Սազանդարների գովաբանած «իմաստուն քաղաքականության» արդյունքը

26/05/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Եվրոպական խորհրդարանի ընդունած 2216 բանաձեւը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ արտաքին քաղաքականության, Հայաստանի միջազգային հեղինակության վրա: Կամ արդյո՞ք դա ինչ-որ ակնարկ է ԼՂՀ կարգավորման գործընթացի առումով:

– Այդ բանաձեւը բացահայտեց այն բոլոր վտանգավոր միտումները, որոնք վերջին շրջանում առկա են Հայաստանի արտաքին քաղաքականությունում, ու որոնց մասին հնչած ահազանգերը մնացել են ձայն բարբառոյ անապատի: Մեկ օրինակ միայն, որի մասին մամուլում գրեթե չի խոսվել: Որպես ուղիղ հետեւանք՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անփառունակ գործընթացում հայկական կողմի կոպիտ սխալների, այս փաստաթղթում «ԵՄ ռազմավարության վերաբերյալ» բաժնում 39-րդ կետով Եվրախորհրդարանը «վերահաստատում է, որ Ռուսաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ դիրքորոշումները կարեւոր դեր են կատարում Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման համար»: Փաստորեն, արդեն եվրոպական կառույցներն են սկսում ճանաչել Թուրքիայի կարծիքի կարեւորությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Եվ սա դեռ սկիզբն է: Կարելի է բերել մի շարք այլ հատվածներ ընդունված բանաձեւից, որոնք կվկայեն, որ բանաձեւի ընդունման ողջ գործընթացում եղել է «խաղ մեկ դարպասի վրա» (արտահայտությունը հատուկ ֆուտբոլային դիվանագիտության սիրահարների համար է, այն հույսով, որ գոնե ֆուտբոլային արտահայտություններն ինչ-որ չափով հասկանալի կլինեն): Իսկ այդ գործընթացը, ինչպես վկայում են Եվրախորհրդարանի փաստաթղթերը, եղել է տեւական: Բանաձեւի նախագիծը պատրաստվել է դեռեւս 2009թ. հոկտեմբերի 20-ին: Այս տարվա հունվարին այն արդեն եղել է Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ապրիլի սկզբին քննարկվել է այդ հանձնաժողովում: Այսինքն, զգալի ժամանակ կար տեղյակ լինելու համար, որ նման բանաձեւ է պատրաստվում, եւ աշխատելու համար, որ այն գոնե չունենա կոպիտ սխալներ: Սակայն ոչինչ չի արվել: Ավելին, պատասխանատու ուժերն ու անձերը, ինչպես միշտ, վազում են իրադարձությունների հետեւից եւ արդարանալու ճիգեր գործադրում: Անգամ բանը հասել է այնտեղ, որ արտգործնախարարը Եվրախորհրդարանին սկսել է բացատրել Եվրոպական Միության քաղաքականությունը Հարավային Կովկասում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ոմանք ասում են, որ բանաձեւը պարտադրող ուժ չունի: Իհարկե, բայց երբ ժամանակին Եվրախորհրդարանը ճանաչեց Ցեղասպանությունը կամ Արցախի վերաբերյալ բարենպաստ փաստաթուղթ էր ընդունում, ոչ ոք չէր ասում, որ այդ փաստաթղթերը միայն խորհրդատվական նշանակություն ունեն: Ոմանք էլ մեղադրում են բուլղարացի զեկուցող Եվգենի Կիրիլովին: Բայց «մոռանում» են, որ ընդունված փաստաթուղթն այլեւս ոչ թե Կիրիլովի, այլ Եվրախորհրդարանի փաստաթուղթն է: Իհարկե, Կիրիլովի ադրբեջանամետ եւ թուրքամետ դիրքորոշումները վաղուց են հայտնի` դեռ երբ ԵԽ ԽՎ-ում Բուլղարիայի պատվիրակության անդամ էր: Բայց դա պետք էր իմանալ այն ժամանակ, երբ նա զեկուցող էր նշանակվում, եւ խափանել այդ նշանակումը: Ավելի ուշ պետք էր գոնե հիմնավոր փաստարկներով փոփոխություններ ներկայացնել հանձնաժողովին ԱԺ եւ Եվրախորհրդարանի համատեղ հանձնաժողովի մյուս կողմի անդամների միջոցով կամ այլ խողովակներով, Եվրախորհրդարանի այն պատգամավորների միջոցով, ովքեր, մինչ այդ կատարված աշխատանքի շնորհիվ, պատրաստ կլինեին աջակցել հայկական կողմի ջանքերին: Կարելի է նշել բազմաթիվ այլ քայլեր, որոնք պետք է արվեին անհրաժեշտ աշխատանքի առկայության պայմաններում:

– Ովքե՞ր են «մեղավոր» այդ բանաձեւի ընդունման համար, արդյո՞ք ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուները, դեսպանները, համապատասխան հանձնաժողովներն ու պատվիրակները եթե լավ աշխատեին, հնարավոր կլիներ կանխել այդ բանաձեւի ընդունումը, կամ գոնե ընդունվեր հնարավորինս մեղմ տարբերակով:

– Ես դատավոր չեմ, որ մեղավորներին որոշեմ: Սակայն պատասխանատուները հայտնի են: Իհարկե, կարող եք վստահ լինել, որ եթե Արտգործնախարարության եւ ԱԺ համապատասխան կառույցներն անհրաժեշտ աշխատանքն անեին, նման տխուր պատկեր չէր լինի: Ցավոք սրտի, Հայաստանում վերջին երկու տարիներին բացակայում է մասնագիտական աշխատանքը: Շատ պաշտոնյաներ ու «քաղաքական» գործիչներ զբաղված են սոսկ ցուցամոլությամբ, պոռոտախոսությամբ, իշխանությունների գովքով եւ անհաջողություններում ուրիշներին մեղադրելով, մոռանալով, որ ստացվող արդյունքներն իրենց աշխատանքի գնահատականն են: Լավագույն դեպքում անիծում են թուրքերին, ադրբեջանցիներին ու նրանց համակիրներին: Երբ մի երկրում ամեն օր ակումբից ակումբ, եթերից եթեր խումբ-խումբ վազող սազանդարները անամոթաբար գովաբանում են հիմնովին տապալված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի «իմաստուն քաղաքականությունը», այլ բան դժվար է սպասել: Ինչ վերաբերում է նման փաստաթղթերի ընդունման կանխման հնարավորությանը, ապա կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել ԵԽ ԽՎ-ում 2003-2007թվականների աշխատանքից, երբ ամենադժվարին հարցերում անգամ շարունակական եւ հետեւողական աշխատանքը հնարավորություն է տվել հասնել արդյունքների: Նրանք, ովքեր ուզում են արդյունքների հասնել, կգտնեն հարյուր հնարավորություն, նրանք, ովքեր պարզապես ուզում են արդարանալ` հարյուր պատրվակ:

– Երբ Դուք այդ ժամանակ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարն էիք, ընդունվեց 1416 բանաձեւը: Դուք ժամանակին դա դրական փաստաթուղթ եք համարել, սակայն դա հնարավորություն տվեց այդ կառույցում էլ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման մասին որոշակի քննարկումներ անել կամ ենթահանձնաժողով ստեղծել: Հենց այդ բանաձեւում են ԼՂՀ հարակից տարածքները համարվել «օկուպացված տարածքներ»։

– Նախ՝ պետք է ասեմ, որ ի տարբերություն շատ ուրիշների, ես փաստաթղթերի մասին վերացական հայտարարություններ չեմ անում: Եվս մեկ անգամ պետք է կրկնեմ, որ պետք է կարողանալ փաստաթղթերը կարդալ եւ հասկանալ, ինչը Հայաստանում հազվադեպ բան է: Ինչ վերաբերում է 1416 բանաձեւին, ապա այն, բացի վերջին երկու թվից, համեմատության ոչ մի եզր չունի 2216 բանաձեւի հետ: Ավելին, 1416 բանաձեւը միջազգային կազմակերպությունների ընդունած միակ փաստաթուղթն է, որտեղ երկրորդ կետում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է անջատվել Ադրբեջանից խաղաղ ճանապարհով, ժողովրդի կամքի ազատ, ժողովրդավարական արտահայտությամբ: Հենց այդ բանաձեւի ընդունման արդյունքում Մինսկի խմբի շրջանակներում ինքնորոշման իրավունքն առաջին անգամ ճանաչվեց որպես հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը եւ ներառվեց փաստաթղթերի մեջ: Ինչ վերաբերում է քննարկումներին: Որեւէ մեկը չի կարող արգելել միջազգային կազմակերպություններին քննարկելու այս կամ այն հարցը, այդ թվում՝ եւ հակամարտությունների, առավել եւս, երբ հակամարտություններն այս կամ այն կերպ առնչվում են անդամ երկրներին: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քննարկվել են, այն էլ ոչ մեկ անգամ, Կոսովոյի, Աբխազիայի, անգամ Պաղեստինի հարցերը: Միայն տգետները եւ քննարկումներում անկարող վիճակում հայտնվող մարդիկ կարող են հոխորտալ, որ չեն թույլ տա քննարկում, սակայն այդպես էլ կմնան ձեռնունայն: Ցավոք, Հայաստանում նման մարդիկ, այն էլ՝ պատասխանատու դիրքերում, շատ են: Չկարողանալով ԵԽ ԽՎ նախագահ ընտրված Չավուշօղլուին պատշաճ պատասխան տալ (պետք էր պարզապես Երեւան չհրավիրել մի մարդու, որն իր երկրի անհարգալից վերաբերմունքը Ցեղասպանության զոհերի նկատմամբ դարձրեց ԵԽ ԽՎ դիրքորոշում), փորձեցին խնդիրը տեղափոխել այլ հարթություն: Այո, 1416 բանաձեւը նախատեսում է ստեղծել ԵԽ ԽՎ ենթահանձնաժողով: ԵԽ ԽՎ նախագահ դառնալուց հետո Չավուշօղլուն մի քանի անգամ հայտարարեց, որ ինքը պետք է գլխավորի այդ ենթահանձնաժողովը: Փոխանակ ուշադիր կարդալու բանաձեւը, հասկանալու համար, թե ինչ ենթահանձնաժողովի մասին է խոսքը, եւ Չավուշօղլուին հասկացնելու, որ ԵԽ ԽՎ նախագահը չի կարող գլխավորել այն եւ չի կարող ենթահանձնաժողովը օգտագործել իր նպատակների համար, ոմանք սկսեցին անհեթեթ դատողություններ անել այդ ենթահանձնաժողովի մասին: Անհեթեթությունը հասավ այնտեղ, որ անգամ հայտարարություններ եղան, թե այդ ենթահանձնաժողովի միջոցով խնդրի կարգավորման գործընթացը դուրս կբերվի Մինսկի խմբի շրջանակներից եւ կտեղափոխվի այլ կազմակերպություն: Մինչդեռ, կարդալով 1416 բանաձեւը, գրագետ մարդիկ կտեսնեին, որ ԵԽ ԽՎ-ն ոչ միայն գնահատում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, կոչ է անում մեծացնել կողմերի ակտիվությունը Մինսկի խմբի շրջանակում` խնդիրը լուծելու համար, այլեւ սահմանում է ժամանակավոր այդ ենթահանձնաժողովի նպատակը: Ըստ բանաձեւի 5-րդ կետի, ենթահանձնաժողովի համար Վեհաժողովը սահմանել է միայն մեկ նպատակ: Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունները ԵԽ ԽՎ-ում պետք է ամեն տարի ներկայացնեն զեկուցում, թե ինչ են արել իրենց երկրները խնդրի կարգավորման համար: Ակնհայտ է, որ որեւէ մեկն իրավունք չունի ենթահանձնաժողովն օգտագործել այլ նպատակների համար: Թեեւ փորձեր արվել են: 2005-2007թթ. ԵԽ ԽՎ Քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի պատվիրակության անդամ Աթեշը բանաձեւի ընդունումից հետո փորձեց գլխավորել ժամանակավոր ենթահանձնաժողովը, ապա, անհաջողության մատնվելով, ԵԽ ԽՎ յուրաքանչյուր նստաշրջանում փորձում էր իր ղեկավարած հանձնաժողովի գերակայությունը հաստատել ժամանակավոր ենթահանձնաժողովի վրա, բայց ամեն անգամ ձախողվում էր, քանի որ բանաձեւի եւ ԵԽ ԽՎ կանոնակարգի հիման վրա ապացուցվում էր, որ ինքը որեւէ լիազորություն չունի ժամանակավոր ենթահանձնաժողովի աշխատանքների մեջ «քիթը խոթելու»: Ավելին, այդ ընթացքում ակտիվ աշխատանք էր կատարվում՝ նախ, որ ենթահանձնաժողովը գլխավորի ԵԽ ԽՎ անդամ, որը չի փորձի նման ոտնձգություններ անել, եւ ապա` ենթահանձնաժողվի նախագահ, հանգուցյալ Ռասըլ Ջոնսթոնի հետ են շարունակական հանդիպումներ եղել, եւ 2005-2007թթ. մենք ոչ մի խնդիր չենք ունեցել այդ հանձնաժողովում: Հետեւաբար՝ անհրաժեշտ աշխատանքի առկայության դեպքում, ժամանակավոր ենթահանձնաժողովը հնարավոր չի լինի դուրս բերել իր լիազորությունների շրջանակից եւ օգտագործել այլ նպատակների համար, իսկ նման աշխատանքի բացակայության դեպքում վտանգներ կարող են առաջանալ ու առաջացել են ցանկացած ասպարեզում` ՄԱԿ-ից մինչեւ Մինսկի խումբ: Ինչպես ակնհայտորեն ցույց տվեց Եվրախորհրդարանի 2216 բանաձեւի ընդունումը, ցավոք, այդպիսի աշխատանքը Հայաստանի պատվիրակությունների ու պաշտոնյաների կողմից բացակայում է:

– ԼՂՀ ընտրություններից հետո միջազգային կառույցները, Մինսկի խմբի համանախագահող երկրները հայտարարեցին, որ չեն ճանաչում այդ ընտրությունները: Ի՞նչ եք կարծում՝ դրանք հերթական հայտարարություննե՞ր էին, թե՞, այնուամենայնիվ, որոշակի միտում կար, ինչը պետք է հասկանալ որպես հակամարտության կարգավորման նկատմամբ նրանց ունեցած դիրքորոշումը:

– Բազմիցս ասել եմ, կրկնեմ եւս մեկ անգամ: Հանդես գալով Արցախի փոխարեն, Հայաստանի իշխանությունները փաստորեն չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Ակնհայտ է, որ այդ պարագայում միջազգային կազմակերպությունները եւ համանախագահները չեն ճանաչելու ընտրությունները: Ավելին, վերջին շրջանում համանախագահները շարունակաբար հիշեցնում են, որ ԼՂՀ անկախությունն անգամ Հայաստանը չի ճանաչել: Հետեւաբար, ուրիշներին պահանջներ ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ Հայաստանն ինքն անի անհրաժեշտ առաջին քայլը` ճանաչի ԼՂ ինքնորոշման իրավունքը եւ այլեւս չներկայացնի ԼՂ տեսակետները` դա թողնելով ԼՂՀ ընտրովի մարմիններին: Հայտարարությունները, թե այդ դեպքում Ադրբեջանը կհրաժարվի բանակցություններին մասնակցելուց, հիմնազուրկ են, քանի որ չի կարելի ենթարկվել մյուս կողմի կամայականություններին ու շանտաժին: