Կիրակի օրը տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման «Հայոց պետականության հրամայականը» խորագրով առաջին խորհրդաժողովը, որին մասնակցել են քաղաքական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, երիտասարդներ: «Սարդարապատ» շարժման նախաձեռնած խորհրդաժողովում նշվել է, որ իշխող հակաազգային ու հակապետական ռեժիմի պայմաններում արդար ընտրությունների անցկացումը անհնար է, ուստի անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային Խորհրդարան: Այն պետք է ապահովի հայաստանակենտրոնության սկզբունքին հավատարիմ մարդկանց եւ ուժերի համագործակցության դաշտը, ինչպես եւ առավել լայն բազմակարծություն եւ քաղաքացիական հասարակության բազմազանության հնարավորությունը:
«Ստեղծվելիք Խորհրդարանը հիմք կհանդիսանա քաղաքական միջավայրի վերականգնման, քաղաքական ուժերի կայացման, նոր գաղափարների եւ մոտեցումների, ծրագրերի եւ մթնոլորտի բյուրեղացման համար, իբրեւ նոր Հայաստանի կայացման եւ հայկական պետականության զարգացման ուղենիշ»,- նշված է «Սարդարապատ» շարժման տարածած հաղորդագրությունում: