Կիրակի օրը Վրաստանի 64 համայնքներում անց են կացվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նախնական արդյունքներով դրանց մասնակցել է ընտրողների 40 տոկոսը: Ամենամեծ ուշադրությունը բեւեռված էր Թբիլիսիի ինքնակառավարման մարմինների ընտրություններին, քանի որ առաջին անգամ ուղղակի քվեարկությամբ ընտրվում էր Թբիլիսիի քաղաքապետը: Անցկացված հարցումների` էքզիթ փոլերի արդյունքներով՝ գործող քաղաքապետ, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակից Գիգի Ուգուլավան կշարունակի պաշտոնավարել, ստանալով ձայների ավելի քան 60 տոկոսը, մինչդեռ ընդդիմադիր թեկնածու Իրակլի Ալասանիան ստացել է քվեների մոտ 17 տոկոսը: Ընդհանուր առմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթող է ճանաչվել իշխող «Ազգային Շարժում» կուսակցությունը: Ընդդիմությունը դեռեւս բողոքի ալիք չի բարձրացրել` հայտարարելով, որ համատեղ խորհրդակցություն անցկացնելուց հետո հանդես կգան մեկնաբանությամբ: Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տարած Գեորգի Ուգուլավան դիմել է ընտրողներին եւ հայտարարել, որ մրցակիցների հետ պատրաստ է համագործակցել: