Կառավարությունն՝ իր մասին

04/06/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ինչ` ինչ, բայց Տիգրան Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելուց հետո կառավարության գործունեության լուսաբանման գործը շատ հետաքրքիր դարձավ։ Եվ, որ պակաս կարեւոր չէ՝ կառավարությունն ինքն էլ սկսեց մեծ հետաքրքրություն ցուցաբերել իր գործունեության լուսաբանման նկատմամբ։

Մամուլի հրապարակումներն էլ նրա նշանակումից հետո շատացան, քանի որ կառավարության հերթական նիստի մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունների մեջ մի առանձին բաժին սկսեց հատկացվել վարչապետի ներածական ելույթին։ Իսկ այդ ելույթի մեջ միշտ էլ մի հետաքրքիր բան կարելի է գտնել։ Հետո բացվեց Տիգրան Սարգսյանի անձնական բլոգը՝ այն հիմնավորմամբ, որ մամուլը փորձում է պարտադրել իր կարծիքը, այդ իսկ պատճառով լավ կլինի, որ հասարակությունը եւ վարչապետը ավելի անմիջական շփման տեղ ունենան։ Իսկ բոլորովին վերջերս տեղի ունեցավ կառավարության պաշտոնական կայքի նորացված տարբերակի եւ նոր www.e-gov.am կայքերի շնորհանդեսը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի խոսքերով, երկու նպատակ է եղել www.gov.am կայքի վերափոխման համար. առաջինը` ստանալ դինամիկ կայք, եւ հաջորդը` առավելագույն թափանցիկություն։

Կայքի դիզայնում աչքի զարնող հիմնական փոփոխությունը գույնն է. նախկին հիմնական գույնը՝ կարմիրը, փոխարինվել է ծիրանագույնով։ Անկեղծ ասած, մենք կարծում էինք, թե դա կապված է հեղափոխության գաղափարի հետ. ներքին հեղափոխության, որի մասին իր նշանակման օրվանից սկսած խոսում է Տիգրան Սարգսյանը։ Սակայն պարզվեց՝ այդքան խորանալու կարիք չկա. Դ. Սարգսյանի խոսքերով, դա պարզապես խորհրդանշում է մեր դրոշի գույներից մեկը։

Սակայն քանի որ խոսքը կառավարության եւ մամուլի հարաբերությունների մասին է, ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնենք նոր կայքի՝ մի շատ հետաքրքիր բաժնի վրա։ Այն կոչվում է` «Մամուլը մեր մասին»։ Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, «Տեղեկատվական կենտրոն բաժնում տեղակայված է «Մամուլը մեր մասին» ենթաբաժինը, որտեղ հնարավոր է գտնել, թե ինչ է գրում օրվա մամուլը կառավարության մասին»։ Ուշադրություն դարձրեք վերջին երկու բառերին՝ կառավարության մասին։ Դե պարզ է, չէ՞, որ այդպես էլ պետք է լիներ։ Եթե կայքը կառավարությանն է, ապա «մեր մասին»-ը չէր կարող լինել, ենթադրենք, Հոնդուրասի մշակութային կենտրոններից մեկի մասին։ Բայց պարզվում է՝ մեր կառավարության համար «մենք»-ը շատ ընդարձակ հասկացություն է։ Իհարկե, «մենք»-ի սահմանները դեռ Հոնդուրաս չեն հասել, բայց ունեն հանրապետական ծածկույթ։ Թերեւս ավելի լավ կլինի ներկայացնել, թե ինչ կա զետեղված «Մամուլը մեր մասին» բաժնում։ Օրինակ, հունիսի մեկի հրատարակման մեջ կարող եք կարդալ. «Ազգը» եւ «Առավոտը» միաբերան տեղեկացնում են, որ Խորվաթիայի նախագահի հրավերով այդ երկիր է այցելել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Առավել քան կարեւորվել է համագործակցությունը երկու երկրների գործարարների միջեւ»,- նշում են թերթերը եւ հավելում, որ «Խորվաթիայի նախագահը կարեւորել է հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման գործում Գագիկ Ծառուկյանի նշանակալի ավանդը»։ Կարո՞ղ եք ասել, թե Գագիկ Ծառուկյանի այցը եւ այդ մասին ԶԼՄ-ների լուրերը ի՞նչ կապ ունեն կառավարության հետ։ Կամ ի՞նչ կապ ունի կառավարության հետ «Հայքի» այն մեկնաբանությունը, որ «Վարդգես Գասպարին երեկ նստացույց է արել Ազատության հրապարակում` դրանով իսկ ապացուցելով, որ այդ բողոքի գործողությունը «Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում»։

Բավականին հետաքրքիր է նաեւ մայիսի 29-ի հրապարակումը. «Հետտոնական օրը հրապարակվել են «Հայաստանի Հանրապետությունը», «Հայ զինվորը», «Առավոտը» եւ «168 Ժամը»: Վերջինս նախ հայտարարել է, թե իշխանության կուլիսներում գնալով ավելի է թեժանում «յուրայինների հստակեցման եւ հավաքագրման համար մղվող պայքարը», ՀՀ նախագահի ու Աժ խոսնակի միջեւ «այլեւս խոր անդունդ կա» եւ այլն, ապա չի բացառել, որ դրանք կարող են նաեւ լինել «խոսակցություն-ենթադրություններ»` իշխանությունների «նախօրոք գծված սցենարով»:

Պակաս հետաքրքիր չեն նաեւ հրապարակումների վերնագրերը։ Վերը նշվածն, օրինակ, վերնագրված է՝ «Քչախոս մամուլի սլաքները…»։ Գ. Ծառուկյանի այցի մասին հրապարակումը վերնագրված է «Մեր բազմազբաղ գործիչները», եւ բացի Ծառուկյանից՝ խոսվում է նաեւ Արթուր Բաղդասարյանի մասին։ Բայց մեզ, անկեղծ ասած, ամենից շատ տպավորեց հետեւյալ վերնագիրը «Տոն, որն այսօր մամուլի հետ չէ»։ Եվ անմիջապես վերնագրից հետո շարունակվում է հրապարակումը. «Դա է պատճառը, որ լրատվամիջոցներում առատ են շատ ավելի «կյանքային» եւ «պրոզայիկ» դատողությունները»։

Հանուն արդարության նշենք, որ բուն կառավարության գործունեության վերաբերյալ մամուլի հրապարակումներին էլ արձագանք կա։ Ու այդ կտրվածքով՝ բավականին հաճախ է հանդիպում մեր թերթի անունը. «168 Ժամը» «սեփական մանրադիտակի» տակ է առել տնտեսության դիվերսիֆիկացման գործընթացները եւ ոչ մի լուսավոր կետ չի տեսել: Ավելին, ըստ հոդվածագրի` չնայած «բոլորը գիտեն», որ «նախաճգնաժամային տարիներին Հայաստանի երկնիշ թվերով աճած տնտեսությունը փուչիկ է` հիմնված… շինարարության վրա», այդուհանդերձ, կառավարությունը շարունակում է նույն «ոլորտի խթանումը», թեեւ տարփողվում է տնտեսության «դիվերսիֆիկացիան»։ Այստեղ, անկեղծ ասած, ոչ մի կերպ չկարողացանք հասկանալ չակերտների տրամաբանությունը։

Նշենք նաեւ, որ երբեմն-երբեմն հոդվածների գլխավոր ասելիքը չի ներկայացվում։ «168 Ժամի» Բաբկեն Թունյանը դիտարկում է «Կարծելու եւ կանխատեսելու աննշմարելի սահմանը» եւ մի շարք օրինակներով հանգում այն եզրակացության, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի «կանխատեսումները երբեք իրականություն չեն դարձել»: Նախ նշեմ, որ Բաբկեն Թունյանը «168 Ժամինը» չէ, այլ «168 Ժամ» թերթի լրագրող է։ Եվ երկրորդ, հիշատակված հոդվածի նպատակը ոչ թե Գագիկ Մինասյանի կանխատեսման ունակությունների բացահայտումն էր, այլ հերթական անգամ ներկայացնելը տնտեսական ցուցանիշների մանիպուլյացիան բոլոր պետական պաշտոնյաների կողմից։ Չնայած դրան՝ Գ. Մինասյանի կանխատեսումների մասին մեր տեսակետը կարող ենք մեկ անգամ եւս կրկնել։

Մի խոսքով, ինտերնետային լրատվական կայքերի ցանկին, որոնք ամեն օր այցելում եք, կարող եք հանգիստ խղճով ավելացնել նաեւ կառավարության կայքը։ Շատ հետաքրքիր է եւ պարբերաբար թարմացվում է։ Կարեւորն այն է, որ վստահ ենք՝ էնտուզիազմը եւ որակը երբեք չեն ընկնի, քանի որ հրապարակումների հեղինակներին իրենց ստեղծագործական աշխատանքում այլեւս չեն խանգարի հարսանյաց հանդեսների մեքենաների «սիգնալները»։