«Միանշանակ է, որ Թուրքիային չի հաջողվելու ինչ-որ կերպ խցկվել Արցախի հակամարտությունը կարգավորող միջնորդների շրջան, անգամ՝ եթե 100 Կիրիլով նման կարգի խորհուրդներ մեզ տան: Եվ դա հստակ է: Թուրքիային տարածաշրջանում հավասարակշիռ երկրի համբավ եւ դերակատարություն ունենալու շանս էր տրված, բայց նա` տապալելով հայ-թուրքական արձանագրությունները, չկարողացավ դա օգտագործել»,- Panorama.am-ի հետ զրույցում երեկ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր, 2216 բանաձեւի հեղինակ Եվգենի Կիրիլովի այն արտահայտությանը, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի ներգրավումը կարեւոր է: «Գիտեք, ես այնպիսի տպավորություն ունեմ, որ վերջին շրջանում Ադրբեջանը, առաջին դեմքերի մակարդակով, անընդհատ ջանում է միջազգային նորմերը սեփականաշնորհել` դրանք փորձելով հարմարեցնել իրենց սեփական ճաշակին: Սա առնվազն զավեշտ է, եւ ես ուղղակի չէի էլ ցանկանա, որ շատ լուրջ վերաբերվեինք նման կարգի հայտարարություններին: Բայց որ մենք պետք է լուրջ վերաբերվենք նման ատյաններում նման կարգի բանաձեւեր ընդունվելուն եւ պետք է կարողանանք լուրջ հետեւություններ անել դրանից` յուրաքանչյուրս գիտակցելով պատասխանատվության մեր բաժինը, դա միանշանակ է»,- ասել է նա: Անդրադառնալով Եվգենի Կիրիլովի հայտարարությանը, թե ինքը զարմացած է հայաստանյան «որոշ պաշտոնյաների դիրքորոշումից»` ակնարկելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գնահատականները 2216 բանաձեւի վերաբերյալ, Ն. Զոհրաբյանը նշել է. «Ինչ վերաբերում է Կիրիլովի զառանցանքներին, ապա ես որեւէ կերպ չեմ ցանկանում դրանց անդրադառնալ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ունի մեկ հստակ լուծում. այն պետք է լուծվի միջազգային նորմերին համապատասխան, 3 հիմնարար սկզբունքների շրջանակում` ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի չկիրառում: Այս սկզբունքների շրջանակում երբ որ հարցը լուծվի, բնականաբար, որպես առաջնահերթ խնդիր լուծելով հակամարտության բուն պատճառը, այսինքն` ԼՂՀ ինքնորոշման խնդիրը, հնարավոր է քննարկենք հետեւանքների լուծումը: Սա՛ է խնդիրը, եւ ինձ ուղղակի զարմացնում է Եվրախորհրդարանի անդամ պատգամավորի ցինիզմը` միջազգային նորմերը խեղաթյուրելու եւ սեփական անձը ադրբեջանա-թուրքական լոբբիին համապատասխանեցնելու ձգտումը»: