Պահպանել են

28/05/2010

Դեռեւս նախորդ տարվա օգոստոսից ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը անդամակցում է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին: Այն ոչ քաղաքական կառույց է ու զբաղվում է տարբեր երկրներում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներով: Երբ հայտնի դարձավ, որ այդ ինստիտուտին անդամակցելու է նաեւ ԼՂ ներկայացուցիչը, ադրբեջանական կողմը այդ կառույցի կառավարման խորհրդի բոլոր երկրներին հայտնեց իր դժգոհությունը` փորձելով հասնել նրան, որ ԼՂ օմբուդսմենի մասնակցությունը չեղյալ համարվի: Այդ խնդրի քննարկման նպատակով նախօրեին Ավստրիայում կայացել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի կառավարման խորհրդի նիստ, որին մասնակցել է նաեւ խորհրդի անդամ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Վերջինս երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նիստի ընթացքում հնարավոր է դարձել պահպանել ԼՂ ներկայացուցչի մասնակցությունը. «Կարողացանք հասնել այն բանին, որ ադրբեջանցիների ասածը չլինի: Ղարաբաղի օմբուդսմենը էլի մնաց այդ կառույցի անդամ: Բացի այդ, պնդեցինք, որ Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտին հրավիրվեն անդամակցելու բոլոր այն երկրները, որոնք միջազգայնորեն ճանաչում չունեն: Կառավարման խորհրդի բոլոր անդամները պաշտպանեցին մեր դիրքորոշումը, որովհետեւ մարդու իրավունքները քաղաքական խնդիրների հետ առնչություն չունի: ԼՂ-ն դե ֆակտո ճանաչված երկիր է, դե ֆակտո օմբուդսմեն ունի, եւ միջազգային հանրությունը պետք է նրան ճանաչի, որպեսզի կարողանա համագործակցել նրա հետ»: