«Ասեմ՝ գան, գնդակահարե՞ն»

02/06/2010

Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, գիտնական Արտաշես Զիրոյանը Գեղարքունիքի մարզի զարգացման, այստեղ աշխատատեղերի ստեղծման մասին ծրագիր է մշակել, բայց այն մնացել է թղթի վրա: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Զիրոյանն ասել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի եւ Գավառ բնակավայրերում դեռեւս հին ժամանակներում «մեր պապերը» ծխախոտագործությամբ էին զբաղվում եւ բարձրորակ բերք ստանում: «Բայց այսօր ծխախոտագործությունը տեղափոխվել է Արարատյան դաշտավայր կամ Տավուշի մարզ: Խայտառակություն է, չէ՞ որ այնտեղի հողերը բերրի են, եւ դրանք պետք է օգտագործել պտղատու ծառերի` խաղողի, ծիրանի ու բանջարաբոստանային կուլտուրաների աճեցմամբ: Իսկ էսօր «Գրանդ Քենդին» տարել, ընդեղ ա դեմ արել»,- վրդովված ասել է Բնապահպանության նախարարության պաշտոնյան` նկատի ունենալով գործարար Հրանտ Վարդանյանին, ով ծխախոտի արտադրությամբ է զբաղվում, իսկ Տավուշի մարզում եւ Արարատյան դաշտավայրում նրա պատվերով մարդիկ ծխախոտագործությամբ են զբաղվում: Նրա խոսքով, Գեղարքունիքի մարզի նշված բնակավայրերում ծխախոտի որակը ավելի բարձր է, քան Արարատյան դաշտավայրինը: Հարցին, թե` առաջարկը ներկայացրե՞լ է Հրանտ Վարդանյանին, Ա. Զիրոյանը պատասխանել է. «Ո՞ւմ ասեմ է, ասեմ` գան, գնդակահարե՞ն, նրան ձեռք ա տալիս էդ հատվածներում անի, որովհետեւ տերեւների մակերեսը մեծ է, բայց չի հասկանում, որ Մարտունիում կենսաակտիվ նյութերն ավելի բարձրորակ են, այնտեղի ծխախոտը ավելի որակով է»: Ա. Զիրոյանի` մշակած եւ դեռեւս կյանքի չկոչված մյուս ծրագիրը Գեղարքունիքի մարզում ուղղված է կարտոֆիլի կուտակումները վերացնելուն: Ըստ նրա` այսօր բավականին մեծ քանակությամբ կարտոֆիլ է կուտակված Վարդենիսում, Մարտունիում, որը գյուղացուն չի հաջողվում իրացնել: «Այսօր կարտոֆիլի այնպիսի սորտեր կան, որոնք 70-80 տոկոս օսլա են պարունակում, դրանք կարելի է դնել արտադրության մեջ ու թուղթ արտադրել, թղթի արտադրություն ստեղծենք, որի համար գործարան է պետք: Էդ ի՞նչ ա, որ ուզենա Ծառուկյան Գագոն չի՞ կարա էդ ամեն ինչը սարքի: Թուղթ սարքենք, թուղթը վաճառենք, թե չէ հիմա կարտոֆիլը չենք կարողանում իրացնել»,- ասել է նա: