ՀՀ Առողջապահության նախարարության կայքէջում ընթերցում ենք շրջանառության մեջ դրված «Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության» չափորոշիչները. նշված են հիվանդությունների եւ սոցիալական խմբերի համար նախատեսված պետական պատվերները:
Նշյալ փաստաթղթերով բավական մանրամասն նկարագրվում է բնակչությանը պետական միջոցներով տրամադրվող բուժօգնության կարգերն ու չափորոշիչները: Այնուհետեւ նշվում է, որ բնակչության բժշկական օգնություն ստանալու իրավունքը բուժաշխատողների կողմից թերանալու կամ չկատարելու դեպքում` նրանք կենթարկվեն պատասխանատվության: Մայրաքաղաքի գրեթե բոլոր բուժհիմնարկներում, սակայն, պետպատվերի շրջանակներում տրվող բուժսպասարկումը ոչ միայն թերի է կատարվում, այլեւ շատ հաճախ մարդիկ արհամարհական վերաբերմունքի են արժանանում:
75-ամյա Գոհար Ասատրյանը ողնաշարի, նյարդային համակարգի խնդիրների հետեւանքով աստիճանաբար կորցնում է կենսունակությունը: Ֆիզիկապես շարժվելու դժվարությունները հաղթահարելով` Քանաքեռ-Զեյթուն համայնքից եկել էր խմբագրություն: «Ամո՛թ մեր երկրի կառավարիչներին»,- լաց լինելով՝ ասում է ծեր կինը: Տիկին Գոհարը իշխանության ներկայացուցիչներին նախազգուշացնում է, որ ծերությունն անխուսափելի երեւույթ է եւ մի օր իրենց դուռն էլ է թակելու. «Էս ինչպե՞ս են վերաբերվում մեր նման թոշակառուներին, ինչպե՞ս են արհամարհում ու որպես մարդ ոչնչացնում: Իրենց ծնողների հետ էսպես կվարվեի՞ն»: Տիկին Գոհարը 3-րդ կարգի հաշմանդամ, միայնակ թոշակառու է, ով կեցությունն ապահովում է 36.000 դրամ կենսաթոշակով: Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ ողնաշարի եւ կոնքոսկրերի շրջանում սուր ցավեր է ունենում, ինչի պատճառով աստիճանաբար զրկվում է քայլելու կարողությունից: Ամիսներ առաջ դիմել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 16 պոլիկլինիկա, որտեղ թերապեւտը, լսելով նրա գանգատներն, անմիջապես ուղեգրել է հիվանդանոց. «Բժիշկն ինձ ասաց, որ նյարդային համակարգի հետ կապված հիվանդություն է, բայց պոլիկլինիկ պայմաններում չեն կարող բուժել: Պոլիկլինիկայում ռենտգեն արեցին: Բժիշկն ինձ ուղեգիր տվեց»: Մայիսի 12-ին Գոհար Ասատրյանը հիվանդանոցներից մեկում հաշվառվում է որպես անվճար հիմունքներով բուժօգնություն ստանալու իրավունք ունեցող ուղեգրված հիվանդ: «Ինձ պառկացրեցին մի հիվանդասենյակում, որտեղ եւս երեք հոգի կային: Հիվանդանոցն այդ հինգ օրվա մեջ ինձ տվել է միայն մեկ մահճակալ, ուրիշ ոչինչ, բացի որպես մարդ ստորացնելու ու նվաստացնելու զգացումներից: Մի աննկարագրելի անկողին էր, որի մեջ պառկելը խիստ հակահիգիենիկ էր»,- պատմում է նա` ասելով, որ նման հիվանդ վիճակով ստիպված է եղել տանից սպիտակեղեն տեղափոխել հիվանդանոց: Տիկին Գոհարն ասում է, որ միայն ռենտգեն հետազոտություն են կատարել, անալիզներն են լաբորատոր զննության ենթարկել, բայց այդպես էլ հիվանդության ախտորոշման եւ հետագա զարգացումների կամ կանխարգելիչ միջոցների վերաբերյալ տեղեկատվություն իրեն չեն փոխանցել: «Ինձ ասացին, որ հիվանդանոցը դեղորայք չունի, պետությունը չի տրամադրում, եւ իմ բուժման համար պահանջվող դեղերը ես պիտի գնեմ: 5 օր եմ պառկել ու բոլոր դեղերը ես եմ գնել: Այսինքն` մի դեպքում ես հիվանդ եմ, որն իրենց մասնագիտական օգնության կարիքն ունի, մյուս դեպքում էլ` միայնակ մարդ լինելով` պիտի իրենց պահանջածը բերեմ, որ ինձ օգնեն: Ես իրենց ասում եմ` ախր հաշմանդամ թոշակառուների համար մեր պետությունը վճարում է, չէ՞, բա էլ անվճարի իմաստը ո՞րն է, եթե ես ամեն ինչ պիտի գնեմ: Ասում են` չէ, պետությունը մեզ դեղի փող չի տալիս»,- տարակուսած պատմում է տիկին Գոհարը: Վերջինս ասում է, որ այդ հիվանդանոցում գտնվելու ժամանակ մի երեկո աննկարագրելի սուր ցավեր է ունեցել, որի պատճառով չի կարողացել քնել: Բժիշկներից մեկին խնդրել է թմրեցնող, հանգստացնող դեղորայք ներարկել. պատասխանը եղել է` «դեղ չունենք». «Էդպես ցավերից տանջվելով էլ գիշերն անցկացրեցի: Բժիշկն ասաց` դեղը բեր, սրսկենք, բայց ես անկողնում ցավից գալարվում էի, ո՞նց բերեի: Եթե հիվանդանոցը պետբյուջեի հաշվին հաշմանդամ թոշակառուին բուժում է, բայց ոչ դեղով, ոչ սպիտակեղենով է ապահովում ու ոչ էլ վերջում բուժում է, էլ ի՞նչ պետպատվեր, ի՞նչ բուժում: Հասկանո՞ւմ եք, դա հիվանդանոց է, որտեղ մարդիկ հիվանդ ու անօգնական են: Սակայն լինելով բժիշկ՝ իրենք քեզ համար ոչինչ չեն անում: Փաստորեն ինձ տվեցին մի մահճակալ ու համարեցին, որ պետական պատվերը կատարել են: Այսինքն` պետության ցույց տված ճանապարհը մա՞հն է: Ա՛յ պետություն, եթե ես հիվանդ հալով պիտի իմ դեղերն առնեմ ու բուժվեմ, բա դու ինչացո՞ւ ես, ինչի՞ ես իմ անունից պետական փողերը դուրս գրում: Մարդիկ փոխվել են, իրար չեն օգնում, իրար մասին հոգ չեն տանում: Մեր երկրի դրությունն էս ինչքա՞ն վատ է: Հետո էլ ասում են` թոշակառուները հին ժամանակների հանդեպ կարոտախտով են ապրում: Ես իմ դարաշրջանը երբեք չեմ փոխի էս անմարդկային ժամանակաշրջանի հետ: Մեկ էլ 1958թ. եմ հիվանդանոց ընկել` կույր աղիքի վիրահատության համար: Էն ժամանակ բժշկին հիվանդը համարում էր իր փրկիչը, որովհետեւ նա գիտեր, որ իր աշխատանքը կախված է հիվանդին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելուց: Որպես մարդ էլ բժիշկներն ուրիշ էին: Մտնում էիր հիվանդանոց՝ վստահ էիր, որ բժիշկների վրա կարող ես հույս դնել, հիվանդի համար ամեն ինչ կանեն, հոգատար են: Հիմա մտնում ես հիվանդանոց, ոնց որ ստադիոնում ֆուտբոլի գնդակ տշեն»:
Հայաստանում բնակչությանը տրամադրվող բժշկական օգնության որակի բարելավման եւ կառավարման համար գոյություն ունի հայեցակարգ, որով սահմանվում են հասարակական անվտանգության ու հանրության առողջության պաշտպանության համար անհրաժեշտ պայմանները: Ընդ որում` ՀՀ Առողջապահության նախարարությունն, արդեն քանի տարի է, նախատեսում է ստեղծել բնակչության շահերի պաշտպանության այնպիսի մեխանիզմներ, որոնք անկախ տարիքից, սեռից, օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակից, հիմնական եւ ուղեկցող հիվանդություններից, պետք է ապահովեն անձի առողջության համար օպտիմալ արդյունքի բերող ախտորոշիչ եւ բուժական համալիր միջոցառումներ: Ծանոթանալով պետական այս փաստաթղթի պահանջներին ու գործառույթներին՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր երկիրը վաղուց արդեն բնակչության բուժսպասարկման «իդեալական» մոդել է ստեղծել, որն, ի դեպ, դեռեւս «կատարելագործման» փուլում է:
Հ.Գ. Բուժհաստատության անվանումը հատուկ չենք նշում, որպեսզի թոշակառու կինը հետագա բուժօգնություն ստանալու հարցում խնդիրներ չունենա: Երեկ մենք նաեւ կապվեցինք ՀՀ ԱՆ Հասարակայնության հետ կապերի բաժնի հետ: Այստեղից հաստատեցին, որ միայնակ թոշակառու, 3-րդ կարգի հաշմանդամ Գոհար Ասատրյանի կարգավիճակը պարտադրում է բուժսպասարկումն իրականացնել պետպատվերի շրջանակներում: Ապա խոստացան գրանցել նրա տվյալները եւ անմիջապես կազմակերպել ստացիոնար բուժումը: