Երեկ Հայաստանի անկախության 14-րդ տարելիցի կապակցությամբ Եռաբլուր են
այցելել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ԱԺ
նախագահ Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ԼՂՀ
նախագահ Արկադի Ղուկասյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ազգային տոնի
կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր շնորհավորական ուղերձն է
հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ուղերձում մասնավորապես նշվում է. «Ռուս եւ հայ ժողովուրդների
բարեկամության դարավոր ավանդույթները, մեր երկրների մտերմությունը եւ
շահերի համապատասխանությունը երկկողմ փոխհարաբերությունների ամուր հիմքերն
են: Ողջունելի է, որ ռուս-հայկական հարաբերությունները դարձել են
ռեգիոնում կայունության եւ անվտանգության կարեւորագույն գործոնը»: