Կարեւորը` որոշում կայացնողները մենք լինենք

27/09/2005

Պետեր Կրալիչը «Հայաստան-2020» ծրագրում McKinsey&Co ծրագրերի
խորհրդի անդամն է եւ ներկայումս համարվում է Գերմանիայում եւ Բրազիլիայում
տնտեսական աճի ապահովմանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված հատուկ
ծրագրերի ղեկավարը: Նրա համոզմամբ, Հայաստանը պետք է զարգանա իր պետական
եւ մասնավոր ներուժի շնորհիվ, եւ չպետք է իր «ազգային ձեռնարկությունները
վաճառի արտասահմանցիներին»:

«Դրանով Հայաստանը կկորցնի որոշումներ կայացնելու իր իրավունքը»,-
համոզված է Պետեր Կրալիչը: Մեր հարցին, թե ի՞նչ պետք է անել, եթե
Հայաստանի ձեռնարկությունների հիմնական մասն արդեն իսկ տրամադրվել է
օտարերկրացիների կառավարմանը, Պետեր Կրալիչը պատասխանեց. «Անկախ նրանից`
ձեռնարկությունները պետակա՞ն են, թե՞ մասնավոր, շատ կարեւոր է, որ որոշում
կայացնողները լինեն ներսից, այսինքն` ամեն ինչ ներսից որոշվի: Այսպիսով,
դուք կունենաք լավ մենեջմենթ: Կարող եք նաեւ դրսից ներգրավել մարդկանց,
բայց այդ դեպքում շատ կարեւոր է, որ դրանց կառավարումը լինի ձեր ձեռքում»:
Ինչպես համաժողովի մյուս զեկուցողները, այնպես էլ դոկտոր Կրալիչը ծրագրի
իրագործման համար կարեւորեց Հայաստանի իշխանությունների աջակցությունը:
«Եթե որեւէ աջակցություն չլինի, ինչպե՞ս եք այն իրականացնելու» հարցին Պ.
Կրալիչը պատասխանեց. «Չգիտեմ` այն ինչպես կիրականացվի, բայց ակնհայտ է, որ
տարբեր ոլորտներում կառավարության դերը մեծ է: Այս ամենը կարող է տեղի
ունենալ օրենսդրական կամ այլ կարգավորումների օգնությամբ: Զարգացումը
կառավարության կողմից չի արվում, միակ ու կարեւորը խնդիրը, որը պետք է
լուծի կառավարությունը` զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելն է:
Կառավարության օգնությունը կլինի համապատասխան ակտերի միջոցով նպաստավոր
միջավայրի ստեղծումը: Ես գիտեմ կաշառակերության մասին, բայց չգիտեմ`
ինչքանով է այն զարգացած այստեղ: Այլ կերպ ասած` կառավարության
օգնությունը կլինի որոշ խոչընդոտների վերացումը»:

Կոռուպցիայի ծավալները պակասեցնելու հարցում Պ. Կրալիչը նույնպես կոնկրետ
առաջարկ չներկայացրեց. «Դա շատ դժվար եւ ծավալուն հարց է: Պարզ է`
Հայաստանի պայմաններում անկախ պաշտոնյան կաշառք կվերցնի, եւ դրա լուծման
ճանապարհներից մեկը կարող է լինել աշխատավարձի բարձրացումը, բայց դա շատ
երկար գործընթաց է»: Որպես տնտեսական աճի ապահովման մասնագետ, Պետեր
Կրալիչից հետաքրքրվեցինք` կարո՞ղ է արդյոք Հայաստանի տնտեսությունը 100
տարի, առանց Թուրքիայի հետ սահմանի բացման, ինչպես նշել էր Վարդան
Օսկանյանը, զարգանալ: Կամ` ինչպե՞ս է տնտեսության զարգացման վրա ազդում
ԼՂՀ հիմնախնդրի լուծված չլինելը: «Կարծում եմ, այս պայմաններում
զարգացումը շատ ավելի դժվար կլինի: Սերբիան էլ բլոկադայի մեջ էր եւ
կոնֆլիկտային խնդիր ուներ, եւ սա շատ բացասական ազդեցություն ունեցավ
Սերբիայի տնտեսության վրա: Այլ կերպ ասած, բլոկադան ազդում է ներդրումների
եւ այլ նմանատիպ զարգացումների համար անհրաժեշտ նախապայմաններ ստեղծելուն:
Ե՛վ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի կարգավորումը, եւ՛ Թուրքիայի հետ սահմանի
բացումը (չնայած նա լավ չի վարվում Հայաստանի հետ), բավականին դրական
ազդեցություն կունենա ձեր տնտեսության վրա: Դուք հիմա այս հարց?երում շատ
դժվար իրավիճակի մեջ եք հայտնվել»,- նկատեց Պետեր Կրալիչը:

Լ.Ս.