Համոզիչ գրել են

26/05/2010

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` երեկ պատասխանելով հարցին, թե ինչ է պատրաստվում անել 2008թ. Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների ներկայացրած վերջին զեկույցում բերված փաստերի առնչությամբ, ասել է. «Անկեղծ ասած, տվյալ դեպքում մեր անելիքը չգիտեմ, բայց այդ հարցով այսօր պաշտոնապես զբաղվում է ԱԺ Պետաիրավական հարցերով հանձնաժողովը: Կարծում եմ` ճիշտ կլիներ, որ այդ հանձնաժողովը ուսումնասիրեր նաեւ այդ զեկույցը, որովհետեւ, հիշում եք` ԵԽ ԽՎ վերջին բանաձեւերից մեկում նշված էր, որ Փաստահավաք խմբի անդամները կարող են նաեւ առանձին ներկայացնել իրենց զեկույցները, եւ կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ այդ հանձնաժողովն անդրադառնար դրան, ուսումնասիրեր եւ իր կարծիքը ներկայացներ, նաեւ ընդգրկեր իր գործունեության մեջ»:

Արմեն Հարությունյանը նաեւ հայտարարել է. «Ես ասեմ ձեզ՝ բավականին համոզիչ գրել են, եւ համապատասխան պետական կառույցները պետք է դա քննության առնեն, բայց մի կողմի գրածը բավարար չէ, որպեսզի ես` որպես իրավաբան, ասեմ` համոզի՞չ է, թե՞ ոչ, որովհետեւ պետք է դա բազմակողմանի ուսումնասիրել: Բայց որ դա պետք է լրացուցիչ խթան հանդիսանա այդ հարցերը մեկ անգամ եւս ուսումնասիրելու համար, համոզված եմ, որովհետեւ դա մեզ բոլորիս է պետք»: