«Ժառանգություն» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում շուտափույթ ստեղծել Հայոց պետականության դեմ միջազգային կառույցներում առկա մարտահրավերները կանխելու եւ դրանց արդարացի լուծում տալու համար Համակարգող խորհուրդ: Համաձայն հայտարարության` հիշյալ խորհուրդը պետք է բաղկացած լինի ՀՀ-ի եւ ԼՂ-ի
ԱԺ-ների համապատասխան խորհրդարանական մշտական հանձնաժողովների անդամ-պատվիրակներից, ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներից: «Ժառանգությունն» անթույլատրելի է համարում միջազգային կառույցներում «հակահայկական բանաձեւերի ընդունումը»` դրանց թվում նշելով Եվրախորհրդարանի լիագումար նիստում վերջերս ընդունված թիվ 2216 բանաձեւը, որի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գնահատականները եւ կոալիցիան ներկայացնող պատգամավորների ելույթները «վկայում են, որ գործող իշխանությունը բոլորովին չի տիրապետում տարածաշրջանում տեղի ունեցող հակահայ գործընթացներին եւ հիմնավորապես զուրկ է դրանց վրա ազդելու ունակությունից»: «Միջազգային տարբեր կառույցներում թուրք-ադրբեջանական տանդեմի գործունեությանն անթույլատրելիորեն համակերպված մեր կառավարության ներկայացուցիչների եւ կոալիցիայի պատգամավորների անտարբերությունն ու անգործությունը ժամանակի ընթացքում լուրջ սպառնալիք են դառնում հայ ժողովրդի համար եւ կարող են անդառնալի կորուստներ պատճառել հայկական 2 պետությունների տարածքային ամբողջականությանը, համազգային կենսական շահերին, ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում ապրող ու արարող բնակչության անվտանգությանը»,- ասված է հայտարարության մեջ: