Հայ-թուրքական փոխադարձ հարաբերությունների, կամ, ինչպես կոչում են, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը stand by ռեժիմում են: Այս մասին երեկ հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Հայ-թուրքական հարաբերություններում նա որեւէ փոփոխություն կամ տեղաշարժ չի ակնկալում մինչեւ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Ա. Իսկանդարյանի դիտարկմամբ` այս պահին Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գործերը բարդ են` հաշվի առնելով Թուրքիայում գոյություն ունեցող ներկա խնդիրները, մասնավորապես, թուրք-իսրայելական վերջին հակասությունները: Անդրադառնալով թուրք-իսրայելական վերջին կոնֆլիկտին, Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է. «Չեմ կարծում, որ Թուրքիան Իսրայելին պատերազմ կհայտարարի: Իսրայելի հետ հարաբերությունները փչացնելն այլ բան է, պատերազմ հայտարարելը` այլ բան: Թուրքիան Իսրայելի հետ պատերազմելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ հնարավորություն»: Ըստ նրա` Թուրքիան ցանկանում է դերակատարում ունենալ Մերձավոր Արեւելքում, ինչի համար էլ այժմ վարում է «պրոակտիվ քաղաքականություն», եւ այս համատեքստում, Ա. Իսկանդարյանի հավաստմամբ՝ Իսրայելի հետ հարաբերությունները փչացնելը տեղավորվում է Թուրքիայի վարած քաղաքականության շրջանակներում: Ավելին, ըստ քաղաքագետի` «Թուրքիային հարկավոր չէ Իսրայելի հետ պատերազմ, բայց տեսանելի սկանդալների կարիք Թուրքիան զգում է»: