«Ադրբեջանն ինքն իրեն փակուղի է մտցրել»

26/05/2010

Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ներքին օգտագործման համար են, եւ դրանց վրա ուշադրություն դարձնել պետք չէ: Այս մասին երեկ Երեւանում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` վստահեցնելով, որ պատերազմը ձեռնտու չէ նաեւ Ադրբեջանին: «Պատկերացրեք` հանկարծ ռազմական գործողությունները սկսվեն: Այդ դեպքում ամբողջ աշխարհին հայտնի կլինի, որ իրենք վաղուց պատերազմ են քարոզել: Իրենք իրենց փակուղի են մտցրել, նրանք 10 տարի հայտարարում են, որ եթե առաջընթաց չլինի, իրենք պատերազմ կսկսեն, սակայն չեն սկսում, եւ հենց դրանով էլ վարկաբեկում են իրենց»,- ասել է նա: Անդրադառնալով մայիսի 23-ին ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններին, Կազիմիրովն ասել է. «Կարծում եմ` ընտրությունները, որոնք կայացան Լեռնային Ղարաբաղում, դրական երեւույթ են, եւ հասկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարներն ընդգծում են ժողովրդավարության կարեւորությունը: Ես հռետորական հարց կտամ. իսկ ի՞նչ է, ավելի լավ կլիներ, եթե այնտեղ ռազմական դիկտատուրա՞ լիներ: Գուցե դա՞ ձեռնտու լիներ միջազգային հանրությանը եւ համանախագահներին: Իհարկե, ոչ»:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին, Կազիմիրովն ասել է, որ այդ մասին խոսել անգամ չարժե, որովհետեւ դեռ բանակցությունների առաջին տարիներին հնարավոր չէր լինում առաջ շարժվել, քանի որ սուր բանավեճ էր ծավալվում ադրբեջանցիների եւ հայերի միջեւ. «Մենք որոշեցինք, որ կհանդիպեն միայն չեզոք երկրները` առանց կողմերի մասնակցության: Եվ Թուրքիան առաջինը հրաժարվեց մասնակցել դրանց: Նրանք չէին ուզում, որ իրենց ընդունեն որպես չեզոք կողմ, նրանք պարզ ցուցադրում էին, որ աջակցում են հակամարտող կողմերից մեկին»,- ասել է Կազիմիրովը: Ըստ նրա` հետագայում, հավանաբար, ինչ-որ մեկը Թուրքիայի «ականջները ոլորեց» եւ հաջորդ հանդիպումից սկսած` նրանք արդեն մասնակցում էին տասնյակի կազմում: «Այսինքն` այստեղ հատկանշականն այն է, որ այն ժամանակ Թուրքիան ինքը հեռացավ չեզոք տասնյակի շրջանակներում անցկացվող հանդիպումներից»,- ընդգծել է ռուս դիվանագետը: