Մեր լեզուն մեր թշնամին է

31/05/2010

Ստորեւ ներկայացվողը մտացածին բանավեճ է ոչ մտացածին կերպարների միջեւ: Հումորից զուրկ անձանց խորհուրդ չի տրվում կարդալ:

Լրագրող – Եվ այսպես, այսօր քննարկելու ենք «Լեզվի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» հայտնի նախաձեռնությունը: Ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության վերաբերյալ: Խնդրեմ, պարոն Զուրաբյան, սկսենք ձեզնից:

Լեւոն Զուրաբյան
– Ժողովրդին շեղելու հերթական ձեւն է: Ապաշնորհ իշխանության հերթական փորձն անփառունակ ձախողումներից շեղելու համար: Այս նախաձեռնությունից ես Քոչարյանի վերադարձի ճանապարհ եմ տեսնում:

Լրագրող
– Բայց ինչպե՞ս:

Լեւոն Զուրաբյան
– Եթե դուք չեք տեսնում, ուրեմն ռեժիմին ծառայող լրագրող եք, եւ Ձեր հարցերը գրել են նախագահականում…

Արտաշես Գեղամյան
– Տո շատ էլ լավ են արել: Եթե լսենք Լեւոնենց, իշխանության նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ թշնամանալու ենք սաղ աշխարհի հետ, է եթե թշնամանալու ենք, լավ չի՞ անգլերեն ու ռուսերեն լավ իմանալ, թշնամու լեզուն պետք է լավ իմանալ: Սա Սերժ Ազատիչի հեռատեսության մասին է խոսում:

Արամ Աբրահամյան
– Գիտեք, ես իրավունք չունեմ ասելու` լավ է, թե վատ, ճիշտ է, թե սխալ, օգտակար է, թե վնաս, Բախ է, թե Օֆենբախ, մութ է, թե լույս, ազգային է, թե ապազգային, բայց իմ համեստ կարծիքով` պետք է լսել եւ աջերին, եւ ձախերին, եւ կենտրոնամետներին, չնայած մեր երկրում դրանք պայմանական են:

Կարապետիչ
– Կենտրոնամետը պայմանական չի, մենք ՀԱԿ-ի ու Դաշնակցության նման կեղծ պայմաններ չենք դնում, ոչ էլ «Ժառանգության» նման սպասում ենք, որ պայմանները թելադրեն ամերիկացիք:

Սուրեն Սուրենյանց
– Ես շատ սկզբունքային եմ եւ իմ սկզբունքներով համաձայն եմ ՀԱԿ-ի հետ: Բայց վա՞տ կլինի, եթե մեր երեխաները մանկուց անգլերեն սովորեն եւ, ասենք, քաղբանտարկյալ բառն անգլերենով էլ ասեն:

Եվա Ռիվաս
– Էփրիքոթ սթոուն:

Ներսես Երիցյան – Մի գաղտնիք բացեմ: Սա մեր հանճարեղ PR քայլն է, ծիրանը պետք է դարձնել համաեվրոպական ծառ, իսկ առանց անգլերեն չի լինի: Վերջիվերջո, ո՞վ օտարալեզու կոնյակը փոխարինեց արբունով:

Կարապետիչ – Ազգի դիմաց ենք խոսում, պարոն Ներսիսյան, մի քիչ կոռեկտ…

Վազգեն Մանուկյան – Լավ, լավ, տեսեք, այս Ռիվասը երգում է անգլերեն, սովորել է ռուսական դպրոցում եւ ներկայացնելու է Հայաստանը:

Կարապետիչ – Հա, շատ նման է Հանրային խորհրդին…

Հրանուշ Հակոբյան
– Գիտեք, մենք պետք է փայփայենք մեր մայրենի ոսկեղենիկի անաղարտությունը եւ օտարազգիների ուշադրությունը պետք է հրավիրել այդ անաղարտության վրա: Իշխանության այս հանճարեղ որոշումը թույլ կտա ապագայում անաղարտությունը համաշխարհային լեզուներով ներկայացնել:

Հրանտ Մարգարյան
– Ժողովուրդը հոգնել է, ժողովուրդը զզվել է էս անարդարություններից, հիմա էլ ուզում են էս անարդարություններն անգլերենով անել, պահանջում ենք Աշոտյանի հրաժարականը: Հելնենք Սասուն, մտնենք Վան, շուտ հեռացիր Աշոտյան…

Լեւոն Զուրաբյան – Տեսա՞ք, Դաշնակցության դեմքը էլի պատռվեց:

Արտաշես Գեղամյան
– Տո շատ էլ լավ արեց: Դաշնակցությունը դեմք ունի` պատռում է: Իսկ ո՞րն է Ձեր դեմքը, հարգելի Լեւոն Լեւոնի Զուրաբյան….

Լեւոն Զուրաբյան – Խնդրում եմ կոռեկտ, իմ հայրանունը Լեւոն չի:

Արտաշես Գեղամյան – Եթե խնդրում եք, Լեւոն ջան:

Լեւոն Զուրաբյան
– Ոչ, պահանջում եմ:

Արտաշես Գեղամյան
– Ուրեմն Լեւոն Լեւոնի Զուրաբյան:

Լեւոն Զուրաբյան – Խնդրում եմ կոռեկտ:

Արտաշես Գեղամյան – Եթե խնդրում ես, Լեւոն ջան:

Լրագրող – Անձնական վեճի մի վերածեք:

Արտաշես Գեղամյան
– Չէ, Լեւոն Զուրաբյանի հետ չեմ, իսկական Լեւոնին եմ ասում: Ձեռքերդ հեռու պահի, թող մեր հարգարժան Եվա Սամվելի Ռիվասը հանգիստ երգի ու հաղթի, հենց անգլերենով…

Րաֆֆի Հովհաննիսյան
– Մեծ ունեզրկման, հայրենազրկման, հայրենադավության, ընչազրկման…

Կարապետիչ – Ձեր անգլերենով մեզ մի վախեցրեք, պարոն Հովհաննիսյան:

Ահարոն Ադիբեկյան – Մենք հարցումներ ենք արել, ժողովրդի հիսուն տոկոսը կողմ է անգլերենին, իսկ մյուս հիսուն տոկոսը դեմ է ընդդիմությանը:

Լեւոն Զուրաբյան
– Ուրեմն մյուս հիսուն տոկոսը կողմ է ընդդիմությանը:

Ահարոն Ադիբեկյան – Ոչ, կողմ է անգլերենին, տեսնո՞ւմ եք, ընդդիմությունը էլի սխալ է հաշվում:

ՀԱԿ-ի «Փոքրիկ մաշտոցներ» գնդի ակտիվիստներ – Ո՛չ անգլիացմանը, ո՛չ ռուսացմանը, ո՛չ ֆրանսիացմանը:

Խաչիկ Ասրյան
– Ովքեր դեմ են օտարալեզու դպրոցներին, սյունյաց անգլիախոս արծիվների ngo-ն այսօրվանից հայտարարում է դավաճաններ:

Բորիս Նավասարդյան
– Երեւանի մամուլի ակումբը հունիսի 2-ից օգոստոսի 6-ը հրավիրում է բոլորին Ծաղկաձոր` քննարկելու այս հույժ կարեւոր խնդիրը….

Պետրոս ՂԱԶԱՐՅԱՆ