Կան երկրներ, ուր ղեկավարները, որոշում կայացնելուց առաջ, ընթերցում են երկրի սահմանադրությունը, օրենքները: Հայաստանն այդ երկրներից չէ. այստեղ երկրի ղեկավարներն ընթերցելու ավանդույթ չունեն: Եվ դա ակնհայտ երեւում է նրանց գործողություններից, որոնք այնքան մանր են:
«Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող, 22-ամյա Անի Գեւորգյանի ձերբակալությունը եւ նրան երեք օր ազատությունից զրկելը ակցիա էր ոչ միայն Անիի, այլ, եթե կուզեք, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու դեմ: Ոստիկանների գործողություններն, ամեն դեպքում, պետք է ընկալել հենց այդ կոնտեքստում: Ձերբակալել իր մասնագիտական պարտականությունը կատարող 22-ամյա աղջնակին, նշանակում է մի բան` խաղի կանոնները կտրուկ փոխվել են: Կոշտացել: Իշխանությունները սկսում են գործել` առանց խաղի կանոնների: Եվ Անիին ու նրա անչափահաս եղբորը` Սարգիս Գեւորգյանին, երեքօրյա կալանքից հետո ազատ արձակելն ամենեւին արդարադատության հաղթանակ չէ: Ոստիկանությունում շատ նախադեպեր կան` մարդկանց խոշտանգելու, անարգելու, նվաստացնելու: Սակայն կոնկրետ այս մի դեպքի համար անհրաժեշտ փորձ դեռ չեն հասցրել կուտակել: Եվ Անիին ազատ արձակեցին, որովհետեւ չէին պատկերացնում` ո՞րն է լինելու իրենց հաջորդ քայլը երիտասարդ եւ խիզախ այդ աղջկա հանդեպ: Կեղծ ցուցմունքներով մի քանի տարի մեկուսարանում պահե՞լը: Դա արդեն եղել է նրա խմբագրի հետ : Գուցե Ոստիկանության շենքում, բոլորի ներկայությամբ, ինքնասպանության հասցնե՞լը: Դա եւս եղել է տակավին վերջերս: Պատուհանից մարդուն նետե՞լը: Դա էլ ենք տեսել: Պետք են նոր, թարմ մեթոդներ:
Իսկ արդեն ընդդիմադիր մեկ այլ երիտասարդի` Դավիթ Քիրամիջյանի հանդեպ կիրառվեց հին եւ ծանոթ մեթոդը. նրա դեմ քրեական գործ հարուցվեց կեղծ մեղադրանքով ու խափանման միջոց ընտրվեց կալանքը: Հասկանալի է, որ իրավապահներին չեն կարող հուզել երիտասարդի մոր խոսքերը, թե իր զավակը խոշտանգված է, նրա առողջությունը վատթարացել է, եւ որ նա, ախր, պարտաճանաչ, զուսպ ուսանող էր եւ չէր կարող հարվածել որեւէ ոստիկանի: Տեսականորեն կարող էր: Եվ խնդիրը սա՛ է. ոստիկանները հավատում են, որ իրենց հարվածելու ցանկություն ունեն բոլորը: Եվ դա այդպես էլ կա. տեսնելով, թե ինչ դաժանությամբ են ոստիկանները հարվածում կանանց, աղջիկներին, պատանիներին, մեզնից յուրաքանչյուրը կարող է ձեռքի տակ եղածով հարվածել նրանց: Տեսականորեն, նման դեպքերում բոլորս էլ կարող ենք եւ ցանկանում ենք հարվածել ոստիկաններին: Իսկ այնտեղ գրված է` մտքում հարվածողն իրականո՛ւմ է հարվածում:
Անզորության գիտակցությունը երիտասարդներին եւ, առհասարակ, մտածող մարդկանց, կարող է հասցնել ծայրահեղ քայլերի: Եվ խոշոր իմաստով, այնքան էլ անտրամաբանական չեն իշխանությունների ձեռնարկած միջոցառումները` թույլ չտալ, որ Ազատության հրապարակում անգամ մի քանի երիտասարդ բողոքի ակցիա կազմակերպի: Կան բոլոր հիմքերը, որ այդ մի քանի երիտասարդին մեկ ժամ կամ մեկ օր անց կմիանան հազարավորները, անգամ տասնյակ հազարավորները: Մեր երկրում դժգոհ են բոլորն` առանց բացառության: Նաեւ նրանք, ովքեր բարձր պաշտոններ ունեն: Պարզապես նրանց դժգոհությունը կաշկանդված է զբաղեցրած պաշտոնով: Իսկ նրանք, ում դժգոհությունը կաղապարված չէ դիրքով, ազատ է դրսեւորվելու, արդեն պոտենցիալ վտանգ են ներկայացնում: Հայաստանում իշխանությունները երբեք աչքի չեն ընկել իմաստնությամբ եւ լայնախոհությամբ: Եվ դա ակնհայտ է ոչ միայն հասարակության հանդեպ ունեցած քամահրական վերաբերմունքից, այլեւ կադրային քաղաքականությունից: Գրեթե բոլոր կարեւոր գերատեսչությունների ղեկավարները, որպես կանոն, ունեն քրեական անցյալ եւ նույնպիսի ներկա: Դրան գումարած` պրոֆեսիոնալիզմի ակնհայտ պակասը: Երբ կաշառակերը զբաղեցնում է երկրի տնտեսության, բյուջեի ձեւավորման համար առանցքային պաշտոն, երբ բոլորը գիտեն այդ մասին, սակայն տեսնում են` նա պաշտպանված է հանրապետության նախագահի մակարդակով: Եզրակացություններ անելն արդեն բարդ չէ:
Կոռուպցիա, արհամարհանք օրենքի, հետեւաբար` ՀՀ քաղաքացիների իրավունքների հանդեպ: Պետական ոչ մի պաշտոնյայի զավակի Ոստիկանությունում չեն խոշտանգել եւ նվաստացրել, մարտի մեկին չեն սպանել: Եվ նա մոտիվ չունի հասկանալու, թե ինչու են իրենց զավակներին երիտասարդ հասակում կորցրած ծնողները դժգոհ հանցագործներին կոծկող իշխանություններից: Եվ ինչու են պատրաստ նստել Ազատության հրապարակում բողոքող երիտասարդների կողքին:
Հարց է առաջանում` ինչո՞ւ են իշխանություններն այսքան ագրեսիվ եւ ոչ ադեկվատ Ազատության հրապարակում կազմակերպված բողոքի ակցիաների հանդեպ: Օրինակ` Մատենադարանի մոտ հանրահավաքները, դժկամությամբ, բայց հանդուրժվում են: Սարյանի արձանի մատույցներում քաղաքական զբոսանքները եւս դժկամությամբ, բայց հանդուրժվում են: Իսկ Ազատության հրապարակում անցկացվող բողոքի միջոցառումներին արձագանքում են ջղագրգիռ եւ ոչ համարժեք: Ազատության հրապարակն այս դեպքում վտանգավոր է իր ճարտարապետությամբ. սա մի մեծ տարածություն է, որը կարող է ղեկավարվել մեկ կենտրոնից (հարթակից), շրջանաձեւ է, կոմպակտ, տեղավորում է հազարավոր մարդկանց եւ բանուկ չէ: Բացի դա` Ազատության հրապարակը ժողովրդի ըմբոստության եւ հաղթանակի խորհրդանիշն է: Այսինքն` ենթագիտակցորեն, այն բոլոր հանրահավաքները, բողոքի զանգվածային միջոցառումները, որոնք տեղի են ունենում հենց Ազատության հրապարակում, տեսականորեն ենթակա են հաղթանակի:
Ընդդիմության, ավելի ճիշտ, երիտասարդ ընդդիմադիրների բողոքի պարբերական ակցիաներն ընդունված է համարել սիզիփյան: Այսինքն` անպտուղ. ինչպես Սիզիփոսն էր քարը դժվարությամբ գլորում սարն ի վեր, ապա տեսնում, թե ինչպես է այն վար գլորվում եւ նորից սկսում իր գործը, այնպես էլ այս երիտասարդներն են անընդհատ եւ անպտուղ բողոքում: Սակայն բավական է ընթերցել Քամյուի մեկնությունը Սիզիփոսի մասին: Ինչո՞ւ է մեզ թվում, թե այդ աշխատանքը Սիզիփոսի համար տառապանք էր: Բավական է հավատալ, որ Սիզիփոսը գլորվող քարի ետեւից իջնում էր ժպտալով, ուրախ, եւ նրա տառապանքների եւ անպտուղ աշխատանքի մասին զրույցները կկորցնեն իրենց արժեքը: Ճիշտ, ինչպես այս երիտասարդների դեպքում…