Ճնշում են այլակարծությունը

02/06/2010

Մի քանի հասարակական կազմակերպություններ (Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հելսինկյան ասոցիացիան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը եւ «Մենք պլյուս» հ/կ-ն) երեկ հանդես են եկել հայտարարությամբ` ընդդեմ Ոստիկանության գործողությունների: «2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների եւ Ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երեւանի «Ազատության» հրապարակ: Օրենքի ակնհայտ խախտումով, ցինիզմի հասնող պատճառաբանություններով, ոտնահարվում է Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը մայրաքաղաքի մի տարածքում` ըստ քաղաքական պատկանելության: Ավելին, փորձելով ստեղծել հասարակական կարգի խախտման պատրանքներ` ապօրինաբար Ոստիկանության բաժանմունքներ բերման են ենթարկում օրենքի շրջանակներում գործող բողոքի ակցիայի մասնակիցներին եւ լուսաբանող լրագրողներին: Կիրառվում են ակնհայտ եւ հրապարակային բռնություններ նույնիսկ կանանց եւ անչափահասների նկատմամբ: Նման գործելաոճի ակնհայտ դրսեւորում է «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանի, ՀԱԿ-ի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի ու Սարգիս Գեւորգյանի` 2010թ. մայիսի 31-ին Ոստիկանության բաժին բերման ենթարկվելը եւ մինչ օրս ապօրինի անազատության մեջ գտնվելը: Այս ամենը վերստին հաստատում է Հայաստանի իշխանությունների կողմից զինվորաոստիկանական մեթոդների կիրառումը՝ ճնշելու ցանկացած այլակարծության դրսեւորում»,- ասված է հայտարարության մեջ: