Փաստաթուղթ է պատրաստում

28/05/2010

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության փոխարինող անդամ Զարուհի Փոստանջյանը մի փաստաթուղթ է պատրաստում, որը հանձնելու է բոլոր այն պատգամավորներին, ովքեր ստորագրել են Ադրբեջանի պատվիրակության ներկայացրած այն փաստաթղթի տակ, ըստ որի` Հայաստանում քրդեր են սպանել, եւ Հայաստանն աստիճանաբար դառնում է մոնոէթնիկ երկիր: «Այդ փաստաթղթում ես ներկայացնելու եմ տեղեկատվություն, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, վիճակագրություն մեր երկրում բնակվող էթնիկ խմբերի մասին, ինչպես են հարգվում Հայաստանում փոքրամասնությունների իրավունքները, ինչ է տեղի ունեցել Ադրբեջանում»,- երեկ հայտարարել է Փոստանջյանը: Ըստ նրա` ՀՀ պատվիրակությունը բավականին պասիվ գործունեություն է ծավալում, ինչի պատճառով էլ ստեղծվում ու բավականին հեղինակավոր պատվիրակների կողմից ստորագրվում են ոչ հայանպաստ փաստաթղթեր: «Համարժեք հակահարված պետք է տանք, պետք է լինենք նախաձեռնող»,- հավելել է պատգամավորը: