Քանաքեռ-Զեյթուն. պայքարը շարունակվում է

27/09/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում կիրակի օրը կայացած ընտրությունների
արդյունքներից առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներն էլ դժգոհ
են: Ե՛վ Արայիկ Քոթանջյանը, եւ՛ Վալերի Հարությունյանը միմյանց մեղադրում
են ապօրինություններ կատարելու մեջ: Եվ հիմա, ամենայն հավանականությամբ,
այս համայնքում թաղապետի ընտրության արդյունքներն անվավեր կհամարվեն ու
առաջիկայում վերաքվեարկություն կնշանակվի:

Բանն այն է, որ ըստ թիվ 3 ընտրատարածքային հանձնաժողովի կազմած նախնական
ամփոփիչ արձանագրության՝ անճշտությունների թիվը գերազանցում է առավել թվով
ձայներ ստացած թեկնածուների քվեների միջեւ եղած տարբերությանը:
Ընտրությունների հաջորդ օրը թեկնածուների վստահված անձինք դիմում-բողոքներ
են ուղարկել թիվ 3 ԸԸՀ եւ հիմա, դրանց հիման վրա, այնտեղ ստուգումներ են
անցկացվում: Թիվ 3 ԸԸՀ նախագահ Արարատ Կարապետյանն ու հանձնաժողովի եւս
մեկ անդամ, որը չցանկացավ ներկայանալ, երեկ մեզ առանց որեւէ հիմնավորման,
կոպիտ կերպով մերժեցին ներկա գտնվելու տեղամասերի քվեարկության
արդյունքների ստուգման գործընթացին: Փոխարենը, ԿԸՀ նախագահ Գարեգին
Ազարյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ ընտրությունների
վերջնական արդյունքները պարզ կդառնան ուրբաթ օրը միայն, երբ թիվ 3 ԸԸՀ-ն
ավարտած կլինի տեղամասերի քվեարկության արդյունքների ստուգման գործընթացը
եւ կկազմի ամփոփիչ արձանագրությունը: «Հիմա ինչ-որ բան ասելը վաղ է,
ուրբաթ օրը ժամը 14-ից հետո նոր ԸԸՀ-ն կընդունի համապատասխան որոշում»,-
փոխանցեց պարոն Ազարյանը:

Իսկ թեկնածուների նախընտրական շտաբներում այս օրերին բավական լարված
մթնոլորտ է տիրում: Վալերի Հարությունյանի նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ
«Ժողպատգամավոր» խմբի անդամ Արտյուշա Սիմոնյանը մեզ հետ զրույցում
հայտարարեց, որ ընտրությունների օրը մրցակից թեկնածուի՝ Արայիկ Քոթանջյանի
թիմակիցները ընտրակաշառք են բաժանել, մի շարք տեղամասերում քվեարկել են
մահացած անձանց փոխարեն: Իրենք առաջիկայում պատրաստվում են այդ բոլոր
փաստերը ներկայացնել իրավապահ մարմիններին: «Կան մարդիկ, որ կգան ու
կասեն, թե ով իրենց ինչքան ընտրակաշառք է տվել՝ Արայիկ Քոթանջյանի օգտին
քվեարկելու համար»,- ասում է պարոն Սիմոնյանը: Պարոն Սիմոնյանը նաեւ
հայտարարեց, որ «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն
Արսենյանը թեեւ հանձնաժողովների իրենց տեղերը տվել է Վալերի
Հարությունյանին, սակայն ֆինանսական մեծ օգնություն է ցույց տվել մրցակից
թեկնածու Արայիկ Քոթանջյանին: Բայց անկախ այդ ամենից, նա վստահ է, որ հենց
Վալերի Հարությունյանն է հաղթել ընտրություններում: Իսկ ահա Արայիկ
Քոթանջյանը պնդում է, որ ինքն է հաղթել, եւ վստահ է, որ թիվ 3 ԸԸՀ-ն
վերաքվեարկություն չի նշանակի, թեեւ այդ հանձնաժողովի բոլոր անդամները
Վալերի Հարությունյանի կողմնակիցներն են: «Իսկ եթե «համմերներն» ու
«ջիփերը» մեր «ջորիներից» ու «նիվաներից» վախենալու բան ունեն, թող
վախենան, ես միայն զարմանում եմ, թե այդ դեպքում նրանք ոնց են ուզում
դառնալ թաղապետ,- ասում է Արայիկ Քոթանջյանն ու ավելացնում,- ՄԱԿ-ը
հանձնաժողովի իր տեղերն ամբողջովին Վ. Հարությունյանին է տվել, իսկ ես
Գուրգեն Արսենյանին երբեւէ չեմ հանդիպել: Ուղղակի չի կարելի այդքան
ուտող-ուրացող լինել»: Արայիկ Քոթանջյանի պատմելով, 3/5 տեղամասում
քվեարկության արդյունքների հաշվարկից հետո տեղամաս է եկել Վալերի
Հարությունյանի որդին ու ՏԸՀ նախագահին ստիպել, որ ամփոփիչ արձանագրության
մեջ անճշտությունների թիվը գրի 140, որպեսզի ԸԸՀ-ն վերաքվեարկություն
նշանակի: Հանձնաժողովի նախագահ Նունե Հովսեփյանը թեեւ կնքել է ամփոփիչ
արձանագրությունը, սակայն հրաժարվել է դրա տակ ստորագրել ու հիվանդ
ձեւանալով մի կերպ դուրս է եկել տեղամասից: Արձանագրության տակ
ստորագրելուց հրաժարվել են հանձնաժողովի եւս երկու անդամներ՝ Ռաֆիկ
Չալյանն ու Անդրանիկ Սուքիասյանը: Եվ դրանից հետո երկար ժամանակ Արայիկ
Քոթանջյանին հրաժարվում են տալ այդ տեղամասի արձանագրությունը: Արայիկ
Քոթանջյանի պատմելով, երբ ԸԸՀ-ում հետո ստուգում են այդ տեղամասի
քվեարկության արդյունքները, պարզվում է, որ անճշտությունների թիվն էապես
նվազել է: «Անճշտությունների թիվը 140-ից դարձավ 7, Վալերի Հարությունյանի
ձայները 562-ից դարձան 512, իսկ մեր ընդհանուր ձայների տարբերությունը
ավելի շատացավ՝ 84-ից դառնալով 132»,- ասաց պարոն Քոթանջյանը: