Չեղյալ է հայտարարել

31/05/2010

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը չեղյալ է հայտարարել իր այցը Արգենտինա` Աթաթուրքի կիսանդրու հետ կապված պատմության պատճառով: Լատինաամերիկյան շրջագայության ընթացքում Թուրքիայի վարչապետը Բուենոս Այրես պետք է ժամաներ երեկ, նույն օրը նախատեսված էր նրա հանդիպումը Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների հետ: Ըստ

BBC-ի, Ռեջեփ Էրդողանը չեղյալ է հայտարարել ծրագրված այցը, երբ Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունները տեղի հայ համայնքի բողոքներից հետո որոշել են չկատարել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանի բացման արարողությունը, որը տեղի էր ունենալու Թուրքիայի վարչապետի այցի շրջանակներում: Ակնկալվում էր, որ Բուենոս Այրեսի «Խորխե Նյուբերի» զբոսայգում Աթաթուրքի կիսանդրին բացելու է անձամբ Էրդողանը:

Քաղաքապետի ներկայացուցիչ Դիեգո Սանտիլին անցած շաբաթավերջին ներողություն էր խնդրել հայ համայնքից, իր իսկ բնորոշմամբ` «ծանր սխալի» համար, եւ խոստացել թույլ չտալ Մուսթաֆա Քեմալի հուշարձանի բացումը: Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Արգենտինայի հայկական կազմակերպություններին «թշնամական» միջամտության համար: Կիրակի օրը Թուրքիայի ԱԳՆ-ի հրապարակած պաշտոնական հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Արգենտինայի կառավարությունը այս քայլին է դիմել Թուրքիայի նկատմամբ թշնամաբար տրամադրված հայկական շրջանակների ճնշման ներքո»: Հաղորդվում է, որ Քրիստինա Կիրշները հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Էրդողանի հետ` հավաստիացնելով, որ հասկանում է նրա դիրքորոշումը, սակայն միաժամանակ շեշտելով, որ իր երկրի կառավարությունը չի կարող չեղյալ հայտարարել քաղաքային իշխանությունների որոշումը. «Դա կդիտվի որպես Արգենտինայի Սահմանադրության խախտում»,- թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` ասել է Արգենտինայի նախագահը: Ռիո դը Ժանեյրոյում ընթացող «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի շրջանակներում էլ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է իր արգենտինացի պաշտոնակից Խորխե Տայանայի հետ` պահանջելով վերանայել մայրաքաղաքային իշխանությունների որոշումը: «Մենք ակնկալում ենք, որ Արգենտինայի իշխանությունները համապատասխան քայլեր կձեռնարկեն, որպեսզի վերանայվի Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների այս սխալ որոշումը, որը ստվերում է մեր երկու պետությունների հարաբերությունները»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: