Իտալացի դրամատուրգ, դերասան, բեմադրիչ, նկարիչ, Նոբելյան մրցանակակիր Դարիո Ֆոյի «Ազատ զույգ» ներկայացումը երեւանյան հանդիսատեսը հնարավորություն ունի դիտել ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանի մեկնաբանությամբ:
Թեեւ այս ներկայացման դեպքում «դիտում» բառի օգտագործումը սխալ է, քանի որ հանդիսատեսը միայն դիտող չէ, այլեւ գործողության մասնակիցն է, կամ, ավելի ստույգ ասած` գործողության դրդողը:
Իմպրովիզացիոն հիմք ունեցող այս ներկայացումը ճյուղավորվում ու շեղվում է` հետեւելով հանդիսատեսի ռեակցիային: Իր ներկայացումը անվանելով «կաֆե-թատրոն»` բեմադրիչը նշում է. «Եթե այս պիեսը բեմադրվեր` հաշվի առնելով, որ հանդիսատեսն անշարժ նստելու է աթոռներին, ապա այն դասախոսության պես բան կդառնար: Իսկ մենք ավելի ազատ ոճ ընտրեցինք»:
Պիեսի հիմքում միջին տարիքը բոլորած ամուսնական զույգն է, որը խորը հոգեբանական ճգնաժամ է ապրում: Ամուսինն ուզում է ազատության գաղափարը ընտանիքին հարմարեցնել (զուգընկերուհիներ փոխելով), իսկ կինը տառապում է: Սակայն որոշ ժամանակ տառապելով, նա ընդունում է ընտանեկան շոուի օրենքներն ու հետեւելով ամուսնու օրինակին՝ սկսում է իրեն ազատ զգալ ընտանեկան կապանքներից: Եվ այդ պահից սկսվում են ամուսնու տառապանքները: Նման «դեմոկրատական» ընտանեկան դրվածքը երկար տեւել չի կարող, քանի որ հանգում է պարադոքսի. ամուսնական զույգը կարող է միայն մի կողմից ազատ լինել, այլապես երկկողմանի ազատ քամին` միջանցիկ քամու է նմանվում, որն էլ սրբում-տանում է ամեն բան: Ինչպես ցունամին:
«Ազատ զույգը» բնավ էլ դրամա չէ, այլ կատակերգություն է, ամեն վայրկյան փոփոխվող դիմանկարներով լի ֆարս, որտեղ ինքնասպան լինելու ցանկությունն անգամ ծիծաղաշարժ ֆորմա է ստանում, եւ որտեղ մանրուքները (ասենք՝ պատուհանի գոգին դրված ծաղկամանը կամ սիրեկան ֆիզիկոսի կատարած երգերի բառերը) ոչ պակաս կարեւոր են, քան սյուժեն: Իհարկե, պատրիարքալ ընտանիք ունեցող Հայաստանի համար «ազատ զույգի» թեման դժվար է արդիական համարել: Դե, մենք միշտ էլ ամուր ընտանիք ենք ունեցել ու գիտակցել ենք, որ ընտանիքն «ամրոց» է, որը խարխլելն, ամեն դեպքում, ցանկալի չէ: Սակայն այս ներկայացման մեջ կոլաժային սկզբունքով ներառվել են այսօրվա մեր իրականության դրվագները, որոնք միասին շատ հետաքրքիր են ներկայացվում: Կան եւ սերիալները, եւ համացանցային երգերը, եւ հայրենի «մարշրուտկաները», եւ գեղեցկության սրահների կնանման ոճաբանները, որոնք մանրամասն մշակված, դիպուկ կերպարներ են ծնում: Դերասաններ Նարինե Գրիգորյանը, Սերգեյ Թովմասյանն ու Արթուր Նազարյանը խաղում են իրենց դերերը մերթ՝ մոռանալով հանդիսատեսի մասին, մերթ` ուղղակիորեն դիմելով նրանց: Կարող են, ասենք` նստել հանդիսատեսի սեղանի մոտ, գինի կամ հյութ ըմպել, կամ «որսալով» հանդիսատեսի ռեպլիկները` նոր սյուժետային գիծ զարգացնել: Նման ճկուն ոճը թույլ է տալիս դերասաններին շատ արագ կերպարանափոխվել` պարբերաբար գործող անձերից վերածվելով ունկնդրի: Եվ հետո արդեն հանդիսատեսի շնորհիվ լիցքավորված` խաղն առաջ տանել: Ն.Գրիգորյանն, օրինակ, անվարան ասում է, որ այդ իմպրովիզացիոն մոդելը իրեն շատ է օգնում: «Միշտ ավելի լավ է, երբ արձագանք կա, այդպես ավելի հետաքրքիր է աշխատել»,- ասում է նա:
Մեր թատրոնի համար դա նորույթ է, քանի որ խորհրդային տարիների թատրոնը միշտ «չորրորդ պատի» գոյություն (այսինքն` հանրային միայնություն) էր ենթադրում, իսկ այս ներկայացման մեջ շատ գրագետ օգտագործվում է պատի պատրանքային կառուցվածքը: Եթե հանդիսատեսն ուզի` պատը կքանդվի, եթե ոչ` ներկայացումը պատնեշված կշարունակվի: Կարեւորն այն է, որ պատի ետեւում պատմություն է պատմվում եւ կա «ամուր» սյուժե, որը թույլ չի տալիս դերասաններին «լողալ» ու «խեղդվել» իմպրովիզացիայի մեջ:
Ս.Մելիք-Հովսեփյանի ձեռագիրը կարեւոր առանձնահատկություն ունի. ռեժիսորը շատ է սիրում իր դերասաններին: Նա դերասաններին հանձնում է հենց այն տարածքը, որտեղ նրանք լավագույնս կարող են դրսեւորվել (ոչ պակաս, ոչ էլ ավելի), եւ հետո հաճույքով հետեւում է նրանց աշխատանքին: Դա նկատելի էր եւ «Հորաքույրը եւ ես» բեմադրության մեջ (որտեղ փայլում էր Գեորգի Հովակիմյանը), դա ցայտուն կերպով նկատվում է նաեւ «Ազատ զույգում», որտեղ «իշխում» է Նարինե Գրիգորյանը: Այդ երիտասարդ դերասանուհին շահեկանորեն տարբերվում է իր կոլեգաներից: Նա կարծես մի առանձին անձ է դերասանական մեր դպրոցում, որի շեշտադրումներն ու պլաստիկան շատ հարուստ են: Նա նույնիսկ չի էլ ձգտում սեքսապիլ կամ պսեւդո-պաթետիկ լինել, եւ կարծես մեծ պատրաստակամությամբ «սուզվում» է սեփական մարմինն ու ձայնը (այսինքն` դերասանի գործիքները) «կոտրելու», ձեւափոխելու, դերի հետ ձուլվելու համար: Նարինե Գրիգորյանը բախտի բերմամբ կամ էլ գիտակցված ու համառ աշխատանքի շնորհիվ կարողացել է դուրս գալ սովետական «շկոլայի» շտամպներից: Եվ նրան հաստատ մեծ ապագա է սպասում, քանի որ նա այն եզակի դերասաններից է, որոնց մասին ասում են` «խելացի»:
«Ազատ զույգում» բոլոր դերասաններն են լավը: Եվ ներկայացման ազատ ոճը միանգամից ընդգծում է նրանց թույլ եւ ուժեղ կողմերը: Այդ պիեսը հաճախ բեմադրվող կլասիկա չէ, ոչ թե տարածում ստացած «նոր դրամա», այն իսկապես ընտանեկան շոու է, ազատ քննարկում, սեփական մտքերի ազատ «մերկացում»:
Դարիո Ֆոն երկար տարիներ շրջիկ թատրոն է ղեկավարել, որտեղ միահյուսել է «կոմեդի դել արտեի», քաղաքական պլակատային քարոզչական թատրոնի ու ֆարսի տարրերը: Ս. Մելիք-Հովսեփյանն էլ կարծես դանդաղորեն փորձում է իր «շրջիկ» թատրոնը ստեղծել:
Համենայնդեպս, հիմա նա թափառական ռեժիսորի կարգավիճակում է: Նրա բեմադրած 4 ներկայացումները («Սերյոժիկ», «Հորաքույրը եւ ես», «Ազատաբարո» եւ «Ազատ զույգ») ներկայացվում են տարբեր թատրոններում ու հարթակներում: Ընդ որում` հարթակները հաճախ թատրոնից դուրս են լինում: Մոբիլ կառուցվածք ունեցող այդ ներկայացումները շատ հարմարավետ են իրենց զգում հատկապես փոքր ակումբային անկաշկանդ հարթակներում:
«Իհարկե, ես կցանկանայի շարունակաբար աշխատել, այսինքն` կարողանայի հստակ գրաֆիկով դերասանների հետ փորձեր անցկացնել, բեմ ունենալ, սակայն միեւնույն ժամանակ՝ չեմ ուզում այսօրվա թատերական համակարգի մեջ մտնել: Համակարգը պահանջում է հարմարվել որոշ բաների հետ, որոնց հետ հարմարվել չեմ կարող: Իսկ եթե մտար, ուրեմն պիտի հարմարվես, քանի որ թատրոններն իրենց կարգուկանոնը, ձեւն ու պահանջներն ունեն: Հիմա մենք հիմնականում ցրված ենք աշխատում, փորձում ենք «պահել» դերասաններին ու նրանց վարձատրել, ինչը հաճախ ձգձգումների պատճառ է դառնում»,- ասում է Ս. Մելիք-Հովսեփյանը, ում ներկայացումները սովորաբար ինտերնետային քննարկումների առիթ են հանդիսանում: Ի դեպ, ոմանք նրա թատրոնը հեղափոխական են համարում` վստահ լինելով, որ մեր թատրոնում հեղափոխականն ու որակյալը հոմանիշներ են դարձել: