Երեկ հայրենի ոստիկանությունը հերթական անգամ հիշեցրել է իր գոյության մասին: Ոստիկանները բռնություն են կիրառել Ազատության հրապարակում արդեն երեք օր նստացույց անող նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի եւ այդ ժամանակ հրապարակում գտնվող ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ: Այդ թվում` բռնությամբ Ոստիկանության Կենտրոնի բաժին են տարվել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Հայկական Ժամանակ» եւ «Հայք» օրաթերթերի լրագրողուհիներ Անի Գեւորգյանը, Սյուզի Պողոսյանն եւ Լիլիթ Թադեւոսյանը, ինչպես նաեւ՝ ՀԱԿ բազմաթիվ համակիրներ` ընդհանուր թվով 15 անձանց, որոնց թվում էլի կանայք են եղել: ՀԱԿ-ի անդամների եւ համակիրների նկատմամբ բռնությունները շարունակվել են նաեւ Սարյանի արձանի հարակից տարածքում: Ոստիկանության աշխատակիցները շրջափակել են արձանի հարակից տարածքը եւ սկսել են բերման ենթարկել ՀԱԿ-ի անդամներին: Այնուհետեւ Ոստիկանությունը «արագացված ռեժիմով» անհեթեթ հաղորդագրություններ տարածեց այն մասին, թե ինչպես է բերման ենթարկվածներից յուրաքանչյուրը «կարգ խախտել», «նվաստացրել ոստիկանին», եւ այլն, եւ այլն: Բերման ենթարկվածները Ոստիկանության Կենտրոնի բաժնում են պահվել մինչեւ ուշ գիշեր. այնտեղ նրանց նկատմամբ կրկին բռնություն է կիրառվել: Բացի այդ, ոստիկանները ծեծի են ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ հավաքված մարդկանց, այդ թվում` բազմաթիվ կանանց: Մի խոսքով, երեկ ոստիկանները առանձնակի դաժանությամբ են լցվել հատկապես կանանց նկատմամբ` եւս մեկ անգամ հաստատելով, որ ամենեւին պատահականություն չէ Ոստիկանության օրը հատկապես ապրիլի 16-ին նշելու հանգամանքը: