վերատպությունները, լուսանկարները։ Երվանդ Քոչարի տուն-թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարն ասաց, որ օրիգինալ գործերի տեղափոխումը մեծ ծախսերի հետ էր կապված, ինչի պատճառով էլ իրենք որոշել են սահմանափակվել վերատպություններով։

Այս տարի մենք յուրատեսակ հոբելյան ենք նշում՝ «Սասունցի Դավիթ» ու «Մելանխոլիա» արձանները դարձել են 50 տարեկան։ Եվ բնական է, որ ցուցահանդեսի կազմակերպիչները մեծ տեղ են հատկացրել արձանագործ Քոչարի գործերին՝ մեծ պաստառների վրա ցուցադրելով Վարդան Մամիկոնյանի ու Սասունցի Դավթի արձանները։ Քոչարի համար միշտ կարեւոր են եղել արվեստի ներկայացման ձեւը, վայրը, չափը, «տրակտովկան», նա երբեք չի կտրել արվեստի գործը միջավայրից։ Այս ցուցադրության մեջ հավաքված են նրա անձի ու արվեստի բեկորները, որոնք համախմբվում ու միաձուլվում են՝ դիտողի հայացքի ներքո։ Կամ էլ չեն համախմբվում։ Այս ցուցահանդեսը ավելի շուտ կարելի է անվանել «Ծանոթություն Քոչարի հետ», ընդ որում՝ այդ ծանոթությունը բավականին մակերեսային է, սակայն ծավալուն։ «Ապրում եմ իմ կամքից անկախ, ոչ այնպես, ինչպես ուզում եմ, այլ՝ ինչպես տրվում է…»,- ասել է նա։ Տոտալիտար կարգերի ճնշումը, բանտարկությունը ներքուստ ազատ Քոչարին միայնակ դարձրեցին ու իշխող գաղափարախոսությունից զերծ մնալու համար մեծ ուժեր պահանջեցին նրանից։ «Կյանքն ամենօրյա օրենքներով եւ կենցաղի, բարոյականի նախապաշարումներով սանձում ու կաշկանդում է մարդու միտքն ու հոգին, դրա համար է, որ մարդ երազների մեջ է միայն ազատ…»,- գրել է նա։

Հույսն, իրոք, ժամանակն է։ Նաեւ Երվանդ Քոչարի կերպարը հասկանալու ցանկությունը։ «Մեր դարում ոչ մի միտք չի կարելի լրիվ արտահայտել, որովհետեւ բառերը դարձել են մաղի պես ծակ, բառերը հնացել են ու ետ են մնում մտքից… Եվ իսկապես, ինչ անիմաստ են գովաբանական այն հոդվածները, որոնք ընդհանուր բառեր հոլովելով, ոչինչ չեն ասում եւ միայն նման են շողոքորթի լպրծուն ժպիտի, եւ երբեմն էլ՝ արջի ծառայության, որ հոնքը շինելու փոխարեն` աչքն է հանում»,- ասել է Քոչարը։ Քոչարը 20-րդ դարի ավանգարդիստ էր, շարունակում է այդպիսին մնալ նաեւ 21-րդ դարում։ Իսկ նրան ցավ պատճառող հիմնական հարցադրումը՝ ազատության ու վախի փոխհարաբերությունը, հիմա առավել, քան երբեւէ՝ արդիական ։ Նա ասել է. «Ամեն մի փոս նյութով է լցվում, իսկ մարդու մտքի փոսը, որքան լցվում ու նյութ է ստանում, այնքան ավելի է մեծանում ու խորանում…»։ Երբ միտքը «սոված» է, մարդն ավելի է մարդու նմանվում ու կարողանում է դիմակայել մտքի «կշտացման» համատարած քարոզին։ Պաբլո Պիկասոն խոստովանել է, որ վախենում է ժամանակից, իսկ Քոչարն իր հույսը հենց ժամանակի հետ էր կապում։ 1966թ. Փարիզում Պիկասոյի ու Քոչարի աշխատանքները կողք կողքի էին դրված։ Նրանք հավասարազոր են, սակայն Պիկասոյի մասին գիտե ողջ աշխարհը, իսկ Քոչարի մասին նույնիսկ մենք լավ չգիտենք։

Թիֆլիսը, Փարիզը, Երեւանը միավորած ու բոլոր այդ երեք քաղաքներում իր ուրույն հետքն ու էներգետիկան թողած (նաեւ՝ վերափոխած) Քոչարը շատ քիչ տեսագրություններում է վավերացված։ Մինչդեռ նրա կերպարը (նաեւ կտավները, քանդակներն ու գրական ժառանգությունը) կարող է շատ հետաքրքիր գեղարվեստական ֆիլմի հիմք դառնալ, որտեղ հնարավոր կլինի տարբեր էպոխաներով, նվաճումներով ու կորուստներով անցած Հայաստանի դիմանկարը ստեղծել։ Հավատացնել աշխարհին (նաեւ՝ ինքներս մեզ), որ մեր ունեցածը ոչ միայն հավասարազոր է լավագույն համաշխարհային ձեռքբերումներին, այլեւ՝ շատ հաճախ ժամանակի սպասելիքներից առաջ է ընկել։ Այդպիսին է Քոչարի արվեստը, որը ոչինչ չի ապացուցում, միայն փաստում է։