Տոնական ելույթ

28/05/2010

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե չի կասկածում, որ երկրի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի: Մայիսի 28-ը Ադրբեջանում եւս նշվում է որպես Հանրապետության օր։ Նախօրեին մայրաքաղաք Բաքվի «Բուտա» պալատում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում Իլհամ Ալիեւը ծավալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Խորհրդային Միության փլուզումից դեռ տարիներ առաջ հայ անջատողականների նախաձեռնած զավթողական քաղաքականության արդյունքում ադրբեջանական հողերի մի մասը հայտնվել է օկուպացիայի տակ: Դա մեր երկիրը ծանր վիճակի մեջ էր դրել: Մենք, ըստ էության, կարող էինք կորցնել անկախությունը,- ասել է Ալիեւը` ավելացնելով,- Սակայն Ադրբեջանի ժողովուրդը` դրսեւորելով իրեն բնորոշ իմաստնությունը, դիմեց համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւին` նրան վստահելով քաղաքական իշխանությունը: Նրա գալստյամբ բացասական միտումները կանխվեցին, հաստատվեց կայունություն, եւ Ադրբեջանը թեւակոխեց զարգացման փուլ»: Ալիեւը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որակել է՝ որպես երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիր: Նա ասել է, որ սկզբունքային հարցերում իր երկիրը ոչ մի զիջում չի արել. Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի, միջազգային կառույցների ընդունած որոշումների եւ բանաձեւերի վրա, եւ Ադրբեջանն ամեն ինչ կանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: «Հակառակ կողմի` Հայաստանի, դիրքորոշումը հիմնված է ցանկության վրա, ինչը որեւէ պարագայում չի կարող հակամարտության կարգավորման հիմք լինել»,- ասել է Ալիեւը եւ կրկին վստահեցրել, թե ի տարբերություն պաշտոնական Երեւանի` Բաքուն ընդունում է Մադրիդյան սկզբունքները: Նա դատապարտել է մայիսի 23-ին ԼՂ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, ասել է, թե Հայաստանը հույսեր է կապել հայ-թուրքական սահմանի բացման հետ, սակայն թուրքական կողմի սկզբունքային դիրքորոշումը խափանել է հայերի ծրագրերը: Ալիեւը հերթական անգամ հայտարարել է, թե իրենք ձգտում են Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը, սակայն ադրբեջանական բանակը ի զորու է ցանկացած պահի կարճ ժամկետում վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը: