Ավարտվեց «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթը, որի հաղթող դարձավ դպրոցահասակ, գլամուրային կերպարանքից զուրկ գերմանուհի Լենան` «Արբանյակ» երգով: Նրան հաջորդեցին թուրքական ռոք խումբն ու ռումինական դուետը: Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը (Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյանը) զբաղեցրեց
7-րդ հորիզոնականը: Օսլոյում գտնվող մարդիկ նշում են, որ այս տարվա երգի մրցույթն անցնում էր ակնհայտ հայ-ադրբեջանական գովազդային հակամարտության մթնոլորտում: Նորվեգիայում ներկա մեր զրուցակիցներն ասում էին, որ երկու երկրների «PR» ակցիաները կարելի էր համեմատել հիպնոսի հետ: Երգչուհիներն ու երգչուհիներին սատարող խմբերն անընդհատ նշում էին, որ հենց իրենք են հաղթելու: Ռոստովցի Եվա Ռիվասն, օրինակ, հենց այն պահից սկսած, երբ հայրենական նախընտրական փուլում համարվեց հաղթող, հայտարարեց, որ գնում է Օսլո միայն առաջին տեղի համար: Իսկ ադրբեջանուհի Սաֆուրան ներկայանում էր ոչ միայն լավ երգով, այլեւ` որպես ամենաթանկարժեք զգեստն ունեցող անձը: Նրա շրջազգեստը զարդարում էին Սվարովսկու բյուրեղներն ու մի քանի լամպերը, որոնք ապահովում էին փայլը: Իսկ Եվա Ռիվասի փայլն ազգային կահ-կարասին ու ագրարային թեման էր (մասնավորապես՝ ծիրանի կորիզի խնամքն ու հետագայում՝ ծառի աճը): Իհարկե, չհաշված երգուհու բարձր հասակն ու երկար մազերը: Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ` ադրբեջանական իշխանությունները 20 մլն դոլար են փոխանցել իրենց դեսպանատներին` գովազդ իրականացնելու ու ձայներ հավաքագրելու համար: Հայաստանը ներկայացնող երգչուհու պրոդյուսերները նույնպես բավականին խոշոր գումարներ են ծախսել (ինչն, իհարկե, մրցույթի մասնակից կողմ հանդիսացող «Հ1»-ին միայն ձեռնտու է): Եվա Ռիվասը Օսլոյում իրեն շատ վստահ էր պահում (որպես, ասենք` համաշխարհային փոփ-կուռք):
«Եվրատեսիլն», իհարկե, լուրջ մրցույթ չէ, սակայն նրա ընթացքին հետեւելը բավականին ուշագրավ գործ է, մանավանդ, որ մրցույթի հեռարձակումը միշտ հանրային ուշադրության է արժանանում: Քննարկվում է պետությունների կշիռը (դե, Գերմանիան հիմա միակ եվրոպական երկիրն է, որը քիչ է տուժել ֆինանսական ճգնաժամից ու հաջորդ տարի կարող է հյուրընկալել մրցույթը` առանց պետական բյուջեին մեծ վնաս հասցնելու), երգերի որակը, կատարողների կերպարները, բեմականացման մեսիջը: Եվ ստացվում է, որ այս տարի հաղթեց մինիմալիստական, սակավաբյուջե գերմանական երգի բեմականացումը (կատարողն էլ մանկամիտ կերպարանք ունեցող աղջիկ էր), իսկ էկզոտիկ, էթնո տարրերը կամ դիզայներական հնարքներն արդեն արդիական չեն: Հիմա շահեկան է պարզությունն ու բնական հմայքը: Ինչը, սակայն, հատուկ չէ ո՛չ մեզ, ո՛չ էլ մեր հարեւաններին: Մենք սիրում ենք ճոխ, պաթետիկ, ենթատեքստային շոուներ անել: Սակայն մեր ենթատեքստերը միշտ չէ, որ հասկանալի են լինում օտարի աչքի համար: Թեեւ մեր «Ծիրանի կորիզը» լավ բալլադ էր: