Երկակի չափանիշներ

28/05/2010

Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, թե կազմել է օտարերկրյա քաղաքացիների «սեւ ցուցակ», որտեղ ընդգրկել է Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած մարդկանց: Ադրբեջանը պատրաստվում է այսուհետ արգելել նրանց մուտք իրենց երկիր: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ` ԼՂ-ում դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային դիտորդների նկատմամբ նման խիստ արձագանքը ցույց է տալիս, որ այսօր Ադրբեջանը պատրաստ չէ հակամարտության կարգավորմանը փոխզիջումների հիման վրա: «Իրոք, եթե նման ազդեցիկ պետությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Սլովակիայի, Չեխիայի հետ Ադրբեջանը խոսում է ուլտիմատումի ու պատժի լեզվով, ապա պատկերացնում եմ` ինչ կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, եթե այն նորից գտնվի Ադրբեջանի իրավասության ներքո»,- ասել է Ստեփան Գրիգորյանը` նկատելով, թե պաշտոնական Բաքվի այդ դեմարշը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի քաղաքական ու այլ իրավունքների ճանաչմանը: «Իսկ նրանց հայտարարությունները` հայերին բարձր մակարդակի ինքնավարություն տալու պատրաստակամության մասին, ոչ այլ ինչ են, եթե ոչ քարոզչություն միջազգային հանրության միամիտ ներկայացուցիչների համար»,- հայտարարել է քաղաքագետը: Ս. Գրիգորյանի փոխանցմամբ` Ադրբեջանի նման վարքագիծը կարելի էր հասկանալ միայն մի դեպքում. եթե Ադրբեջանի արտգործնախարարությունն արգելեր Թուրքիայի այն քաղաքացիների ու խորհրդարանի պատգամավորների մուտքն իր տարածք, ովքեր դիտորդական առաքելություն են իրականացրել վերջին հինգ տարում Կոսովոյում անցկացրած ընտրությունների ժամանակ, ինչպես նաեւ մերժեր Թուրքիայի փոխարտգործնախարարի մուտքը Ադրբեջան, ով 2009թ. այցելել է Աբխազիա: «Հակառակ դեպքում, Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից բարձրացված այս աղմուկը կոչվում է քաղաքական երկակի չափանիշներ»,- ասել է Ս. Գրիգորյանը: