Իշխանությունը՝ թվերով

31/05/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ լրացավ Երեւանի ավագանու, նույնն է թե` քաղաքապետի ընտրությունների մեկ տարին:

Սա թեեւ համապետական ընտրություն չէր, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մայրաքաղաքում է կենտրոնացած հանրապետության բնակչության գրեթե կեսը եւ քաղաքականապես ակտիվ բնակչության մեծ մասը` իշխող «Հանրապետական» կուսակցությունն ամեն ինչ արեց իր հաղթանակն ապահովելու համար: Անցած 1 տարվա ընթացքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նույնպես իշխող կուսակցությունն ամեն ինչ արել է հաղթելու համար: Այս նույն արդյունքը ձեռք բերելու ակնկալիքով իշխող կուսակցությունը պատրաստվում է նաեւ 2012թ. խորհրդարանական ընտրություններին: Մինչեւ այդ ընտրությունները ՀՀԿ-ն իր դիրքերն է ամրացնում տեղական ինքնակառավարման մարմիններում: Դրա վկայությունն են վերջին ընտրությունները: Միայն մայիսին Հայաստանում տեղի են ունեցել ՏԻՄ 25 ընտրություններ, որտեղ 17 համայնքներում համայնքապետ են ընտրվել ՀՀԿ անդամները: Համեմատության համար ասենք, որ 25 նորընտիր համայնքապետերից միայն երեքն են իշխանական երկրորդ ուժի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Մյուս 5 համայնքապետերն անկուսակցական են: Եթե ներկայացնենք տոկոսային արտահայտությամբ, ապա ՀՀԿ-ն մայիսյան ընտրություններում ստացել է 68 տոկոս, ԲՀԿ-ն ապահովել է ընդամենը 12 տոկոս: Այս պայմաններում է տեղի ունենալու իշխանության համար մղվող պայքարն առաջիկայում: Բնականաբար, նաեւ ընդդիմության նշանակալի մասնակցությամբ: Ավելացնենք, որ 2010-ի այս 5 ամիսներին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել Հայաստանի 51 համայնքներում, եւ 32-ում հաղթել են դարձյալ ՀՀԿ-ի թեկնածուները` կուսակցությանն ապահովելով 62 տոկոսանոց հաղթանակ: Նույն ժամանակահատվածում համայնքապետ են դարձել ԲՀԿ-ի 5 թեկնածուներ` մոտ 10 տոկոս: Պատկերը շատ ավելի տպավորիչ է դառնում, երբ դիտարկում ենք ՀՀ բոլոր մեծ ու փոքր համայնքներն ամբողջությամբ: Այսպես, ՀՀ 913 համայնքներից 566-ում գյուղապետ կամ քաղաքապետ են ՀՀԿ-ի անդամները: 203 համայնքների ղեկավարներն անկուսակցական են, 54 համայնքապետեր դաշնակցական են: Որքան էլ տարօրինակ է, ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալուց հետո, այդ կուսակցության ներքին օղակները մնացել են իշխանության մեջ: 20 համայնքապետեր էլ «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ են: «Հանրապետական» կուսակցությունում կա ՀՀ բոլոր համայնքների ղեկավարների վիճակագրությունն՝ ըստ կուսակցական պատկանելության: Եվ այդ տվյալների համաձայն՝ 62 համայնքապետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ են: Մինչդեռ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը փոխանցեց, որ ԲՀԿ-ն ունի մոտ 80 համայնքապետ: Ամեն դեպքում, իշխանական երկու հիմնական ուժերին իշխանության լծակները շատ անհավասարաչափ է բաժին հասել: Եվ այս տրամաբանությամբ կարելի է կանխատեսել, որ առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն հավակնելու է անհամեմատ ավելի շատ տեղերի: Ասել, թե վերը նշված վիճակագրական պատկերն արտահայտում է ՀՀ ընտրողների գոնե մոտավոր ցանկությունը, միանշանակ սխալ կլինի, որովհետեւ բոլորին է հայտնի, որ իշխող կուսակցություններն իրենց նպատակներին հասնելու համար ցանկացած միջոց օգտագործել են: Այն, որ ՀՀԿ-ն կփորձի օգտագործել իր վարչական լծակները եւ նորից մեծամասնություն ունենալ հաջորդ խորհրդարանում, ակնհայտ է նաեւ այն փաստից, որ Հայաստանի 48 քաղաքներից 33-ի քաղաքապետերն այդ կուսակցության անդամ են: Երեւանից բացի, ՀՀ մյուս երկու խոշոր քաղաքների` Գյումրիի ու Վանաձորի քաղաքապետերը նույնպես ՀՀԿ-ական են: Արտաշատ, Արմավիր, Վայք, Ջերմուկ, Գորիս, Մեղրի, Դիլիջան, Բերդ, Ալավերդի, Արթիկ, Ապարան, Թալին ու այսպես՝ 33 քաղաքապետեր: Գ.Ծառուկյանին սատարող մարզ համարվող Կոտայքից Հրազդան քաղաքի ղեկավարը նույնպես ՀՀԿ-ից է: Իսկ ԲՀԿ-ն ունի ընդամենը 6 քաղաքապետ: Երեւանի 12 վարչական շրջաններից 9-ը նույնպես Նժդեհի գաղափարախոսության հետեւորդներ են: Երեւանում ու նշված բոլոր քաղաքներում միասին ապրում է Հայաստանի բնակչության մեծ մասը, եւ ՀՀԿ-ն իր վարչական լծակներն օգտագործելով նորից կփորձի մեծամասնություն ապահովել: Բնականաբար, ԲՀԿ-ն էլ կփորձի եթե ոչ՝ ավելացնել, ապա՝ գոնե պահպանել իր ներկայությունն ԱԺ-ում: Ամեն դեպքում, առաջիկա խորհրդարանական ընտրությունները թեժ են լինելու ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի պայքարի տեսանկյունից, հատկապես, երբ կարծիք կա, թե այն պայքար է լինելու նախկին եւ գործող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ:

Իշխանության վերարտադրությունն ապահովելու համար ՀՀԿ-ի միակ հույսը նորից իր վրա է, իր քաղաքապետերով ու գյուղապետերով ընտրազանգված ապահովելը: Այս դեպքում մի գյուղապետ ՀՀԿ-ի համար կարող է ավելի մեծ նշանակություն ունենալ, քան, ասենք, մի ամբողջ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Կամ` մի քաղաքի ղեկավար կարող է այնքան ձայն ապահովել, որքան երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Դրա համար էլ ՀՀԿ-ն այս փուլում իր դիրքերն է ամրացնում տեղական ինքնակառավարման մարմիններում:

Արդյո՞ք վերը նշված համամասնությունը կպահպանվի նաեւ 2012թ. ԱԺ ընտրությունների արդյունքում, հատկապես, որ այսօր էլ այդ կուսակցությունն ԱԺ-ում ունի մեծամասնություն: Այս ենթադրության հետ համաձայն չէ ԲՀԿ մամուլի խոսնակ Խ.Գալստյանը: «Հաշվի առնելով, որ դրանք ընտրված ղեկավարներ են, ունեն որոշակի էլեկտորատ, եւ իրենց կուսակցական պատկանելությունը որոշակիորեն կազդի նաեւ իրենց ընտրազանգվածի քաղաքական կողմնորոշման վրա: ՏԻՄ ընտրության դեպքում ընտրողը ձայնը տալիս է կոնկրետ անձի, բայց երբ խնդիր է դրվում՝ այս կամ այն քաղաքական կուսակցությանը նախապատվություն տալ, այստեղ իրավիճակը կարող է փոխվել: Թվում է, թե ՏԻՄ ընտրությունները պառլամենտական ընտրությունների հայելային արտացոլանքն են, բայց քանի որ մեր երկրում համապետական ընտրությունները խիստ տարբերվում են իրենց ստրատեգիայով, մարտավարությամբ, ապա, չեմ կարծում, որ այդպիսի համամասնությունը տեղ կգտնի նաեւ խորհրդարանում: Համապետական ընտրություններին միշտ ավելի մեծ ուշադրություն է դարձվում, քաղաքական ուժերն ավելի լուրջ են նախապատրաստվում: Համայնքներում ընդդիմությունը միգուցե 2-3 գյուղապետ ունի, բայց դա չի նշանակում, որ ընդհանուր սոցիալական տրամադրվածությունների մեջ այդ տոկոսն է ընդամենը ընդդիմությանն աջակցում»,- ասում է Խ. Գալստյանը:

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը չցանկացավ կանխատեսումներ անել, սակայն ասաց, թե «դինամիկան դրական է» իր կուսակցության համար: «Կարող եմ ընդամենը ասել, որ ՏԻՄ ընտրությունները, որոնք այս պահին մեզ համար բավականին հաջող են անցել, ցույց են տալիս, որ մեր հասարակության ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունն իր ձայնը տալիս է ՀՀԿ-ի թեկնածուներին: Հույս ունենք, որ նման դինամիկա կպահպանվի նաեւ խորհրդարանական ընտրություններին: Պարզապես այս ընտրությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով»,- ավելացրեց Է. Շարմազանովը:

Հ.Գ.
ՀՀԿ-ի գրասենյակից ստացած հետաքրքիր վիճակագրության շարքը սահմանափակենք մի տվյալով` ՀՀՇ կուսակցությունն ունի 1 գյուղապետ: Դա Աշոցքի շրջանի Բավրա գյուղի ղեկավարն է: Եվ բացառիկության կարգով նշենք այդ համայնքապետի անունը` Կորյուն Սումբուլյան: