«Առաջիկայում լինելու են դժվարություններ»,- ասում է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը

04/06/2010

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի համոզմամբ, Հայաստանի կառավարության եւ ԿԲ-ի վարած տնտեսական քաղաքականության ուղղությունները անհամատեղելի են: Ըստ նրա, մինչ կառավարությունն ասում է, թե նպատակ ունի խթանել տնտեսական աճը, ԿԲ-ն բարձր է պահում վերաֆինանսավորման տոկոսադրույքը` ամենաբարձրերից մեկը ԱՊՀ-ում, ինչի արդյունքում վարկերը թանկ են դառնում: Հետեւաբար` տնտեսվարող սուբյեկտները հրաժարվում են վերցնել այդ վարկերը: «Երբ ամբողջ աշխարհում տնտեսական իշխանությունները քայլեր էին ձեռնարկում տնտեսության աշխուժացման ուղղությամբ, քայլերի առանցքային հատվածը տոկոսադրույքի նվազեցումն էր»,- ասել է նա: ԿԲ նախկին նախագահը նաեւ դրանով է պայմանավորել այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսական համակարգում, տնտեսական զարգացման գործում բանկերի դերը ցածր է: Բ. Ասատրյանը նաեւ մտահոգություն է հայտնել ՀՀ արտաքին պարտքի ծավալի եւ դրա սպասարկման կապակցությամբ: «Սպասարկման տեսանկյունից մենք առաջիկայում, ակնհայտ է, որ ունենալու ենք դժվարություններ: Վստահաբար եմ ասում, որ խիստ անհանգստացնող է, եւ քայլեր, միջոցներ պետք է ձեռնարկվեն»,- ասել է նա: Դիտարկմանը, թե Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը միշտ էլ վստահ են եղել, որ Հայաստանը խնդիր չի ունենա իր արտաքին պարտքի սպասարկման առումով, Բ. Ասատրյանը արձագանքել է` եթե ԱՄՀ-ի համար 4-5 միլիարդ դոլարը մեծ թիվ չէ, Հայաստանի համար դրանք «սարսափելի մեծ թվեր են»: «Վերջին շրջանում ես տեսնում եմ զուտ չինովնիկական մոտեցում IMF-ի կողմից. ոնց որ եկել են, մի հատ ստորագրություն պետք է դնեն եւ հեռանան: Այնտեղ ինչ-որ աղյուսակ կա, որ, չգիտեմ, կարմիր գիծը այսքանն է, դրան չհասնելու պարագայում չպետք է անհանգստանաք»,- ասել է նա: ԿԲ նախկին նախագահն անդրադարձել է նաեւ գնաճին: «Հայաստանում գնաճային տեսանկյունից իրավիճակը լարված է, իրականում գնաճն ավելի բարձր է, քան պաշտոնական թվերն են,- ասել է նա` ավելացնելով,- Երբ խորանում ես թվերի մեջ, տխրելու առիթ ես ունենում: Պարզվում է` գնաճի հիմնական բեռն ընկնում է պարենային ապրանքների վրա: Ցավալին այն է, որ հիմնականում աճում են տեղական արտադրության սննդամթերքի գները: Միայն կարտոֆիլի եւ բանջարեղենի գնաճը կազմել է 11 տոկոս»: Համեմատելով հայաստանյան եւ միջազգային շուկայի գները` Բ. Ասատրյանը հետաքրքիր միտումներ է արձանագրել. «Համաշխարհային շուկայում գները նվազում են, ՀՀ-ում՝ աճում: Համաշխարհային շուկայում գներն աճում են, ՀՀ-ում դարձյալ աճում են»: Ըստ նրա՝ այս իրավիճակն ապացուցում է, որ Հայաստանում իշխում է մոնոպոլիան: «Այն, ինչ կատարվեց 2009թ. տնտեսական քաղաքականության տեսանկյունից, դժվարընկալելի է: Կառավարությունը միաբերան ասում էր, որ փրկության միջոցը արտաքին միջոցներ ներգրավելն է եւ լցնելը տնտեսության մեջ:

ԿԲ-ն լռում էր. ԿԲ-ն բնականաբար պետք է հասկանար, որ դա միջոց չէ»,- անդրադառնալով ներկայիս իրավիճակի պատճառներին՝ ասել է նա: Խոսելով փոքր ու միջին բիզնեսի մասին՝ Բ. Ասատրյանն ասել է. «Ես այստեղ բան չունեմ ասելու: Մեր համակարգը կոչված է ոչնչացնելու փոքր եւ միջին բիզնեսը, որը եւ մեզանում հաջողությամբ կատարվում է։ Թե ինչ են ասում առանձին չինովնիկները, ես դրան լուրջ չեմ վերաբերվում, նրանց ասածն էլ մի բանի պետք չէ: Բոլոր հնարավոր ձեւերով խոշորները խեղդում են միջիններին: Նրանք այսօր ունեն եւ՛ քաղաքական լծակներ, եւ՛ նույնիսկ ռազմական որոշակի հնարավորություններ: Լայն իմաստով` նրանք պետություն են պետության մեջ: Սա էլ մեր իրողությունն է, որ կառավարությունը խոսում է մի լեզվով, տնտեսությունը եւ իրականությունը մեկ այլ լեզվով են ընթանում»: Անդրադառնալով տնտեսական աճի մասին խոսակցություններին՝ նա ասել է. «Իհա՛րկե, երբ խոսում ենք տնտեսական աճի մասին, պետք է հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված. արդյոք սա ա՞յն աճն է, որը պայմանավորված է նախեւառաջ տնտեսական քաղաքականությամբ կամ այն լուծումներով, որոնք իշխանությունները տվեցին անցած տարի կամ այս տարվա ընթացքում: Միանգամից պետք է ասեմ՝ ոչ»: Նա նշել է, թե իշխանությունները եւս չեն թաքցնում, որ այդ աճը հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով, որոնց շարքում առաջնային է միջազգային շուկաներում մետաղների գնի կտրուկ էական աճը, մասնավորապես՝ պղնձինը, որը Հայաստանի համար արտահանման լուրջ հնարավորություն է: Սակայն, նրա խոսքերով, դա մեր տնտեսության մեջ իրական ազդեցություն չէր էլ կարող թողնել, եւ դրանից կարող են հարստանալ մի քանիսը միայն: «Ուրախալի է, որ աճը կա, բայց այն պասիվ է, հուսալի չէ, եւ ես անհանգստություն ունեմ տնտեսական աճի ապագայի հետ կապված»: