Միայն Ղարաբաղի հետ

28/05/2010

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած սկզբունք եւ նախագիծ պետք է մշակվի ղարաբաղյան կողմի հետ»,- ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` անդրադառնալով հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքներին եւ ԼՂ անվտանգության գոտու շրջանները Ադրբեջանին հանձնելու «բանաձեւին» վերաբերող հարցին: «Ոչ միայն Մադրիդյան սկզբունքները, այլ նաեւ բոլոր նրանք, որոնք վերամշակվում եւ փոխանցվում են հակամարտող կողմերին, միշտ էլ կթվան մշուշոտ եւ ոչ հստակ՝ միայն այն պատճառով, որ նրանք չեն վերամշակվել մեզ մետ միասին: Մենք հարգում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, շատ շնորհակալ ենք նրանց, կարծում եմ, որ այսօրվա հարաբերական խաղաղությանը մենք հասել ենք այդ թվում՝ նաեւ նրանց աշխատանքի շնորհիվ: Բայց, հարգելով այդ առաքելությունը, մենք միաժամանակ ասում ենք. հակամարտության կարգավորման ցանկացած սկզբունք կամ նախագիծ պետք է մշակվի մեզ հետ: Որպեսզի կյանքի կոչվեն դրանք, անհրաժեշտ է նաեւ ամեն փուլում ԼՂՀ-ի համաձայնությունը, քանի որ արդյունքում անհամաձայնությունն առաջացնում է լուրջ խնդիրներ»,- ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե տեղեկություններ են տարածվել ադրբեջանցի փախստականների ավելի շուտ վերադարձի մասին, եւ պատրա՞ստ է նրանց ընդունել ղարաբաղյան հանրությունը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ խնդիրը պետք է քննարկել համալիր: «Եթե խոսում ենք ադրբեջանցի փախստականների մասին, ապա չպետք է մոռանանք կես միլիոն հայերի մասին, որոնք ստիպված լքել են իրենց հայրենի բնակավայրերը կամ բռնի տեղահանվել են այնտեղից: Այդ իսկ պատճառով վերադարձի հարցը կոնկրետ է, եւ միայն ադրբեջանցի փախստականները չեն կարող մեր կողմից ընդունվել: Մենք պատրաստ ենք քննարկել փախստականների հարցն ամբողջ փաթեթով, այսինքն` հաշվի առնելով նաեւ հայ փախստականների շահերը»,- ասել է նա: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների լրջության մասին հարցին, Բակո Սահակյանն ասել է, թե գլխավոր պատճառը, որ այսօր ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններում որեւէ արդյունք չկա, Ադրբեջանի քաղաքական ղեկավարության մոտ կառուցողականության բացակայությունն է: «Հարցը լրջության մեջ չէ: Հարցը Ադրբեջանի քաղաքական ղեկավարության մոտ կառուցողականության բացակայությունն է: Երկար ժամանակ ադրբեջանական կողմը ցուցադրում է պրիմիտիվ վարքագիծ: Մեր կարծիքով, դրա պատճառներից մեկն էլ Ղարաբաղի չմասնակցելն է բանակցություններին, ինչի հետեւանքով բանակցային գործընթացում արդյունքներ չկան»,- ասել է նա` ավելացնելով, որ Ադրբեջանի նման վարքագիծը որեւէ դեպքում չի կարող օգնել խնդրի կարգավորմանը: «Դրա համար մենք մշտապես կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին ու մեզ հետ երբեմն շփվող կազմակերպություններին, որպեսզի նրանք օգտագործեն բոլոր միջոցները, որ Ադրբեջանը փոխի չարդարացված ագրեսիվ կեցվածքը: Նման վարքագիծը չի կարող մեծացնել բանակցային գործընթացի արդյունավետությունը»,- ասել է Բ. Սահակյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիան արդեն մեծ հաշվով խառնվում է հարցին, Բ. Սահակյանը հայտարարել է, որ Թուրքիայի գործոնը միշտ առկա է եղել տարածաշրջանում: «Անկարայի մասնակցությունը տարածաշրջանային հարցերին տարբեր ժամանակ տարբեր բնույթ է ունեցել: Այսօր Թուրքիան առավել ակնհայտ հավակնում է Ղարաբաղի խնդրի բանակցային գործընթացին ուղղակի մասնակցություն ունենալ: Դա, իհարկե, անթույլատրելի է մեզ համար: Մենք չենք թաքցնում, որ Թուրքիայի մասնակցությունը միայն կբարդացնի գործընթացը: Այդ պատճառով մենք անհրաժեշտություն չենք տեսնում նրա մասնակցության ու ձեւաչափի փոփոխության համար, բացի բանակցային սեղանի շուրջ մեր վերադարձից: Վերջիվերջո, հարկ է հարգել բուդապեշտյան գագաթաժողովը, որի ժամանակ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է բանակցային գործընթացի լիարժեք կողմ»,- ասել է ԼՂՀ նախագահը: