Քաղաքապետն ընդդեմ ռուսական զորքի

27/09/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս օրերին հերթական սկանդալի մեջ է
հայտնվել: Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի
հրամանատարներից Լեոնիդ Տրոֆիմենկոն օրերս ոստիկանության Գյումրիի բաժնում
հայտարարություն էր տվել այն մասին, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան
Ղուկասյանը ռուս զինծառայողների հետ վիճաբանության ժամանակ իր մոտ եղած
ատրճանակից կրակոց է արձակել:

Դեպքի վերաբերյալ փորձեցինք մանրամասներ իմանալ հենց Գյումրիում: Մեր
աղբյուրների վկայությամբ, օգոստոսի 24-ին ժամը 20-ի սահմաններում
վիճաբանություն էր տեղի ունեցել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ
ռազմաբազայի զինծառայողների եւ կենտրոնական զբոսայգում տեղակայված
Գյումրիի քաղաքապետի եղբորը պատկանող «Օազիս» սրճարանի երաժշտական
պատվերներ ընդունողի միջեւ: Ռուս զինծառայողներից Իսմայիլ Կուրդանովը մի
քանի անգամ անընդմեջ նույն երգն է պատվիրել: Սակայն սրճարանի երաժշտական
պատվերներ ընդունողը հրաժարվել է կատարել նրա խնդրանքը` պատճառաբանելով,
որ իրենք ունեն հստակ ծրագիր եւ չեն կարող շեղվել դրանից: Արդյունքում
նրանց միջեւ թունդ վիճաբանություն է ծագել, որը վերածվել է քաշքշուկի:
Տեղի ունեցածին միջամտել է այդ պահին սրճարանում գտնվող Գյումրիի
քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր մերձավոր շրջապատով: Մեր աղբյուրների
վկայությամբ, ռուս զինվորականների եւ քաղաքապետի մերձավոր շրջապատի միջեւ
տեղի է ունեցել ծեծկռտուք: Եվ տեսնելով, որ կրքերը գնալով թեժանում են, ու
հարբած ռուսներին դիմակայելն անհնար է, Վարդան Ղուկասյանն իր մոտ գտնվող
ապօրինի ատրճանակից երկու անգամ անկանոն կրակոցներ է արձակել:
Բարեբախտաբար, կրակոցներից ոչ ոք չի տուժել: Միայն Գյումրիի փոխքաղաքապետ
Մովսես Ջուհարյանը, որ ծեծկռտուքի ժամանակ փորձել էր բաժակով հարվածել
ռուս զինծառայողներին, կտրել է իր ձեռքը:

Միջադեպի կապակցությամբ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարներից
Լեոնիդ Տրոֆիմենկոն ոստիկանությունում կատարվածի վերաբերյալ
հայտարարություն էր տվել: Այստեղ նախապատրաստված նյութերն ուղարկվել են
Շիրակի մարզային դատախազություն՝ գործին հետագա ընթացք տալու համար: ՀՀ
Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, նախաքննական մարմինը պարտավոր
է հանցագործության մասին հաղորդում ստանալուց հետո 10-օրյա ժամկետում
որոշում կայացնել քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին:
Գյումրիում տեղի ունեցած միջադեպից անցել է արդեն շուրջ մեկ ամիս, սակայն
մինչեւ հիմա Շիրակի մարզային դատախազությունում քրեական գործ չի
հարուցվել: Մարզի դատախազ Դավիթ Սարգսյանն ասում է, որ իրենց մոտ առայժմ
նյութեր են նախապատրաստվում: Դատախազության աշխատակիցներն արդեն
բացատրություններ են վերցրել գործով անցնող բոլոր անձանցից: Այլ
մանրամասնություններ պարոն Սարգսյանը հրաժարվեց հայտնել: Տեղի ունեցած
միջադեպի մասին չի ուզում խոսել նաեւ Լեոնիդ Տրոֆիմենկոն, պատճառաբանելով,
որ դրա համար անհրաժեշտ է իր ղեկավարության թույլատրությունը: Իսկ ահա
Գյումրիի քաղաքապետարանից կտրականապես հերքում են տեղի ունեցածը: Կրակոցի
վերաբերյալ փաստը հերքում է նաեւ «Օազիս» սրճարանի տնօրեն, Գյումրիի
քաղաքապետի եղբայր Գեւորգ Ղուկասյանը: Մեզ հետ հեռախոսազրույցում նա ասաց,
որ սրճարանում ոչ մի կրակոց էլ չի եղել, այլ քաղաքապետն ընդամենը փորձել է
հանդարտեցնել իրար հետ վիճաբանող հարբած ռուս զինվորներին, ինչն էլ ի
վերջո նրա մոտ ստացվել է: Թեեւ նախաքննական մարմնին տված
բացատրություններում ու ցուցմունքներում ռուսները շարունակում են պնդել,
որ քաղաքապետն իրենց հետ վեճի եւ ծեծկռտուքի ժամանակ զենք է օգտագործել: