Մեր զրուցակիցն Էրեբունի բժշկական կենտրոնի ախտաբանական-անատոմիայի
բաժանմունքի վարիչ Աելիտա Աղախանյանն է: Մարդ, ով ապրում եւ գործում է՝
բարձր արժեւորելով կյանքը: Կին, որը, չնայած իր մասնագիտության
բարդությանը, մնացել է կանացի ու հմայիչ եւ անտարբեր չէ
հաճոյախոսությունների նկատմամբ:
– Ինչպե՞ս ընտրեցիք ախտաբան-անատոմի մասնագիտությունը, եւ եթե
ընտրության հնարավորություն տրվեր` նորից կընտրեի՞ք նույն
մասնագիտությունը:
– Ավարտելով Երեւանի պետական բժշկական ինստիտուտը, ընդունվել եմ բժիշկների
վերապատրաստման ինստիտուտի պաթանատոմիայի ամբիոն եւ զբաղվել եմ գիտական
աշխատանքով: Իսկ գիտական աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է
պրակտիկ գործունեությամբ: Ամբիոնում աշխատել եմ պրոֆ. Ալեքսանդր
Ալավերդյանի ղեկավարությամբ, որն էլ իմ մեջ առաջացրել է մեծագույն սեր այս
մասնագիտության հանդեպ: Ապա աշխատել եմ Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի
ինստիտուտում, որպես իմունամարֆոլոգիայի բաժանմունքի վարիչ: Հետո,
Էրեբունի բժշկական կենտրոնի հիմնադրման առաջին իսկ օրից, հիմա արդեն պրոֆ.
Հարություն Քուշկյանի գլխավորությամբ, աշխատում եմ բաժանմունքի վարիչ:
Ախտաբան-անատոմի աշխատանքը հետաքրքիր, միեւնույն ժամանակ` բարդ ու
պատասխանատու է, ու եթե 40 երկար ու ձիգ տարիներից հետո ինձ կրկին
մասնագիտություն ընտրելու հնարավորություն ընձեռվեր, առանց մեկ վայրկան
անգամ մտածելու նորից կընտրեի այս մասնագիտությունը:
– Շատերը լավ չեն պատկերացնում Ձեր մասնագիտության առանձնահատկությունները, չէ՞ որ ձեր աշխատանքը միայն դիահերձարանում չէ:
– Ես կավելացնեի նաեւ, որ շատերը նույնիսկ չգիտեն դիահերձման նպատակը:
Անհրաժեշտություն եմ համարում նշել, որ դիահերձումը բուժական գործընթացի
վերահսկումն է՝ արդյո՞ք հիվանդին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:
Երբեմն լինում են մահացության դեպքեր, երբ մահվան պատճառները վիճելի են,
եւ այն ճշտելու համար անցկացվում են կլինիկա-ախտաբանաանատոմիական
քննարկումներ: Ինչպես նաեւ` կա թյուր կարծիք, որ ախտաբան-անատոմի
գործունեությունը սահմանափակվում է դիահերձմամբ: Սակայն պետք է նշել, որ
բացի դիահերձումից, ախտաբան-անատոմը ծավալում է նաեւ լաբորատոր
գործունեություն, որն ուղղված է վիրահատական նյութի (բիոպտատի)
հետազոտությանը, որի օգնությամբ կատարվում է ախտորոշում, իսկ ճիշտ
ախտորոշումից է կախված հիվանդի հետագա բուժումը: Այդ է պատճառը, որ
ախտաբան-անատոմը սխալվելու իրավունք չունի:
– Ձեր մասնագիտությունը կյանքի հանդեպ հիասթափություն կամ հուսահատություն չի՞ առաջացրել:
– Ոչ, երբեք նման զգացում չեմ ունեցել, այլ, ընդհակառակը, ավելի բարձր եմ
գնահատում կյանքի արժեքն ու ավելի խոր ըմբռնում կյանքի գինը:
– Ինչպիսի՞ն է Ձեր ընտանիքի անդամների վերաբերմունքը Ձեր մասնագիտությանը:
– Այսօր բժշկությունն այնքան արագ է զարգանում, որ հետ չմնալու համար պետք
է ուշի ուշով հետեւել քաղաքակիրթ աշխարհի բժշկական գիտական եւ գործնական
ձեռքբերումներին: Իսկ առանց ընտանիքի անդամների աջակցության դժվար է բարդ
ու ծանր աշխատանքից հետո, դեռ տանն էլ, անտեսելով տնային հոգսերը, զբաղվել
արդի գիտական ինֆորմացիայի ուսումնասիրմամբ:
– Հասցնո՞ւմ եք խոհանոցում լինել եւ հատկապես ի՞նչ եք սիրում պատրաստել:
– Ինչպես արդեն ասացի, աշխատանքից վերադառնում եմ շատ հոգնած եւ
խոհանոցում հիմնականում հարսս է լինում: Իսկ հանգստյան օրերին ես նույնիսկ
հաճույքով եմ մտնում խոհանոց, որպեսզի թոռներիս ու երեխաներիս համար
պատրաստեմ ավանդական տոլմա կամ բոզբաշ:
– Կանանց հատուկ զբաղմունք է բամբասելը, Դուք չե՞ք բամբասում:
– Ժամանակ չունեմ, բայց, իհարկե, երբեմն ցանկություն լինում է: Մեր
բաժանմունքը, որպես կանոն, գտնվում է մյուս բաժանմունքներից որոշակի
հեռավորության վրա, եւ կոլեգաներիս էլ հաճախ չեմ տեսնում, որպեսզի
կարողանանք զրուցել կամ բամբասել: Նույնիսկ երբեմն ասում եմ. «Ինձ միայն
որպես ախտաբան մի հիշեք, կարելի է նաեւ մեկ գավաթ սուրճի սեղանի շուրջ էլ
նստել»:
– Ինչպե՞ս եք վերաբերվում հաճոյախոսություններին:
– Ես էլ եմ կին եւ, շատ կանանց նման, ինձ էլ են դուր գալիս հաճոյախոսությունները: