Ինչպես եւ սպասվում էր, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց մարտի 1-ին սպանված զինծառայող Տիգրան Աբգարյանի մոր` Ռուզաննա Հարությունյանի բողոքը:
Հիշեցնենք, որ զինվորի մայրը դատարանից պահանջում էր ճանաչել Գլխավոր դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության անգործությունը, քանի որ 2 տարուց ավելի ժամկետում նրանք ոչինչ չեն արել իր որդու սպանությունը բացահայտելու համար: Դատավոր Գագիկ Խանդանյանը ընդամենը 2 րոպեում կարդաց մերժման տեքստը: Երբ նա տեղից բարձրացավ եւ պատրաստվում էր հեռանալ, զոհերի հարազատները, որոնք մի մարդու նման ներկա են բոլոր դատավարություններին, կանգնեցին եւ սկսեցին ծափահարել ու գոռալ. «Կեցցե արդարությունը, կեցցե մեր արդար դատարանը»: Ընդ որում, դատավորը հարկ չհամարեց բողոքարկող կողմին ներկայացնել, թե հատկապես ինչ հիմքով է բողոքը մերժվում: Նիստի ավարտին տիկին Ռուզաննան Գլխավոր դատախազության ավագ քննիչ Հարություն Հարությունյանից խնդրեց իրեն տրամադրել գրավոր փաստաթուղթ, որտեղ նշված կլինի, թե այդ ինչ գործեր են իրենք կատարել ու ինչ բացահայտումներ են արել, որ իր բողոքը համարվում է անհիմն: «Մի բան արել ե՞ք, ասեք, գոնե մի բարձրաստիճան սպայի հարցաքննե՞լ եք, թեկուզ մի չնչին բան բացահայտե՞լ եք, թե՞ ոչ»,- արցունքն աչքերին հարցնում էր Տիգրանի մայրը: Պարոն Հարությունյանը խիստ արհամարհական տոնով պատասխանեց. «Եթե հարցեր կան, դիմեք քննչական մարմնին»:
Թեեւ դատարանի վճիռն անակնկալ չէր, դեռ նիստից առաջ բոլորն էլ անգիր գիտեին այն, ինչ հրապարակեց դատավորը, այնուամենայնիվ, զոհվածների հարազատների վրդովմունքին չափ ու սահման չկար: Տիկին Ռուզաննան մեզ հետ զրույցում ասաց, որ միակ ելքը Հայաստանից հեռանալն է. «Ես դիմելու եմ Թուրքիային, ազգությունս փոխելու եմ ու նրանցից պատասխան եմ խնդրելու: Իբր ի՞նչ իրավական երկրում ենք ապրում, որ մարդ կարողանա այստեղ բողոքել: Ես եմ սխալ վարվել, որ տղայիս բանակ եմ ուղարկել: Ես պետք է 10 հազար դոլար կաշառք տայի, իմ տղային ազատեի, որ նա ծառայության չգնար: Այ էդ ժամանակ ամեն ինչ լավ կլիներ»: Տիկին Ռուզաննան ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես չեն կարողանում բացահայտել իր որդուն սպանողին կամ պատասխանատվության ենթարկել զորամասի պատասխանատուներին. «Երբ տղայիս գնդակահարել են, նրա հրամանատարը կողքին կանգնած է եղել: Գոնե նրան հարցաքննե՞լ են: Ընդամենը 2 բան եմ ուզում իմանալ. ո՞վ հրամայեց, որ 7 ամսվա ծառայողին տանեն կանգնեցնեն քաղաքի կենտրոնում, եւ ո՞վ ձեռք բարձրացրեց տղայիս վրա: Ես իրենց հարց եմ տալիս, ասում եմ՝ գոնե իմ տղայի գործին մի տող ավելացրե՞լ եք, Վահագն Հարությունյանն ինձ պատասխանում է, թե՝ տողերը չենք հաշվել: Գոնե մեր վիշտը չեն հարգում»: Զոհվածներից մեկի` Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանն էլ ասաց, որ նախքան դատարան դիմելն էլ իրենք գիտեին, որ գործը այսպիսի ընթացք է ստանալու, պարզապես պետք է անցնեին այս ձեւական փուլերով, որպեսզի հիմք ունենան դիմելու Եվրոդատարան:
Իր տղայի սպանության գործով դատաքննությանը առողջական վիճակի վատթարացման պատճառով չէր կարողացել ներկայանալ Տիգրանի հայրը` Էդիկ Աբգարյանը, որը որդու մահից հետո երկրորդ անգամ ինֆարկտ էր ստացել:
Դատարանի կողմից տրամադրված վճռում նշված էր. «Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների արդյունավետ քննություն իրականացնելու, ինչպես նաեւ՝ Ռուզաննա Հարությունյանին արդարացի փոխհատուցում տրամադրելու մասին բողոքը ենթակա է մերժման, քանի որ ՀՀ քրեական դատարանի օրենսգրքով այդպիսի քննչական կամ դատավարական գործողություններ նախատեսված չեն: Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, դատարան բողոքներ կարող են ներկայացնել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումների եւ գործողությունների օրինական եւ հիմնավոր չլինելու դեմ: Այսինքն, ներկայացված պահանջը դատական վերահսկողության ոլորտից դուրս է»: Որպես վերջաբան` դատական վճռում նշված էր, որ բողոքարկվող գործողությունները կատարվել են օրենքին համապատասխան, եւ որեւէ անձի իրավունքներ կամ ազատություններ չեն խախտվել:
Թե նախքան դատական նիստը, եւ թե նիստի ավարտից հետո, զոհվածների հարազատները սպանվածների նկարներով կանգնում են դատարանի շենքի առաջ` պահանջելով իրականացնել արդար դատաքննություն, սակայն նրանց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում:
Զինվորի մայրը, որպես տուժողի իրավահաջորդ, 10-օրյա ժամկետում կդիմի ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` մերժման որոշումը բողոքարկելու:
Նշենք նաեւ, որ դատական նիստերի ընթացքում բողոքարկող կողմի փաստաբան Արտակ Զեյնալյանը առնվազն 10 անգամ բարձրաձայնել է, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ հրազենով զինված են եղել միայն ՀՀ զինված ուժերի եւ իրավապահ մարմինների աշխատակիցները եւ նրանց վերահսկողության տակ գտնվող այլ զինված խմբավորումները: Փաստորեն, դատարանը այս տեղեկատվությունը եւս համարեց ոչ հավաստի, հակառակ դեպքում ապացուցված կլիներ այն, որ պետությունը խախտել է իր քաղաքացիների կյանքի իրավունքը: