Տնտեսական ճգնաժամի ավարտից հետո հայրենի իշխանությունների մոտ սկսվեց մի ժամանակահատված, որը կարելի է անվանել Պետական պայծառատեսություն։ Բոլորը հանկարծ հասկացան, որ տարիներ շարունակ երկնիշ թվերով աճած տնտեսությունը փուչիկ է, խոցելի է՝ հիմնված ոչ արտադրական, ոչ արտահանելի ճյուղի՝ շինարարության վրա։
Ու հանկարծ, բոլոր այն մարդիկ, ովքեր նախորդ տարիներին փուչիկ փչելու գործում ակտիվ մասնակցություն էին ունեցել կամ կողքից ծափ էին տվել, սկսեցին պաթոսով հայտարարել՝ հարկավոր է դիվերսիֆիկացնել տնտեսությունը։ Իհարկե, սրան զուգահեռ՝ խոսվում էր տնտեսության մյուս թերության՝ նրա օլիգոպոլիկ կառուցվածքի մասին։ Ու, ինչպես միշտ, բանը խոսքուզրույցից այն կողմ չանցավ։ Սակայն, եթե օլիգոպոլիաների դեմ պայքարի հարցում իշխանությունների «լեզուն կարճ» է, ապա տնտեսության կառուցվածքի դեպքում իրավիճակը մի քիչ այլ է։ Տնտեսական ճգնաժամը ու դրա հետեւանքով շինարարության ծավալների գրեթե կրկնակի անկումը ստեղծեց մի իրավիճակ, երբ համախառն ներքին արդյունքի մեջ շինարարության տեսակարար կշիռը նվազեց։ Այսինքն՝ տնտեսության կառուցվածքը իրոք որոշ չափով փոխվեց, բայց ոչ թե մյուս ճյուղերի զարգացման, այլ շինարարության պայթելու հետեւանքով։ Մեր պաշտոնյաներն, իհարկե, չէին կարող բաց թողնել այս առիթը՝ ձախողման մեջ դրականը գտնելու ու այն որպես հաջողություն ներկայացնելու համար։ Այդպես էլ անում էին մինչեւ բոլորովին վերջերս, երբ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց հունվար-ապրիլ ամիսների մակրոտնտեսական նախնական ցուցանիշները։ Իսկ այդ ցուցանիշները վկայում էին այն մասին, որ փուչիկի գլխավոր մեղավորը՝ շինարարությունը, թափ է հավաքում եւ արդեն 8.8% աճ է գրանցել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սրան պետք էր բացատրություն գտնել, ու գտան։ Արդեն անդրադարձել ենք ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի այն հայտարարությանը, թե՝ նախորդ տարվա բազան, որի վրա հաշվարկվում է այս ցուցանիշը, հենց ապրիլ ամսին էապես նվազել էր եւ, հիմնականում, այս հանգամանքով է պայմանավորված շինարարության ցուցանիշների աճը։ Ենթադրենք՝ դա այդպես է (ենթադրենք, բայց հիշենք այս պատճառաբանությունը, որին վերջում կրկին կանդրադառնանք)։ Այդ դեպքում ստացվում է, որ եթե շինարարության աճը կառավարության տնտեսական քաղաքականությունից անկախ է ստացվել, ապա նույն կերպ՝ տեխնիկական բնույթ են կրում նաեւ մյուս ոլորտների եւ ընդհանրապես՝ ողջ ՀՆԱ-ի աճը։
Ինչեւէ, զարմանալի զուգադիպությամբ, Գ. Մինասյանի հայտարարության հաջորդ օրը ԱՎԾ-ն հրապարակեց հունվար-ապրիլ ժամանակահատվածի մանրամասն ցուցանիշները, եւ պարզ դարձավ, որ կառավարությունը լա՜վ էլ նպատակադրված խթանել է շինարարության ոլորտը։ Ստորեւ բերված աղյուսակը, որը կազմել ենք ԱՎԾ-ի այս եւ նախորդ տարիների հրապարակումների հիման վրա, դրա ամենավառ վկայությունն է։ Ինչպես տեսնում եք, այս տարվա հունվար-ապրիլին իրականացվել է 66.5 միլիարդ դրամի շինարարություն, որը 8.8%-ով գերազանցում է ճգնաժամային տարվա ցուցանիշը, սակայն զիջում է նախաճգնաժամային տարվա՝ 2008թ. ցուցանիշին՝ 71.1 միլիարդին։ Սակայն այստեղ ամենաուշագրավն այն է, թե ինչի՞ հաշվին է ձեւավորվել այդ 71.1 միլիարդը։ Այսպես՝ դրանից 19.2 միլիարդը (28.9%-ը) իրականացվել է բնակչության միջոցների հաշվին, 39.9 միլիարդը (56.2%-ը) կազմակերպությունների միջոցների հաշվին։ Այսինքն՝ շինարարության ծավալների առյուծի բաժինը՝ 85.1%-ը, բաժին է ընկել մասնավոր հատվածին։ Մնացած չնչին մասը բաժին է ընկել պետբյուջեին (7.5%), միջազգային վարկերին եւ մարդասիրական օգնությանը։
Հիմա նայենք այս տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածի ցուցանիշներին։ Պետբյուջեի հաշվին իրականացվող շինարարության տեսակարար կշիռը 2 անգամ աճել է՝ ընդհանուրի մեջ կազմելով 15.5%։ 2008թ. առաջին չորս ամիսների ընթացքում, երբ ճգնաժամի մասին դեռ չէին խոսում ու դեռ չէին ընդունում, որ շինարարությանը մեծ տեղ տալը վնաս է, պետբյուջեի հաշվին իրականացվել է 5.3 միլիարդ դրամի շինարարություն։ Հետո սկսեցին խոսել տնտեսության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության, շինարարության տեսակարար կշիռը փոքրացնելու մասին։ Սակայն պարզվում է՝ խոսելուն զուգահեռ, այս տարի 2 անգամ ավելի շատ գումար են ծախսել շինարարության վրա, քան նախաճգնաժամային տարում՝ 10 միլիարդ։
Ավելին՝ եթե նկատի ունենանք, որ դրսից ստացված (Համաշխարհային բանկից եւ այլ կառույցներից) միջոցների տնօրինմանը պետությունը շատ լուրջ մասնակցություն ունի, ապա շինարարությանը ցուցաբերված հատուկ ուշադրությունն ավելի ակնհայտ է դառնում։ Այսպես, նախաճգնաժամային տարվա առաջին 4 ամիսներին միջազգային վարկերի հաշվին իրականացվել է 1 միլիարդ դրամից մի քիչ ավելի շատ շինարարություն, ճգնաժամային տարում՝ 2.5 միլիարդ, իսկ այս տարվա առաջին 4 ամիսներին՝ 23.9 միլիարդ։ Ամենահետաքրքիրն այն է, որ մեր տնտեսության շինարարական փուչիկը քննադատող Համաշխարհային բանկը այս տարվա առաջին 4 ամիսներին շինարարության ոլորտին հատկացրել է 7.6 միլիարդ դրամ՝ մի քանի անգամ ավելի, քան նախորդ տարիներին։
Եվս մի կարեւոր նրբերանգ։ Կազմակերպության եւ բնակչության միջոցների հաշվին, ինչպես երեւում է աղյուսակում, ճգնաժամային տարվա առաջին 4 ամիսներին շինարարության ծավալները շատ ավելի մեծ են եղել, քան այս տարի։ Այսինքն, մասնավոր կառուցապատողների մասով (որոնք, ի դեպ, 2 տարի առաջ ապահովում էին շինարարության ծավալների 85%-ը), բազային ցուցանիշները ավելի բարձր են եղել։ Սա նշանակում է, որ եթե կառավարությունը աննախադեպ միջոցներ չուղղեր շինարարության ոլորտին, մենք կունենայինք ոչ թե 8.8% աճ, այլ շատ հավանական է՝ նույն չափով անկում։
Ավելացնենք, որ խնդիրը ամենեւին այն չէ՝ ճի՞շտ է արել կառավարությունը, թե՞ ոչ՝ շինարարությունը ֆինանսավորելով։ Պարզապես պետք չէ ոլորտի համար ամեն ինչ անել, հետո խոսել դիվերսիֆիկացիայից ու աճն էլ բացատրել տեխնիկական պատճառներով։ Ի վերջո, պարզ թվաբանությունից գլուխ հանում են ոչ միայն կառավարության անդամները։