ՀՀ-ին սպառնացող թե արտաքին եւ թե ներքին խնդիրների պատճառը ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը համարում է երկրում արդարության բացակայությունը: «Ինչ է, չի՞ կարելի քայլել Ազատության հրապարակում»,- վերջին օրերին Ազատության հրապարակում Ոստիկանության բռնի գործողությունների վերաբերյալ երեկվա ասուլիսում ասել է ՀԺԿ առաջնորդը` իշխանություններից պահանջելով ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:
Նրան զարմացնում են բոլոր նրանք, ովքեր զվարճանում են ընդդիմության ձախողումներից. «Ընդդիմությունը երբ ձախողվում է, դա նշանակում է՝ երկրի ձախողում: Եթե իշխանությունը չի գնում արդար ընտրության, ապա դա պետք է պարտադրել նրան: Դա պետք է անի ամբողջ հասարակությունը: Դա վաղ թե ուշ տեղի է ունենալու: Ի վերջո, մի անգամ չի ստացվի, երկրորդ անգամ չի ստացվի, ի վերջո ստացվելու է: Եկեք չդարձնենք սա անհնարին մի խնդիր: Ի՞նչ է պատահել: Ամբողջ հասարակությունը պետք է պարտադրի: Մի բան էլ, մենք մշտապես նաեւ նկատի ենք ունեցել Ղարաբաղի հարցը: Մենք չենք ուզում, որ ղրղըզական տարբերակով այստեղ հարցեր լուծվեն: Մենք ուզում ենք, որ երկրում ձեւավորվի իշխանափոխության ժողովրդավարական ավանդույթ»,- ասել է Ս. Դեմիրճյանը: Նա անդրադարձել է նաեւ վերջերս Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, ըստ պաշտոնական վարկածի` հանկարծամահ եղած «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտյալ Համլետ Հովսեփյանի մահվան դեպքին. «Այն, որ ամեն ինչ արվեց «Հոկտեմբերի 27»-ի գործը կոծկելու համար, փաստ է: Սա ասում եմ` հիմնվելով փաստերի վրա: Ինչ վերաբերում է ձեր նշած դեպքին, ապա քանի որ այդ դատավարությունը չփարատեց հասարակության մեջ կասկածները, իշխանությունն ամեն ինչ արեց գործը կոծկելու համար, ապա, նույնիսկ, եթե նա հանկարծամահ է եղել, միեւնույն է, միանշանակ չի ընկալվում: Շատերը փաստն ընկալում են թերահավատությամբ: Խնդիրը իմ կասկածները չեն, այլ հասարակության չվստահելը»: Խոսելով հարեւանների հետ հարաբերությունների մասին, Ս. Դեմիրճյանն ասել է, թե դրանք պետք է լինեն բնականոն, եւ պետք է կարգավորվեն, սակայն՝ ոչ ազգային արժանապատվության հաշվին: «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, թե սխալ ենք համարում պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Փաստ է, որ դա կօգներ որոշ երկրների` չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Փաստ է, որ դա կոպտագույն սխալ էր: Իհարկե, մենք կասկածի տակ չենք դնում, թե իշխանությունները կասկածի տակ են դնում ցեղասպանությունը, սակայն դա սխալ էր, եւ հնարավորություն էր տալիս օգտագործել միջազգային ճանաչումը կասեցնելու նպատակով»,- ասել է նա: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հիմնահարցին, ապա, Ս. Դեմիրճյանն ասել է, թե ՀԺԿ մոտեցումը հստակ է. միակողմանի ոչ մի զիջում: Նաեւ հավելել է, թե, ցավոք, իրականացվող քաղաքականության հետեւանքով հայկական կողմի համար մեկը մյուսից ոչ բարենպաստ բանաձեւեր են ընդունվում: Սխալը, նրա համոզմամբ, կատարվեց այն ժամանակ, երբ բանակցային գործընթացում Հայաստանը փոխարինեց Ղարաբաղին: Իսկ հարցին, թե` փոխզիջում ասելով` ի՞նչ եք հասկանում, Ս. Դեմիրճյանը պատասխանել է. «Փոխզիջում ասելով՝ ես հասկանում եմ ոչ միակողմանի զիջում»: