Երեկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացրել է «Կրոնի ազատությունը Հայաստանում» ուսումնասիրությունը, որի հեղինակներն են կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, լրագրող Վահան Իշխանյանը եւ սոցիոլոգ Մերի Երանոսյանը: Վերջինիս հավաստմամբ` իրենց նպատակն է եղել ներկայացնել Հայաստանում գործող տարբեր կրոնական կազմակերպություններն ու նրանց խնդիրները: Ուսումնասիրվել են օրենսդրական դաշտը, տպագիր եւ ինտերնետային լրատվամիջոցների հրապարակումները, հասարակական եւ փորձագիտական կարծիքները: Ուսումնասիրվել է կրոնի եւ խղճի ազատությանը վերաբերող ԶԼՄ-ների 1451 հրապարակում, որի արդյունքում պարզվել է, որ լրատվամիջոցները գերակշռող դեպքերում բացասաբար են վերաբերվում տվյալ կազմակերպություններին: Վահան Իշխանյանի դիտարկմամբ` այդ հրապարակումները հիմնականում հիմնավորված չեն ու ներկայացված են առանց փաստերի: «Ժողովուրդն է խոսում, լսել ենք` այսպես են մարդիկ բացատրում իրենց վատ վերաբերմունքը կրոնական կազմակերպությունների նկատմամբ: Լրատվամիջոցների հրապարակումներից երեւում է, որ Հայաստանում խղճի ազատության եւ կրոնական ազատության ոտնահարումը ոչ այնքան իշխանություններից է գալիս, որքան լրատվամիջոցներից: Եթե քաղաքական խնդիրները լուսաբանելիս լրատվամիջոցները բաժանվում են ընդդիմության եւ իշխանության, ապա այս հարցի լուսաբանման դեպքում, մի քանի բացառությամբ, բոլոր ԶԼՄ-ները դեմ են կրոնական կազմակերպությունների գործունեությանը»,- հայտարարել է լրագրող Վահան Իշխանյանը: Ուսումնասիրության համաձայն` 2001-2009թթ. մամուլում կրոնական կազմակերպությունների վերաբերյալ 1451 հրապարակումներից ոչ առաքելական կրոնական կազմակերպությունների նկատմամբ 33,5 տոկոսը բացասական վերաբերմունք է հայտնում, 2,1 տոկոսը` դրական եւ 31 տոկոսը` չեզոք, որի 29 տոկոսը կարճ լրատվություն է: Իսկ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ 16,9 տոկոսը՝ դրական, 14,2 տոկոսը` չեզոք եւ 2,3 տոկոսը բացասական է վերաբերվում: Ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ հայերն ամենից շատ անհանդուրժող են Եհովայի վկաների նկատմամբ: 1040 հարցվածներից համադրվել են 805 հարցվածի տեսակետները, ինչի արդյունքում ստացվել է հետեւյալ պատկերը. ըստ ԶԼՄ-ների` քաղաքական գործիչների, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների ճնշող մեծամասնության` խղճի եւ դավանանքի ազատությունը «մասամբ հարգվում է» Հայաստանում: Հարցվածների 72,7 տոկոսը կարծում է, որ յուրաքանչյուր մարդ դավանանք կամ համոզմունքներ ընդունելու, չընդունելու կամ փոխելու ազատություն պետք է ունենա: 70,6 տոկոսը համաձայն է այն դրույթին, որ կրոնական հողի վրա հետապնդումները, այլ իրավունքների խոչընդոտումը, կրոնական թշնամանքի հարուցումը պետք է առաջ բերեն օրենքով սահմանված պատասխանատվություն: Միայն 54,4 տոկոսն է ընդունում քարոզների, արարողությունների եւ պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով կրոնական համոզմունքների արտահայտման իրավունքը: Մեծամասնության կողմից ամենաբացասական վերաբերմունքի են արժանացել Եհովայի վկաները` 77,1 տոկոս, հոգեգալստականները` 41,3 տոկոս, եւ մորմոնները` 39,6 տոկոս: Չեզոք վերաբերմունք կա Հայ Ավետարանական եկեղեցու նկատմամբ` 48,3 տոկոս, Հայ Կաթողիկե եկեղեցու հանդեպ` 45,5 տոկոս, դրական վերաբերմունք` Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հանդեպ` 80 տոկոս: Ի դեպ, ուսումնասիրության հեղինակները երեկ առաջարկել են ԱԺ օրակարգից հանել «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը եւ բոլորովին նոր օրենք ընդունել: