Դա այն գինն է, որը Թուրքիան վճարում է

02/06/2010

Չբավարարվելով տարածաշրջանը տիրապետելու իր նոր օսմանյան քաղաքականությամբ, Թուրքիան որոշել է ընդլայնել իր ազդեցության ծիրը շատ ավելի հեռուներում՝ երկրագնդի չորս կողմերում: Սակայն, երբ Թուրքիան պաղեստինցիների տառապանքների նկատմամբ ձեւական կարեկցանք ցուցաբերեց իսլամական աշխարհը սիրաշահելու համար, նա շրջվեց իր վաղեմի քաղաքական եւ ռազմավարական գործընկեր Իսրայելից եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից: Վերջերս Բրազիլիայի նախագահի հետ Իրան կատարած եւ լայնորեն լուսաբանված իր այցից քաջալերված, ինչպես նաեւ՝ Հարավային Ամերիկայի երկրների կողմից Հայոց ցեղասպանության հարաճուն ճանաչմանը հակազդելու մղումով տոգորված, վարչապետ Էրդողանն անցյալ շաբաթ ձեռնամուխ եղավ իր առաջին ուղեւորությանը Արգենտինա, Բրազիլիա եւ Չիլի:

Արգենտինայում Թուրքիայի դեսպանն այս այցը նախապատրաստելիս եռանդուն աշխատանքներ էր տարել տեղական իշխանությունների հետ, որպեսզի թույլատրեն Էրդողանին, յոթ նախարարների եւ 300 գործարարների ուղեկցությամբ, հանդիսավորությամբ բացել Քեմալ Աթաթուրքի կիսանդրին Բուենոս Այրեսի խոշոր զբոսայգիներից մեկում: Ի պատասխան թուրք դեսպանի լոբբիստական ջանքերի, տեղի հայկական համայնքը անցավ հակահարվածների՝ վճարովի հայտարարություններ տեղադրելով երկու խոշոր թերթերում եւ Բուենոս Այրեսի քաղաքապետարանից պահանջելով չմեծարել Աթաթուրքին, վերջինիս մեղադրելով Երիտթուրքերի վարչակարգի նախաձեռնած Ցեղասպանությունը շարունակելու մեջ: Հայերն իրենց բողոքն արտահայտեցին նաեւ Էրդողանի այցի դեմ` մեղադրելով նրան Ցեղասպանության ժխտողական կառավարություն գլխավորելու համար:

Բուենոս Այրեսի իշխանությունները դրականորեն արձագանքեցին հայերի մտահոգություններին` շնորհիվ տեղի հայ համայնքի հետ ունեցած վաղեմի ջերմ կապերի: Ավելին, վերջին տարիներին քաղաքային իշխանությունները երկու դասագիրք են հրատարակել Հայոց ցեղասպանության մասին, որոնցով դասավանդում են քաղաքի դպրոցներում: Կարեւոր է, որ այդ դասագրքերում լուսաբանված է Աթաթուրքի ունեցած դերն իր նախորդների ցեղասպան գործունեությունը շարունակելու գործում: Թուրքական պլանները վերջիվերջո ձախողվեցին, երբ բացահայտվեց, որ Թուրքիայի դեսպանը փորձել էր խաբել Բուենոս Այրեսի քաղաքային իշխանություններին: Նա կեղծորեն պնդել էր, թե պարզապես թույտվություն է հայցում Աթաթուրքի՝ մի քանի տարի առաջ իբր թե կորած կիսանդրին փոխարինելու համար: Դեսպանը քաղաքային իշխանություններից խնդրել էր շտապ որոշում կայացնել, որպեսզի Աթաթուրքի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունենա Թուրքիայի վարչապետի՝ մայիսի 31-ին Արգենտինա կատարելիք այցի ժամանակ:

Թուրքիայի դեսպանի պահանջները քննարկելիս, Բուենոս Այրեսի իշխանությունները հայտնաբերեցին, որ Աթաթուրքի կիսանդրին այդ զբոսայգում երբեք չի եղել: Իրականում այդ տեղում եղել է մարդու իրավունքների եգիպտացի նշանավոր պաշտպանի կիսանդրին: Արգենտինայի խոշոր արաբական համայնքը չափազանց վրդովվել էր, իմանալով, որ թուրք դեսպանը կեղծ փաստարկներ բերելով, փորձել էր իրենց սիրելի հերոսի կորած կիսանդրին փոխարինել Աթաթուրքի կիսանդրով:

Թուրքիայի դեսպանը միտումնավոր կեղծել էր փաստերը` շատ լավ գիտակցելով, որ քաղաքային իշխանությունները չեն համաձայնի օրենք ընդունել, որով կթույլատրվի Աթաթուրքի կիսանդրու տեղադրումը: Դեսպանը փորձել էր խաբել նրանց` խնդրելով թույլ տալ պարզապես փոխարինել «կորած» կիսանդրին:

Երբ Էրդողանն իմացավ, որ Աթաթուրքի կիսանդրու տեղադրումը չի կայանալու, նա Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրշներից պահանջեց վերանայել քաղաքային իշխանությունների որոշումը: Սակայն, Կիրշները բացատրեց, որ նա այդպիսի քայլ անելու իրավասություն չունի, քանզի Բուենոս Այրեսը ինքնուրույն ղեկավարություն ունի, եւ տեղական հարցերին միջամտելու ցանկացած փորձ Արգենտինայի ժողովրդավարական սահմանադրության խախտում կլինի: Չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը Աթաթուրքի երկրպագուն չէ, այլ` իսլամիստ, սակայն նա ստիպված էր պաշտպանել Թուրքիայի հարգված հիմնադիր եւ ազգային հերոս Աթաթուրքի «պատիվը»: Հակառակ դեպքում, տուն վերադառնալով՝ վարչապետը լուրջ հարձակումների թիրախ կդառնար թուրք ազգայնականների եւ հզոր բանակի կողմից: Վերջին հարցախույզերի համաձայն՝ նրա կուսակցությունը (AKP) իշխանության գալուց հետո առաջին անգամ մի փոքր զիջում է ընդդիմադիր Քեմալիստական կուսակցությանը (CHP), որը կարող է լուրջ անհանգստության պատճառ դառնալ վարչապետի համար հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այս իրավիճակում Էրդողանը ստիպված էր չեղյալ հայտարարել իր չափից ավելի գովաբանված ուղեւորությունը Արգենտինա` Բրազիլիա այցելելուց հետո: Զարմանալի չէ, որ Թուրքիայի ԱԳՆ-ն զայրույթով մեղադրեց Արգենտինայի հայ համայնքին՝ վարչապետի վճռորոշ այցը ձախողելու համար:

Առաջին անգամ է, որ Թուրքիայի մի վարչապետ ստիպված է ընդհատել իր արտասահմանյան այցը՝ հայ համայնքի աչալրջության շնորհիվ: Պետք է արժանին մատուցել արգենտինահայերին՝ իրենց արդյունավետ գործունեության համար: Աշխարհասփյուռ հայկական համայնքները պետք է հետեւեն նրանց օրինակին՝ իրականացնելով օրենքի շրջանակներում թույլատրելի բոլոր միջոցները թուրք պաշտոնյաների այցերը, ռազմական եւ առեւտրային պայմանագրերը չեղյալ հայտարարելու, ինչպես նաեւ՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու ուղղությամբ, ընդհուպ՝ մինչեւ դեսպանների հետկանչը:

Թուրքիայի ղեկավարներին պետք է մշտապես հիշեցնել իրենց նախնիների գործած զանգվածային ոճրագործությունների մասին: Քանի դեռ Թուրքիայի կառավարությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ պատշաճ փոխհատուցում չի կատարել, ապա ստիպված է քաղաքական ու տնտեսական շատ թանկ գին վճարել տարիներ շարունակ:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր