Կարծելու եւ կանխատեսելու աննշմարելի սահմանը

31/05/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Ես կարծում եմ, որ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա տարին կավարտենք ավելի բարձր տնտեսական ցուցանիշներով, քան նախատեսված էր պետական բյուջեի մասին օրենքով»,- լրատվամիջոցներից մեկին նախօրեին ասել է Ազգային Ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Իհարկե, այն, որ ՀՆԱ աճը, շատ հավանական է, գերազանցի բյուջեով նախատեսված 1.2%-ը, նորություն չէ։ Սակայն կոնկրետ Գ. Մինասյանի խոսքերին արժե անդրադառնալ, քանի որ այնտեղ բավականին հետաքրքիր նրբերանգներ կան։ Ամենահետաքրքիրը թերեւս հետեւյալ մեջբերումն է։

«Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ ՀՆԱ-ի աճի մեջ շատ մեծ է արդյունաբերական ոլորտի ներդրումը, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 12.7 %-ով: Պետք է նշեմ, որ 8.8 %-ի չափով աճել են նաեւ շինարարության ոլորտի ցուցանիշները»,- ասել է Գ. Մինասյանը: Նրա խոսքերով, այստեղ մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ նախորդ տարի բազան, որի վրա հաշվարկվում է այս ցուցանիշը, հենց ապրիլ ամսին էապես նվազել էր, եւ հիմնականում այս հանգամանքով է պայմանավորված շինարարության ցուցանիշների աճը:

Փորձենք հասկանալ, թե ինչ է ուզում ասել Գ. Մինասյանը։ Նա փորձում է մեզ համոզել, որ ամեն ինչ շատ լավ է։ Ոչ միայն տնտեսության աճ ունենք, այլեւ՝ տնտեսության կառուցվածքի որակական փոփոխություն. արդյունաբերության տեսակարար կշիռն աճում է, շինարարությանը՝ նվազում։ Իսկ ինչ վերաբերում է շինարարության ոլորտի 8.8% աճին, ապա դա ոչ թե իսկական աճ է, այլ՝ տեխնիկական։ Այսինքն, մենք հստակ գիտակցել ենք, որ շինարարության վրա հիմնված տնտեսությունը շատ խոցելի է, սակայն, քանի որ անցյալ տարի ապրիլին մեծ անկում էր գրանցվել այս ոլորտում, դրա ֆոնին (մեր կամքից անկախ) շինարարության ոլորտի աճի ցուցանիշը այսպես մեծ է եղել։ Ամեն ինչ ճիշտ է։ Գրեթե ամեն ինչ։ Շինարարությունը նախորդ տարվա ապրիլին իրոք մեծ անկում է ապրել։ Օրինակ՝ 2009թ. մարտ ամսին շինարարության ծավալը կազմել է 24.8 միլիարդ դրամ, իսկ ապրիլին՝ 44.8%-ով պակաս՝ 13.7 միլիարդ։ Նշենք, որ այս տարվա ապրիլին նույնպես շինարարությունը անկում է ապրել մարտի համեմատ, 21.1%-ով (19.8 միլիարդ ապրիլին՝ մարտ ամսվա 25 միլիարդի դիմաց)։ Սակայն 44.8%-անոց անկման ֆոնին շատ բնական է, որ անգամ 21%-անոց անկման արդյունքում տարբերությունը դրական է եւ հանգեցրել է ընդհանուր կտրվածքով 8.8% աճի։

Եթե մեզ թույլ տանք մի փոքրիկ կանխատեսում անել, ապա, ամենայն հավանականությամբ, հաջորդ՝ հունվար-մայիս ցուցանիշը շատ ավելի ցածր կլինի 8.8%-ից, քանի որ նախորդ տարվա մայիսին շինարարության ոլորտը 152% աճ է արձանագրել ապրիլի նկատմամբ, իսկ հունիսին աճը կազմել է 93%։ Փաստորեն, եթե ԱՎԾ հաջորդ հրապարակումը նույնպես շինարարության ոլորտի զգալի աճ արձանագրի, դժվար կլինի այն բացատրել տեխնիկական պատճառներով։

Սակայն Գ. Մինասյանի խոսքերի մեջ էականը սա չէ։ Խնդիրն այն է, որ շինարարության աճի նույն բացատրությունը կարելի է տարածել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա։ Օրինակ, արդյունաբերությունը, որի 12.9 տոկոսանոց աճն այդքան գովերգվում է, նախորդ տարվա փետրվարին աճել էր 8.5 տոկոսով (հունվարի համեմատ), մարտին աճել էր 31%-ով (փետրվարի նկատմամբ), իսկ ապրիլին նվազել էր 9%-ով՝ մարտի համեմատ։ Այսինքն՝ կարելի է ասել, որ արդյունաբերության ոլորտի ցուցանիշների աճը նույնպես տեխնիկական բնույթ ունի։ Նույն կերպ՝ այդ տրամաբանությունը կարելի է տարածել ՀՆԱ-ի վրա։

Այսպես, նախորդ տարվա ապրիլի ընթացքում արտադրված ՀՆԱ-ն զիջել է մարտի ցուցանիշին 5.4%-ով։ Միգուցե հենց դրանո՞վ է պայմանավորված 7.2% տնտեսական աճի ցուցանիշը։

Գ. Մինասյանի ուշադրությունից դուրս է մնացել նաեւ այն հանգամանքը, որ այս տարվա ապրիլի ՀՆԱ-ն նույնպես 5.9% զիջում է նախորդ ամսվա ցուցանիշը, եւ ընդհանրապես՝ ամսական դինամիկան բացասական է բոլոր ոլորտներում։

Փոխարենը նա ընդգծել է, որ աճ է գրանցվել ոչ միայն ճգնաժամային տարվա համեմատ, այլեւ առաջընթաց կա նախաճգնաժամային՝ 2008 թվականի համեմատ: Հատկապես պետական բյուջեի եկամուտները` 2008 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել են 7.8 %-ով, իսկ ծախսերը՝ շուրջ 18 %-ով: Այստեղ էլ, իհարկե, չի նշվել, որ 2008թ. դոլարն արժեր 305 դրամ։ Իսկ քանի որ մեր հարկային մուտքերի մեջ մեծ կշիռ ունեն ներմուծումից գանձվող հարկերն ու տուրքերը, բնական է, որ դոլարային արտահայտությամբ նույն քանակի ներմուծման դեպքում պետք է աճեին թե՛ մաքսային արժեքները, թե՛ մաքսային մուտքերը։

Բայց դե սրանք մանրուքներ են։ Տնտեսական աճը, կամ ավելի ճիշտ՝ ՀՆԱ-ի աճի ցուցանիշը, շատ հավանական է, որ գերազանցի կանխատեսված 1.2%-ը։ Ու ամենեւին կապ չունի, որ այդ կանխատեսումները անում է հենց Գագիկ Մինասյանը, ում կանխատեսումները երբեք իրականություն չեն դարձել։ 2009թ. հունվարի 29-ին, ըստ panorama.am-ի, նա մասնագիտական հաշվարկներ էր կատարել եւ պնդում էր, որ ֆինանսա-տնտեսական ճգնաժամը կշարունակվի եւս կես տարի: «Դրանից հետո կամաց-կամաց տնտեսությունը կվերականգնվի: Այդ ժամանակահատվածն այդքան էլ մեծ չի»,- ասել էր նա։

2009թ. հունիսի 25-ին, երբ ճգնաժամը հասել էր իր գագաթնակետին, հայտարարել էր. «Ես կարծում եմ, որ տարեվերջին տնտեսական անկման ցուցանիշը շատ ավելի փոքր կլինի, քան 10 տոկոսը: Ես կարծում եմ, որ այս ցուցանիշը կլինի միջինը ԱՊՀ երկրների համար»։

Իսկ ամենաուշագրավը Գ. Մինասյանի այս տարվա հունվարին արած հայտարարությունն էր. «Կանխատեսել էինք, որ նախորդ տարվա ընթացքում պետք է ունենանք 9,2% տնտեսական աճ, սակայն ունեցանք 14,4% անկում։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, դեռեւս չեն սովորել ճիշտ կանխատեսումներ անել տնտեսական ճգնաժամի պայմաններում»։ Մնում է պարզել՝ թե կոնկրետ ովքե՞ր չեն սովորել կանխատեսումներ անել, եւ ինչպե՞ս տարբերել՝ ասվածը կանխատեսո՞ւմ է, թե՞ պարզապես անշառ կարծիք։