Հասարակության հիմարության մասին կասկածները չափազանցված են

31/05/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Երբ 1951 թվականին Պեր Լագերկվիստին Նոբելյան մրցանակ տվեցին, այն ձեւակերպեցին այսպես. «Գեղարվեստական ուժի եւ գրողի` բացարձակ անկախ մտորումների համար: Գրողին, ով փնտրում է մարդկության առաջ կանգնած հավերժական հարցերի պատասխանները»:

Դժվար չէ եզրակացնել` իսկական արվեստագետը կամ ցանկացած անհատ (գիտնական, քաղաքական գործիչ, պարզապես` քաղաքացի) գնահատվում է, իրենից արժեք է ներկայացնում, երբ ունի բացարձակ անկախ տեսակետ եւ, զուգահեռաբար, փնտրում է մարդկության առաջ կանգնած հավերժական հարցերի պատասխանները: Նման բարդ խնդիրներ մեր արվեստագետների առաջ դրված չեն: Սակայն դա չի խանգարում, որ երկրի նախագահն առատաձեռնորեն մրցանակներ, կոչումներ եւ շքանշաններ շնորհի նրանց: Որոնք, ի դեպ, ընդունվում են առանց դիմադրության:

Հայ ժամանակակից շոու-բիզնեսը եւս ունի բազում «վաստակավորներ» ու «ժողովրդականներ»: Բացի այն, որ շոու-բիզնեսի հայ աստղերը, որպես կանոն, բացարձակ անկախ չեն մտածում, իսկ հաճախ ընդհանրապե՛ս չեն մտածում, նրանց ամենեւին չեն հետաքրքրում նաեւ իրենց ունկնդիրներին հետաքրքրող հավերժական հարցերի պատասխանները (ինչո՞ւ է երգիչը պարզունակ, ինչո՞ւ է համոզված, որ հանդիսատեսը հիմար ու անճաշակ է, եւ այլն): Հասկանալի է, որ զանգվածային մշակույթի առաջ կանգնած չեն հավերժության եւ ինտելեկտի հետ կապված հարցեր: Զանգվածային մշակույթին դրանք անգամ հակացուցված են: Սակայն այն հետաքրքրությունը, որն ունի «պաշտոնական Երեւանը» նման միջոցառումներից մեկի` «Եվրատեսիլի» հանդեպ, անգամ տարօրինակ է թվում:

Հավանաբար ձեզնից շատերն են դիտել շաբաթօրյա «Հայլուրը»: Շաբաթ, «Եվրատեսիլի» եզրափակչի օրը, «Հայլուրն» իր գրեթե ողջ եթերը նվիրեց այդ մրցույթին: Փոքրիկ ռեպորտաժ հայ խաղաղապահների մասին, ռեպորտաժ Սանկտ Պետերբուրգից (այնտեղ բացվում էր բեւեռախույզ Արթուր Չիլինգարովի կիսանդրին), եւ էկրանին արդեն գեղեցկուհի Եվա Ռիվասն էր: Վարսահարդարի սենյակից նա հարդարում էր իր շքեղ, երկար մազերն ու անկեղծորեն հետաքրքրվում հեռուստադիտողներից. «Դե՞, ինչպե՞ս եք այդտեղ` Հայաստանում` առանց ինձ»: Հեռուստադիտողների մեծ մասի պատասխանը, թե Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ այստեղ վատ է թե՛ Եվա Ռիվասի հետ, թե՛ առանց նրա, հեռավոր Օսլո, կարծես, չհասավ: Քիչ անց էկրանին արդեն Ջիվան Գասպարյանն էր: Նա վստահ էր. «Մենք լավագույնն ենք, մեր երգն ու շոուն արժանի են առնվազն երկրորդ տեղին»:

Սակայն Օսլոյի հետ ուղիղ կապը միակը չէր: Անմիջապես ուղիղ կապ հաստատվեց նաեւ Հ1-ի տաղավարներից մեկի հետ, ուր հեռուստադիտողներին էր սպասում ոչ այլ ոք, քան Խորեն Լեւոնյանը: Ի դեպ, նա վարում է Հ1-ի գրեթե բոլոր հաղորդումները` բացի «Հայլուրից», եւ խաղում է բոլոր ֆիլմերում` բացի «Բարեւ, ես եմ»-ից, քանի որ այդ ժամանակ չէին հասցրել ծնվել ո՛չ ինքը, ո՛չ, առավել եւս, Հրաչ Քեշիշյանը:

Կարճ ասած` էկրանին Հ1-ի տաղավարն էր: «Հա՛-յա՛ս-տա՜ն, Հա՛-յա՛ս-տա՜ն»,- գոչում էին հայ պատանիները` խլացնելով «Հայլուրի» բարեկիրթ հաղորդավարի եւ Խորեն Լեւոնյանի ձայները: «Հայլուրի» տեխնիկական հնարավորություններն անսահմանափակ են. անմիջապես հաստատվեց հաջորդ ուղիղ կապն, այս անգամ` Կարապի լիճ: Այստեղ եւս հայ պատանիների մի մեծ խումբ էր. աղաղակների լեյտմոտիվը նույնն էր` «Հայաստանն այս տարի անպայման հաղթելու է», «Եվա՛, մենք քեզ հետ ենք»: «Հայլուրի» բարեկիրթ հաղորդավարը շարունակում էր մեղավոր ժպտալ: Պատանիների ոգեւորությունը հասկանալի էր: Սակայն, որքան հասկանալի էր պատանիների ոգեւորությունը, նույնքան անհասկանալի էր, թե ինչու «Հայլուրի» տեսախցիկն այդպես էլ չֆիքսեց, որ Կարապի լճի հարեւանությամբ, Ազատության հրապարակում, նստած են ընդդիմության ակտիվիստները, ում ակնկալիքները կախված են ամենեւին ոչ Եվա Ռիվասից: Այդ մարդիկ ունեն խիստ տրամաբանական պահանջներ` դադարեցնել խոշտանգումները Բանակում եւ Ոստիկանությունում, ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ վերաբացել «Ա1+»-ը: Ընդ որում, այս պահանջների կատարումը Հայաստանի միջազգային հեղինակության վրա անհամեմատ բարենպաստ կանդրադառնար, քան «Եվրատեսիլին» մեր մասնակցուհու չինարի հասակը եւ շոուի վրա ծախսված աստղաբաշխական գումարները: Հատկապես որ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, «Եվրատեսիլին» շոուները, դեկորացիաները ձգտում են մինիմալիզմի: Մրցույթին այս տարի հաղթած գերմանուհու համարը եւս դրա ապացույցն է: Եվ, առհասարակ, որքան էլ ամեն տարի մեր երգը համարվում է առաջատարների ցանկում, որքան էլ հեռուստատեսությամբ հայ աստղերն առանց կարմրելու քարոզում են` քվեարկել ոչ թե սիրելի մասնակցի օգտին, այլ նրա, ով ֆավորիտ չի համարվում, միեւնույն է` եվրոպացիները հայերիս (նաեւ ադրբեջանցիներին եւ, որոշ առումով, նաեւ վրացիներին) պարզապես չեն նկատում: Այդ մասին են վկայում մեր մասնակցի օգտին ամեն տարի տրվող ձայները: Դրանք, մեկ բացառությամբ, 7-10-րդ տեղերն են, եւ այդպես էլ պետք է լիներ. ինչպես մենք չենք ընկալում իրենց բարեմասնությունները կարճ եւ փայլուն վարտիքով ծածկած լիտվացիներին, այնպես էլ նրանք չեն ընկալում մեր երաժշտությունն ու ծիրանի կորիզի հարեւանությամբ, քարին դուդուկ հնչեցնող քեռի Ջիվանին:

Սակայն վերադառնանք «Հայլուրին»: «Հայլուրի» ավարտից հետո «Եվրատեսիլի» խնդիրը համառորեն շարունակում էր հետապնդել մեր գլխավոր հեռուստաընկերությանը: …Որովհետեւ եթերում դարձյալ պետք է քննարկվեր «Եվրատեսիլի» թեման: Ավելորդ է ասել, որ մահու չափ ձանձրացրած այս թեմայով ասելիքն իրեն վաղուց սպառել է: Բացի այդ, այս տարի Եվա Ռիվասի հաջողությունը բացառապես նրա արտաքին տվյալների հետ կապող մեր աստղերը բոյկոտել էին եւ չէին մասնակցում «Եվրատեսիլին» նվիրված Հ1-ի հաղորդումներին: Բայց Հ1-ի հնարավորություններն, ինչպես նշվեց, անսահմանափակ են, եւ պեղվել էին մարդիկ, ովքեր Եվա Ռիվասին չէին նախանձում, ավելի՛ն, նրան չէին ճանաչում: 21-ն անց 30-ից մինչեւ ժամը 24-ը եթերային ժամանակն այդպես անխնա վատնել, երբ հասարակությանն այսօր ամենեւին այլ հարցեր են հուզում, նշանակում է մեկ բան. Հայաստանի բնակչության մտավոր հատկությունները գոնե Հ1-ում լուրջ կասկածներ են առաջացրել: Ամեն դեպքում, կարող եմ պնդել, որ կասկածները չափազանցված են…