Գեյթսը՝ Բաքվում

09/06/2010

Կիրակի օրը մեկօրյա այցով Ադրբեջան է ժամանել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Նա արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում այդ հանդիպման մասին տեղադրված հաղորդագրության համաձայն, Գեյթսը Իլհամ Ալիեւին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակը: Ադրբեջանի նախագահը խնդրել է իր շնորհակալությունը փոխանցել Օբամային՝ նամակի համար: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ռազմական ոլորտում Ադրբեջանի ու ԱՄՆ-ի համագործակցության շուրջ: Գեյթսը քննարկելու է Ադրբեջանի տարածքով դեպի Աֆղանստան բեռնափոխադրումների հետ կապված հարցերը, ինչպես նաեւ՝ փորձելու է ցրել Ադրբեջանի մտահոգությունները, թե ԱՄՆ-ը բավարար ուշադրություն չի դարձնում Ադրբեջանի վրա: 2001 թվականից սկսած տասնյակ-հազարավոր ռազմական օդանավերով ու բեռնատարներով Ադրբեջանի օդային ու ցամաքային ճանապարհներով Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը ու բեռներ են տեղափոխել պատերազմի գոտի։

Աֆղանստանի հարցում Ադրբեջանը, ինչպես Միացյալ Նահանգներն է անվանում` Հյուսիսային մատակարարման ցանցի մաս է կազմում, որտեղ ընդգրկված են նաեւ Ռուսաստանը, Լատվիան, Վրաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Մատակարարումների հնարավոր խափանումների հետ կապված մտահոգությունները ավելացել են՝ կապված Ղրղըզստանի իրադարձությունների հետ: Այստեղ տեղակայված ամերիկյան ռազմաօդային բազան կարեւոր կետ է համարվում, ու պարզ չէ, թե Ղրղըզստանի նոր կառավարությունը որքան ժամանակով բազան բաց կպահի: Պենտագոնը ցանկանում է համոզվել, որ չկան այնպիսի խնդիրներ, որոնք կարող են դանդաղեցնել եւս 30 հազար զորախումբ Աֆղանստան ուղարկելու՝ նախագահ Բարաք Օբամայի պլանները, եւ Գեյթսի այցը Ադրբեջան առաջին հերթին այդ նպատակն է հետապնդում: Նշենք, որ Ռոբերտ Գեյթսը Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ Օբամայի նախագահ դառնալուց հետո այցելում է Ադրբեջան: Միացյալ Նահանգները բազմիցս մտահոգություններ է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի առնչությամբ, սակայն պարզ չէ, թե արդյո՞ք Գեյթսը Բաքվում կբարձրացնի այդ հարցը: